Մատչելիության հղումներ

Տնտեսագետ Սամվել Ավագյանի ներկայացմամբ, այս տարվա հունվար-հուլիս ամիսներին` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում գրանցվել է կենսամակարդակի անկում:

Այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Ավագյանը, հիմնվելով Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) տվյալների վրա, մատնանշեց, որ միջին ամսական աշխատավարձի աճը ետ է մնում գների աճից:

ԱՎԾ-ի հրապարակած վերջին տվյալների համաձայն, եթե այս տարվա հուլիսը համեմատենք նախորդ տարվա հուլիսի հետ, գներն աճել են 6.3 տոկոսով: Ընդ որում` սննդամթերքի գներն աճել են 10.6 տոկոսով: Միեւնույն ժամանակ, նախորդ տարվա հունիսի համեմատ այս տարվա հունիսին միջին աշխատավարձը Հայաստանում աճել է ընդամենը 4.9 տոկոսով` կազմելով մոտ 114 հազար դրամ:

«Աշխատավարձի աճը ակնհայտորեն հետ է մնում գների աճից: Չմոռանանք, որ ե՛ւ գների աճի հաշվարկը, ե՛ւ աշխատավարձի հաշվարկը կրում են մոտավոր բնույթ: Այդ առումով, եթե ավելի իրատեսական նայենք կյանքին, խզումը` աշխատավարձի աճի եւ գների աճի, ավելի մեծ է», - ասաց տնտեսագետը:

Ավագյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ եթե այս տարվա առաջին 7 ամիսները համեմատենք նախորդ տարվա առաջին 7 ամիսների հետ, կտեսնենք, որ Հայաստանում սննդամթերքի գներն աճել են 15.4 տոկոսով:

«Համեմատեք ոչ թե վիճակագրական տվյալները, այլ մարդկանց գրպանի պարունակությունը շուկայի գների աճի հետ. ուղղակի հարցրեք տնային տնտեսուհիներին կամ ինքներդ հաշվարկներ կատարեք, կտեսնեք, որ կենսամակարդակի անկում կա», - շարունակեց Սամվել Ավագյանը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG