Մատչելիության հղումներ

Ստեղծվել է «Քաղբանտարկյալներ» հասարակական կազմակերպություն


Մյանիկ Մալխասյանը դատարանի դահլիճում: Հունիս, 2009 թ.

Մյանիկ Մալխասյանը դատարանի դահլիճում: Հունիս, 2009 թ.

Հետընտրական իրադարձություններից հետո տարբեր մեղադրանքներով կալանավորված, ազատազրկված մի խումբ ընդդիմադիրներ հիմնադրել են «Քաղբանտարկյալներ» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն:

Նախաձեռնող խմբի հիմնադիր ժողովը տեղի է ունեցել անցած շաբաթ օրը: Հաստատվել է կազմակերպության կանոնադրությունը, ձեւավորվել է խորհրդի կազմը, նախագահ է ընտրվել Մյասնիկ Մալխասյանը:

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մյասնիկ Մալխասյանը, հիշեցնենք, ոստիկանություն բերման էր ենթարկվել է 2008 թվականի մարտի 2-ին: Նա մեղավոր էր ճանաչվել զանգվածային անկարգություն կազմակերպելու համար, դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման, համաներմամբ ազատ է արձակվել 2009 թվականի հունիսին:

Նշենք, որ կազմակեպությունն առաջիկայում կգրանցվի Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում:

Մյասնիկ Մալխասյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ իրենք զբաղվելու են քաղբանտարկյալների խնդիրներով, նրանց տեսակետն են ներկայացնելու հասարակությանը, նաեւ անելու են ամեն ինչ, որ մեր երկրում այլեւս քաղբանտարկյալներ չլինեն:

Քաղբանտարկյալների մի մասը ազատ է արձակվել ժամկետը կրելուց հետո, մյուսները` ժամկետի կրճատմամբ եւ այլն, արդարացման վճիռներ, սակայն, չեն եղել:

Հարցին, թե արդյոք նորաստեղծ կազմակերպությունը զբաղվելու է արդարացման գործընթացով, Մալխասյանը պատասխանեց. - «Այն քաղբանտարկյալները, ովքեր ընդգրկված են մեզ մոտ, նրանք միանշանակ են ընկալում, որ դա ապօրինի վճիռներ են: Եվ այդ ապօրինի վճիռների դեմ բողոքարկումներ եւ պայքար գնալու է: Ոչ լոկ նրա համար, որ արդարացվեն, այլ որպեսզի մենք հասնենք նրան, որ այսուհետեւ մեր երկրում մարդիկ, քաղաքացիները ազատ արտահայտվելու, իրենց հայացքները արտահայտելու համար երբեւիցե չդատապարտվեն, երբեւիցե այս երկրում այլ քաղբանտարկյալ չլինի»:

Կազմակերպությունը նպատակ ունի զբաղվել այն մարդկանց խնդիրներով, ովքեր, ինչպես Մալխասյանն է ասում ` հանիրավի ազատազրկվել են, դատապարտվել: Այդ գործում իրենք համագործակցելու են այլ հասարակական կազմակերպությունների, նաեւ միջազգային կառույցների հետ:

Նորաստեղծ կազմակերպությունը, դրա նախագահի խոսքով, նաեւ հասարակությանն է ներկայացնելու նախկին բանտարկյալների տեսակետները այս կամ այն խնդրի վերաբերյալ. - «Առաջնային խնդիր պիտի լինի մարդու ազատությունը, քաղաքացու ազատ արտահայտվելու իրավունքը: Եվ պիտի հասնենք նրան, որ քաղաքացիները իրենց կարծիքի, տեսակետի համար երբեւիցե չբանտարկվեն»:

Մալխասյանը ասաց, որ նորաստեղծ կազմակերպությունը սահմանափակ թվով անդամներ է ունենալու: Հիմնադիր ժողովին շուրջ 50 մարդ է մասնակցել, հիմնականում` 2008-ի մարտիմեկյան դեպքերից հետո ձերբակալված անձինք:

Մալխասյանը հույս ունի, որ կազմակերպությանը կանդամագրվեն բոլոր այն անձինք, ովքեր գործարք չեն կնքել իշխանությունների հետ:

«Բայց հստակեցնեմ, որ կազմակերպությանը կարող են միայն քաղբանտարկյալներ անդամագրվել», - հավելեց Մյասնիկ Մալխասյանը` նշելով, որ արդեն անդամագրվել են Հայաստանի նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, Ազգային ժողովի նախկին պատգամավորներ Սասուն Միքայելյանը եւ Հակոբ Հակոբյանը, Գրիգոր Ոսկերչյանը, Արամ Բարեղամյանը, Սմբատ Այվազյանը, Վարդգես Գասպարին, ինչպես նաեւ Վահագն Հայոցյանը եւ Լեւիկ Մկրտչյանը ՀՀՇ- ից: Բոլորն էլ դատապարտվել էին Մարտի 1-ի առնչությամբ: Նախաձեռնող խմբի հիմնադիր ժողովին չի մասնակցել նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը:

Մյասնիկ Մալխասյանը դժվարացավ ասել, թե արդյոք գրանցվելուց հետո «Քաղբանտարկյալներ» կազմակերպությունը կանդամակցի Հայ ազգային կոնգրեսին:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG