Մատչելիության հղումներ

«Կազանյան հանդիպումից հետո Ադրբեջանում խորացել է հիասթափությունը»


Միջազգային ճգնաժամային խմբի լոգոն
Միջազգային ճգնաժամային խմբի լոգոն
Միջազգային ճգնաժամային խումբը հրապարակել է ամբողջ աշխարհում ընթացիկ եւ պոտենցիալ հակամարտությունների վերաբերյալ իր հերթական` հուլիս ամսվա զեկույցը, արձանագրելով, որ աշխարհում հակամարտությունների մոտավորապես յոթ տասնյակ օջախ կա:

Զեկույցը ոչ մի տեղ իրավիճակի բարելավում չի արձանագրում` այդ սյունակը դատարկ է:

«Վատթարացած իրավիճակներ» խմբում դասված է ութ երկիր, մյուս բոլոր հակամարտությունների շրջանները, այդ թվում` Հայաստանը, Ղարաբաղը, Ադրբեջանը, դասված են «Չփոփոխված իրավիճակներ» խմբում:

Կովկասյան տարածաշրջանում Հայաստանի մասով նշված է, որ երեք կուսակցություններից բաղկացած իշխող կոալիցիայի եւ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի միջեւ քաղաքական բարեփոխումների շուրջ քննարկումների շարք է սկսվել:

Նշված է նաեւ, որ հուլիսի 25-ին պաշտպանության նախարարությունը հայտարարել է Հայաստան - ԱՄՆ համատեղ զորավարժություն անցկացնելու համաձայնության մասին: Նման համատեղ զորավարժություն անցկացվելու է առաջին անգամ:

Ղարաբաղի մասով նշված է, որ Կազանի գագաթնաժողովից նշանակալից առաջընթաց էր ակնկալվում, եւ դրա ձախողումից հետո խորացել է հիասթափությունը եւ հոռետեսությունը հատկապես ադրբեջանական կողմում:

Ադրբեջանի մասին նշված է, որ հուլիսի 4-ին զինված բախում է տեղի ունեցել Ադրբեջանի եւ Իրանի սահմանապահների միջեւ: Ենթադրվում է, որ ադրբեջանցիները պատահաբար անցել են Իրանի տարածք, որի պատճառով բախում է տեղի ունեցել, սպանվել է ադրբեջանցի մեկ սահմանապահ:

Ադրբեջանի ներքաղաքական խնդիրներից նշված է, որ հուլիսին սկսվել են Ադրբեջանի իսլամական կուսակցության ղեկավարի, այլ անդամների, ինչպես նաեւ ընդդիմադիր այլ կուսակցությունների ակտիվիստների դատավարություններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG