Մատչելիության հղումներ

Մենենդեսը Ռիչարդոնեին հարցեր է ուղղել Հայոց ցեղասպանության մասին


Սենատոր Ռոբերտ Մենենդես
Սենատոր Ռոբերտ Մենենդես
Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում երեքշաբթի օրը կայացած լսումների ժամանակ հայամետ սենատոր Ռոբերտ Մենենդեսը Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ֆրենսիս Ռիչարդոնեին մի շարք հարցեր է ուղղել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրի շուրջ:

Ամերիկայի հայկական համագումարի հաղորդագրության համաձայն, Նյու Ջերսին ներկայացնող դեմոկրատ սենատորի հարցին ի պատասխան` արդյոք Միացյալ Նահանգները երբեւէ հերքե՞լ է Հայոց
Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ֆրենսիս Ռիչարդոնե

ցեղասպանությունը, Ռիչարդոնեն իր համաձայնությունն է հայտնել Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի կողմից տրված Մեծ Եղեռն (Meds Yeghern) որակմանը:

Այդուհանդերձ, ինչպես իր հաղորդագրությունում ընդգծում է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը, դիվանագետը չի կարողացել ճիշտ արտաբերել այդ բառերը` Meds Yeghern-ի փոխարեն ասելով Yeds Meghern:

Մենենդեսը հարցրել է նաեւ` արդյոք Ռիչարդոնեն անհամաձայնություն ունի՞ Հայոց ցեղասպանության հարցում Բարաք Օբամայի, ինչպես նաեւ ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի եւ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի` որպես սենատորներ պաշտոնավարման շրջանում արտահայտած դիրքորոշման հետ, երբ, հիշեցնենք, նրանք անցյալ դարասկզբին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցածը որակում էին Հայոց ցեղասպանություն եւ քանիցս հանդես են եկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծերի ընդունման օգտին:

Ռիչարդոնեն արձագանքել է, թե անհամաձայնություն չունի իր վերադասների հետ:

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը խուսափողական է որակել հայամետ սենատորի հարցերին դիվանագետի տված պատասխանները:

Ամերիկահայ երկու ազդեցիկ լոբբիստական կազմակերպությունները` Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը եւ Ամերիկայի հայկական համագումարը, ողջունել են Ռոբերտ Մենենդեսին ԱՄՆ-ի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը եւս մեկ անգամ բարձրացնելու համար:

Լսումների ժամանակ Ֆրենսիս Ռիչարդոնեին այլ սենատորների կողմից հարցեր են ուղղվել նաեւ Թուրքիայում կրոնական ազատությունների, հայկական, հրեական, ասորական եւ մյուս փոքրամասնությունների վերաբերյալ:

Դեսպանին կուղղվեն նաեւ գրավոր հարցեր, որոնց պատասխանների ամփոփումից հետո միայն հանձնաժողովը որոշում կկայացնի նրա հաստատման վերաբերյալ: Դա, ըստ Ամերիկայի հայկական համագումարի, տեղի կունենա սեպտեմբերին:

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը անցած տարվա օգոստոսի 3-ին Ռիչարդոնեի թեկնածությանը հավանություն տվել էր, եւ հարցը տեղափոխվել էր լիագումար նիստ: Սակայն հանրապետական սենատոր Սեմ Բրաունբեքը առկախել էր քվեարկությունը` ԱՄՆ-ի վարչակազմին կոչ անելով «վերանայել այս թեկնածությունը»: Նախագահ Օբաման, այնուհանդերձ, անցած տարվա դեկտեմբերի վերջին օգտվելով Սահմանադրությամբ իրեն վերապահված իրավունքից եւ այն հանգամանքից, որ Սենատը արձակուրդում էր, Ֆրենսիս Ռիչարդոնեին նշանակել է Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում:

Քանի որ, ըստ ամերիկյան օրենսդրության, Սենատի շրջանցմամբ նախագահի նշանակած դեսպանները հնարավորություն ունեն աշխատելու մոտավորապես մեկ տարի, եւ այդ ընթացքում դիվանագետների թեկնածությունները պետք է արժանանան Սենատի հավանությանը, հակառակ դեպքում՝ նրանց լիազորությունները դադարեցվում են, Ֆրենսիս Ռիչարդոնեի թեկնածությունը նորից է քննարկվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG