Մատչելիության հղումներ

Հարսանիքի կազմակերպման բոլոր ծառայությունները, ներառյալ ապառիկ հարսանիք` երեւանյան հարսանյաց սրահներում


Հարսանիքների կազմակերպման գործակալությունները իրենց վրա են վերցրել այն ամենը, ինչի մասին նախկինում հոգ էին տանում ամուսնացողներն ու նրանց հարազատները:

«Հիմնականում պահանջում են զգեստ, զամբյուղ, ծաղիկ, խմորեղեն, տարոսիկներ, մոմեր, զամբյուղներ, սինիների ձեւավորում: Վերջին տարիների նորությունն էլ հարսի եւ փեսայի տանը արվող ֆուրշետն է», - ասաց հարսանիքների կազմակերպման գործակալության տնօրեն Լուսինե Ղարիբյանը:

Կախված հաճախորդի գրպանի պարունակությունից՝ գործակալությունները մատուցում են ցանկացած ծառայություն՝ վարդի թերթիկներ շաղ տալուց սկսած մինչեւ հարսի մուտքի համար նախատեսված շոու ծրագրերի կազմակերպում:

«Ունենք շոու ծրագիր, որ հարսի մուտքը ծաղիկի միջից է լինում: 19-րդ դարի հագուստով երկու երիտասարդներ այդ մեծ ծաղիկը բերում են սրահ, երաժշտության ընթացքում ժապավենը քանդում են եւ ծաղիկը բացվում է, որից հետո միջից դուրս է գալիս հարսը», - պատմեց հարսանյաց սրահի աշխատակից Գոհար Պետրոսյանը:

Մերօրյա հարսանիքները հիմնականում նույնատիպ սցենարով են ընթանում. նախ գնում են հարսի տուն, հետո եկեղեցի, հետո փեսայի տուն եւ հարսանյաց սրահ:

«Հիմնականում պահպանողական են: Ցանկություն կա ինչ-որ նորություն անելու, բայց ռիսկի չեն դիմում, որովհետեւ հյուրերի մի մասը ավելի ավանդապաշտ են եւ ձգտում են նրանց պահանջները բավարարեն», - ասաց Լուսինե Ղարիբյանը:

Ըստ Լուսինե Ղարիբյանի հայերը ամենաշատը պատրաստ են գումար ծախսել ուտելիքի վրա:

«Հայկական մտածելակերպով պետք է սեղանը անպայման լիքը լինի, եւ փորձում են միշտ ուտելիքով զարմացնել: Հնարավոր է, որ զգեստը մի քիչ էժան լինի, կամ ծաղիկ ընդհանրապես չդնեն, բայց ուտելիքը տեղը տեղին պիտի լինի»:

Որոշ բանկեր հատուկ սպառողական վարկեր են տրամադրում հարսանիքների համար:

«Երեք-չորս ամիս է` ունենք այդ ծառայությունը, էսպես ասած՝ ապառիկ հարսանիք, բայց մինչ օրս մեր մոտից չեն օգտվել», - ասաց Գոհար Պետրոսյանը:

XS
SM
MD
LG