Մատչելիության հղումներ

Ռոք, ջազ եւ բլյուզ` թառի հնչյուններով


Միքայելն իր երաժիշտ ընկերների հետ հաճախ նաեւ հայկական ժողովրդական երաժշտությունն են ջազային մոտիվներով ներկայացնում` վստահ լինելով, որ գոնե այդպես երիտասարդներին կսկսեն հետաքրքրել ժողովրդական գործիքները:

Երբ առաջին անգամ թառահար Միքայել Ոսկանյանը մտավ մայրաքաղաքի երաժշտական ակումբներից մեկը եւ սկսեց թառով ռոք ու ջազ նվագել, ներկաներն այսպես արձագանքեցին:

«Մարդիկ հետաքրքիր տպավորություն ունեցան: Ոմանք ասում էին, որ շատ հետաքրքիր է հնչում, իսկ ավելի ավանդապաշտներն ասում էին, որ պետք չի թառը նման ձեւով մատուցել»,- «Մաքս Լիբերթի»-ի հետ զրույցում ասաց Միքայելը:

Վերջրես երեւանյան ակումբներից մեկում կայացած ռոք համերգին մասնակցության հրավեր էր ստացել նաեւ Միքայելը, ով թառով նվագել է Deep Purple-ի ու Led Zeppelin-ի ստեղծագործություններից:

Միքայելը 2007 թվականին ընկերոջ հետ ստեղծել է 12 երաժիշտներից բաղկացած Colors of Music հայկական էթնիկ-ջազային նվագախումբը: Ազգային նվագարաններից` դուդուկով, բլուլով, դհոլով, քանոնով, զուռնայով նաեւ կիթառով, հարվածային ու փողային մի քանի գործիքներով նվագախումբը հիմնականում երաժշտական ակումբներում եւ փաբերում ներկայանում է ինչպես ռոք, ջազ, բլյուզ, այնպես էլ գործիքային եւ վոկալ կատարումներով:

Միքայելն այս տարի ստեղծել է նաեւ երաժշտական «Միքս արտ» նախագիծ եւ պատրաստվում են նոր ստեղծգործություններ կատարել միայն ակուստիկ գործիքներով, ազգային նվագարաններով:

25 ամյա երաժիշտ-թառահարն արդեն շուրջ 100 երգերի հեղինակ է:

ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետի արվեստաբանության բաժնի շրջանավարտ Միքայելը թառ նվագում է 9 տարեկանից` ոգեշնչված թառահար պապիկով:

Միքայելն ու իր երաժիշտ ընկերները հաճախ նաեւ հայկական ժողովրդական երաժշտությունն են ջազային մոտիվներով ներկայացնում` վստահ լինելով, որ գոնե այդպես երիտասարդներին կսկսեն հետաքրքրել ժողգործիքները:
XS
SM
MD
LG