Մատչելիության հղումներ

Օգոստոսի 3-ի մամուլ


«Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Երեկվա հանրահավաքը բացառիկ էր նրանով, որ տեղի էր ունենում աննախադեպ շոգի պայմաններում: Ազատության հրապարակում +40 աստիճան էր: Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ, հանրահավաքը վարող Նիկոլ Փաշինյանը հավաքված քաղաքացիներին շնորհավորեց Հայաստանի երրորդ հանրապետության պատմության ամենաշոգ հանրահավաքին մասնակցելու կապակցությամբ. «Օդի ջերմաստիճանը +40 է, բայց մեր հանրահավաքի ջերմաստիճանը 30, 40 անգամ ավելի բարձր է, մեր պայքարի ջերմաստիճանը ավելի բարձր է»: Հանրահավաքի եկած քաղաքացիները միմյանց հետ զրույցներում խոստովանում էին, որ Ազատության հրապարակ գալուց առաջ չէին սպասում, որ տեսնելու են մարդկանց այդպիսի մեծ եւ այդպիսի ակտիվ մասնակցություն: Եվ եթե այս հանրահավաքը մասնակիցների թվով նախորդին գերազանցում էր 20-25 տոկոսով, այս հանրահավաքի էներգետիկան նախորդին գերազանցում էր կրկնակի, եռակի անգամ: Ամառային քաղաքական ակտիվությունը թերեւս վերջնականապես կփակի քաղաքական բայղուշների կողմից տարածվող խոսակցությունները, թե Համաժողովրդական շարժումը մարում է, հանրահավաքների մասնակիցների թիվը նվազում է, քաղաքացիները հուսահատվում են: Սրանք արդեն հնացած խոսակցություններ են»:

«Ժամանակ»-ի մեկնաբանը հռետորական հարց է տալիս. - «Ի՞նչ ունենք այսօր, ի՞նչ ունի այսօր մեր հասարակությունը… Գոյություն ունի ընդդիմություն, որը հետեւողականորեն գնում է դեպի արտահերթ ընտրությունների պահանջի իրականացում: Ունենք իշխանություն, որին Կոնգրեսը բերել է քաղաքական դաշտ, եւ գործող իշխանությունը արդեն իսկ իրեն պարտադրված է զգում հաշվի նստել հասարակության այս ամենագլխավոր պահանջի հետ, եւ այս հարցը երկխոսության օրակարգում է ամրագրված: Ի վերջո, Հայ ազգային կոնգրեսը այս երեք տարվա պայքարի ընթացքում նոր գիտակցություն է ձեւավորել, անցել են կեղծ ընդդիմադիրների, իշխանական մանեւրների ժամանակները… Այլեւս այս աճարարություններով այս հասարակությանը չես զբաղեցնի: Ամեն ինչ շատ հստակ է ու պարզ` մեկ պահանջ ու խնդիր կա այս երկրում, եւ այն պետք է լուծել»:

Քննարկելով կոալիցիա - Կոնգրես երկխոսությունը` «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը հարցնում է. - «Իսկ ի՞նչ է շահում Տեր-Պետրոսյանը, եւ ի՞նչ է շահում նրա գլխավորած Կոնգրեսը: Այս պարագայում առավել ակնհայտ է, որ ՀԱԿ-ը իսկապես ժամանակ է շահում: Ինչի՞ վրա է խարսխվում այդօրինակ ենթադրությունը: Տեսեք, ՀԱԿ-ի լիդերները ու ներկայացուցիչները շարունակ հենց միայն այն են պնդում, թե երկխոսությունը եւ վերջին ամիսների ներքաղաքական զարգացումները բացառապես իրենց գործադրած հանրահավաքային ճնշումների, դրանցից իշխանության վախենալու հետեւանքն են: Այլ կերպ ասած, իրենց համակիրների ընկալման մեջ հետեւողականորեն ամրագրում են այն մտակաղապարը, որ` ա) իշխանությունները վախեցած են կամ վախենում են իրենց ճնշումներից, բ) որեւէ քայլ անում կամ չեն անում բացառապես այդ վախից դրդված, գ) բավական է մի քիչ ուժեղացնել ճնշումը, եւ իշխանությունը տեղի կտա, նույնիսկ «սկուտեղի վրա» ՀԱԿ-ին կառաջարկի վերցնել իշխանությունը»:

«Հրապարակ»-ը զրուցել է Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Սեպտեմբերին սպասե՞նք հանրահավաքների»: Պատասխան. - «Այո, մոտավորապես որոշել ենք, որ սեպտեմբերի 20-25-ին կսկսվեն «Ազգային ճակատի» հանրահավաքները: Մենք համախմբելու ենք մեր շուրջը բոլոր ազգային առողջ ուժերին, որովհետեւ մենք մենակ մեր վրա չենք ստանձնում որեւիցե մի պատասխանատվություն: Մենք համարում ենք, որ բոլոր այն ուժերը, որոնք ցանկանում են, որ հայ ժողովուրդը ապրի պատշաճ, կարող են միանալ մեզ: Թե չէ այսօր բոլորն ասում են, որ ժողովրդի մասին են մտածում, ազգային են, չգիտեմ ինչ են: Բայց իրականում փող են աշխատում, փող են սարքում: Ով չգիտի, որ այսօր արդարություն չկա: Արդարությունը այսօր բռնաբարված է: Մենք իրական արժեքների համար ենք պայքարելու: Մենք այսօր միակ ուժն ենք, որը չի դավաճանելու իր սկզբունքներին: Մեր պահվածքը միշտ նույնն է եղել, մենք երբեք չենք մոնղոլացել»:

Lragir.am-ը գրում է. - «Մոսկվայի նոր քարոզչական գրոհի էությունը հետեւյալն է` եթե կողմերը չեն ընդունում ՌԴ նախագահ Մեդվեդեւի առաջարկները, ապա հնարավոր է պատերազմի վերսկսում: Ստացվում է տպավորություն, որ Մոսկվան ամեն անգամ առաջարկում է այնպիսի փաստաթուղթ, որն անընդունելի է հակամարտության կողմերից մեկի համար: Ինչու է Մոսկվային անհրաժեշտ պատերազմը: Ռուսաստանը անխուսափելիորեն կորցնում է Կովկասը, չնայած Հայաստանում նրան է պատկանում ողջ ենթակառուցվածքը, տնտեսությունը, քաղաքական համակարգը, ինչպես նաեւ տեղակայված է ռազմական բազան, ինչպես նաեւ` Ղարաբաղյան կարգավորման «բանալին», ինչում համոզված են Մոսկվայում եւ Երեւանի քաղաքական շրջանակներում: Կովկասը չկորցնելու համար Ռուսաստանին անհրաժեշտ է զորք մտցնել հակամարտության գոտի, մանավանդ Ղարաբաղի` Իրանի հետ սահմանակից տարածքները: Ըստ էության, Ղարաբաղյան խնդիրը մինչ օրս չի լուծվել նաեւ այն պատճառով, որ Արեւմուտքը թույլ չի տալիս ռուսական ռազմական դոմինանտությունը հետկարգավորման շրջանում: Փաստացի, իր նպատակն իրագործելու համար միակ ելքը մնում է պատերազմը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG