Մատչելիության հղումներ

logo-print
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 30-ից մեկնել է կարճատեւ արձակուրդ: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին նախագահի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Սերժ Սարգսյանն արձակուրդն անցկացնում է ընտանիքի անդամների հետ:

Հայաստանի նախագահը իր հանգստի մի մասը անցկացնելու է արտերկրում, սակայն հանգստի վայրի վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվում:

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը արձակուրդում կլինի օգոստոսի 6-ից 16-ը: Խորհրդարանի լրատվական ծառայությունից փոխանցեցին, որ Հովիկ Աբրահամյանը հանգիստը կանցկացնի արտերկրում, կոնկրետ վայրը նույնպես չի հրապարակվում:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանգստի չի մեկնի. նա մնալու է Երեւանում եւ աշխատելու է:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը երեկվանից մեկնել է երկշաբաթյա հանգստի: Վերջինիս խոսնակ Խաչիկ Գալստյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ Ծառուկյանը առաջիկա օրերին հանգիստը ընտանիքի հետ միասին կանցկացնի Արեւմտյան Եվրոպայի մի քանի երկրներում:

«Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը առաջիկա շաբաթներին Հայաստանից չի մեկնի: Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը նախընտրում է հանգիստն անցկացնել ընտանիքի հետ. իսկ ժամանցի տեսակներից նախընտրում է ընթերցանությունը:

Ընդդիմությունն այս ամառը կանցկացնի Հայաստանում:

Մասնավորապես, Հայ ազգային կոնգրեսի ղեկավար, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանգստի չի մեկնի: Կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանի փոխանցմամբ, Լեւոն Տեր-Պետրոսյանը սկսած 1988 թվականից հանգստի չի գնացել: Բացառություն է կազմել 1996 թվականը, երբ իր նախագահության շրջանում մեկ շաբաթ հանգստացել է Սեւանի կառավարական ամառանոցում: Ի դեպ, Լեւոն Տեր-Պետրոսյանը սիրում է զբաղվել այգեգործությամբ, ծառերի աճեցմամբ եւ ընթերցանությամբ:

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր ամառային արձակուրդի մի մասը ընտանիքի հետ կանցկացնի Սեւանում, մի մասը` արտերկրում: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, երկրորդ նախագահը նախընտրում է ակտիվ ժամանցը` նա Սևանում զբաղվում է սերֆինգով եւ լողով:

Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանն էլ ամառը կանցկացնի Հայաստանում: Ինչ վերաբերում է ժամանցի նախընտրությանը` ապա Րաֆֆի Հովհաննիսյանը սիրում է քայլել Հայաստանի քաղաքներով, գյուղերով եւ զրուցել պատահած քաղաքացիների հետ:

Ընդդիմադիր Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը եւս այս ամառ հանգստի չի մեկնելու, մնալու է Երեւանում եւ աշխատելու է: Հարցին, թե ժամանցի ո՞ր ձեւն է նախընտրում, Հրանտ Մարգարյանն ասաց, թե սիրում է ծաղիկներ մշակել, զբաղվել գյուղատնտեսական աշխատանքներով:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG