Մատչելիության հղումներ

logo-print

ՀԻՄԱ երիտասարդական նախաձեռնությունը պնդում է, որ Ռուսաստանի Դաշնության միգրացիոն ծառայության «Համերկրացիներ» ծրագիրը անօրինական է եւ պետք է փակվի:

«Համերկրացիներ» ծրագիրը, որը հնարավորություն է տալիս հայ ընտանիքներին տեղափոխվել Ռուսաստանի հեռավոր շրջաններ եւ բնակություն հաստատել` ընդունելով ՌԴ քաղաքացիություն, գրանցված չէ Արդարադատության նախարարության պետռեգիստրի բազայում:

Ծառայությունը գործում է 2007 թվականից, գրասենյակներ ունի Հայաստանի տարբեր մարզերում: Եվ արդեն 1000-ից ավելի մարդիկ այս ծրագրի շրջանակներում տեղափոխվել են Ռուսաստանի հեռավոր տարածաշրջաններ Ալթայ, Կամչատկա, Պրիմորյե, Տյումեն:

Հայաստանում ՌԴ միգրացիոն ծառայության պետի տեղակալ Ալեքսանդր Կանդեեւը տարեսկզբին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել էր. - «Ծրագրի 3.5 տարվա գործունեության ընթացքում մեկնել է ընդամենը 1172 մարդ»:

Ծրագրին մասնակցող հայ ընտանիքները պետք է հրաժարվեն ՀՀ քաղաքացիությունից եւ ընդունեն ՌԴ քաղաքացիություն: Այնտեղ նրանց կտրամադրեն համապատասխան աշխատանք եւ նույնիսկ որոշ մարզերի վերաբնակիչներին կվճարեն գումար` նախնական շրջանում ոտքի կանգնելու համար:

ՀԻՄԱ երիտասարդական նախաձեռնության անդամները օրերս հանդես են եկել դրանք փակելու կոչով: Նրանք միաժամանակ պնդում են, որ իրենց պայքարը եւ պահանջը հակառուսական միտվածություն չունեն, պարզապես գրասենյաների առկայությունը հակասում է ՀՀ օրենքին:

Նախաձեռնության անդամ Նարեկ Բաբայանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր ասաց. - «Նրանց գործունեության հիմքը ՌԴ համապատասխան օրենքն է, սակայն, ՀՀ համապատասխան ոչ մի օրենք գոյություն չունի»:

ՀԻՄԱ-ի երիտասարդները պնդում են, որ ՌԴ միգրացիոն ծառայության գրասենյակները Հայաստանում անօրինական են, քանի որ բացակայում է դրանց գործունեության իրավական հիմքը:

Նախաձեռնության անդամները դիմել են նաեւ Հայաստանի արտաքին գործերի նախարարություն, եւ փոխնախարար Շավարշ Քոչարյանից ստացել են պաշտոնական պատասխան, թե ՌԴ միգրացիոն ծառայության հայաստանյան ներկայացուցչությունը գործում է 1997 թվականի օգոստոսի 29-ին ստորագրված եւ 1999 թվականի մարտին ուժի մեջ մտած համապատասխան համաձայնագրի հիման վրա:

Սակայն, ըստ այդ համաձայնագրի 1-ին հոդվածի` այն տարածվում է Ռուսաստանից Հայաստան վերաբնակվող ՀՀ քաղաքացիների եւ Հայաստանից Ռուսաստան վերաբնակվող ՌԴ քաղաքացիների վրա:

Հիշեցնեմ` վերջերս Վարչապետ Տիգրան Սարգսյանը Օշականում մտավորականների հետ հանդիպման ընթացքում ասել էր. - «Մենք մեր ռուս գործընկերների ուշադրությունը հրավիրել ենք այս հանգամանքի վրա, որ Հայաստանի Հանրապետությունում այդ ծրագիրը այդ ստանդարտներով չի կարելի իրականացնել, եւ այս խնդիրը դառնալու է միջպետական մակարդակով քննարկումների առարկա: Արձանագրվել է մեր հանդիպման ժամանակ, եւ մենք պետք է քաղաքական մակարդակում այս խնդիրը լուծենք»:

Ծրագիրը միջպետական մակարդակով քննարկելուն ՀԻՄԱ-ն դեմ է:

Ռուսաստանի Դաշնության միգրացիոն ծառայությունը հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ իրենց գործունեության վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG