Մատչելիության հղումներ

Ներկայացուցիչների պալատը ընդունեց պարտքի օրինագիծը, հերթը Սենատինն է


ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքը

ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքը

Երկուշաբթի օրը ամերիկացի կոնգրեսականների մեծ մասը` հանրապետականներ եւ դեմոկրատներ, իրենց ելույթներում, ըստ էության, նույն թեզն էին կրկնում` «սա լավագույն գործարքը չէ, ոչ ոք գոհ չէ, սակայն մենք այսօր պարտավոր ենք հասնել համաձայնության, քանի որ երկրին դեֆոլտի վտանգն է սպառնում»։

Քվեարկության էր դրվել օրինագիծ, որով նախատեսվում է պետական պարտքի թույլատրելի սահմանաչափը ներկայիս 14 տրիլիոն 300 միլիարդից հասցնել 16 տրիլիոն 700 միլիարդ դոլարի, առաջիկա տասնամյակում 2 տրիլիոն 100 միլիարդով կրճատել պետության ծախսերը եւ ստեղծել կոնգրեսական հանձնաժողով, որը պետք է մշակի հետագա կրճատումների տարբերակներ:

Բուն քվեարկությունը ճիշտ 15 րոպե է տեւել: Կոնգրեսականները քվեների 269 կողմ, 161 դեմ հարաբերակցությամբ ընդունել են նախագիծը, քվեարկության պաշտոնական արդյունքը ներկայացրել է խոսնակ Ջոն Բեյնըրը:

Դեմոկրատները պատրաստ էին հավանություն տալ պետական ծախսերի կրճատումներին` պայմանով, որ ավելի մեծ չափով հարկվեն երկրի մեծահարուստները, մինչդեռ, ինչպես հայտնի է, ազատ շուկայի գաղափարի աջակից ուղղադավան հանրապետականների, հատկապես արմատական թեւի` այսպես կոչված «թեյի կուսակցության» ավանդական կարգախոսն է` ցածր հարկեր եւ պետության նվազագույն միջամտություն բիզնեսին: Ի վերջո, դեմոկրատները տեղի են տվել, եւ հարկերի ավելացում այս անգամ չի եղել:

Պետք է նշել, որ Ներկայացուցիչների պալատի ազատական դեմոկրատների մի խումբն էլ դեմ էր այդ փոխզիջումային նախագծին: Եթե օրինագիծը չընդունվեր, պետությունը, փաստորեն, կզրկվեր իր ֆինանսական պարտավորությունները կատարելու հնարավորությունից: Դա էլ հենց դեֆոլտն է` ֆինանսական կացություն, որը եղել է տարբեր պետությունների պատմության ընթացքում: Ռուսաստանի Դաշնությունում 1998 թվականի օգոստոսյան դեֆոլտի բացասական հետեւանքները նաեւ Հայաստան էին հասել, քանի որ նվազել էր Ռուսաստանում աշխատող հայերի եկամուտը, շատերն էլ զրկվել էին աշխատանքից:

Ամերիկյան օրինագիծը հիմա պետք է ընդունի Սենատը: Դա տեղի կունենա երեքշաբթի օրը Վաշինգտոնի ժամանակով կեսօրին: Վերլուծաբանների համոզմամբ` Կոնգրեսի այդ պալատում, որտեղ մեծամասնություն են կազմում դեմոկրատ նախագահ Բարաք Օբամայի կուսակիցները, փաստաթուղթը կընդունվի արագ եւ առանց էական խոչընդոտների: Վաշինգտոնի ժամանակով մինչեւ կեսգիշեր այն պետք է նախագահի ստորագրությամբ օրենքի ուժ ստանա, այդպես գերտերությունը կխուսափի դեֆոլտից:

Սակայն, ինչպես անցած օրը նշում էին կոնգրեսականները, սա միայն սկիզբն է, հիմնական աշխատանքը` կոնկրետ որոշումներով ծախսերը կրճատելու եւ, ինչպես ընդունված է ասել, «գոտիները սեղմելու» տհաճ գործընթացը դեռ առջեւում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG