Մատչելիության հղումներ

Ծառայակիցներին սպանելու մեջ մեղադրվող զինվորը դատապարտվեց ցմահ ազատազրկման


Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի դիրքերից մեկում 2010 թվականի նոյեմբերի 19-ին տեղի ունեցած չորս զինվորների սպանության եւ երեք զինվորների վիրավորելու գործով մեղադրվող զինծառայող Մանվել Հազրոյանը այսօր դատապարտվեց ցմահ ազատազրկման:

Առաջնային բնագծում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպի պատճառը զինվորների միջեւ ծագած վեճն էր:

Ավելի վաղ դատավարության ընթացքում միջադեպի վկաներից մեկի տված ցուցմունքի համաձայն` առաջնագծում հերթապահության ժամանակ կտրվել էր համածառայողներից մեկի ականջակալների լարը, նա էլ ծանր հայհոյանքներ էր տեղացել ականջակալների լարը կտրողի հասցեին: Դեպքից մի քանի ժամ անց Մանվել Հազրոյանը իրեն էր վերագրել այդ հայհոյանքը եւ իրականացրել այդ սպանությունները, ինչը այսօր նա խոստովանեց:

20-ամյա Մանվել Հազրոյանը ծնունդով Հայաստանի Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղից է:

Այս դատական գործով նախագահողն էր Հայաստանի Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Համլետ Դավթյանը:

Ի դեմս Հազրոյանի` Հայաստանում ցմահ ազատազրկման մեջ գտնվողների թիվը հասավ 101-ի:


Լուսինե Մուսայելյան, Ստեփանակերտ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG