Մատչելիության հղումներ

Ստեփանավանից 12 կմ հեռավորության վրա գտնվող Դենդրոպարկը հայտնի է իր ավելի քան 500 բուսատեսակով: 1998թ-ին տարածքը նշանակվել է որպես հատուկ պահպանման գոտի: Այսօր այգին ֆինանսական լուրջ խնդիրներ ունի:

«Լրագրողների մի խումբ էր եկել այստեղ նկարահանման: Ռեժիսիորը հարց տվեց, թե մանուկ հասակում ինչ եմ երազել դառնալ: Ես էլ անկեղծ պատասխանեցի` վարորդ: Իսկ իրենք` նեղացան: Իմ պատասխանը լեհական անկեղծություն էր, չնայած դարձա բուսաբան», - պատմում է Վիտալի Լեոնովիչը, ով 1984 թվականից տնօրինում է Դենդրոպարկը` բուսաբանական այգին, որը 1933 թվականին հիմնել է իր հայրը` Էդմոն Լեոնովիչը:

Ազգությամբ լեհ Լեոնովիչին Թեֆլիսում ուսումն ավարտելուց հետո գործուղում են Հայաստան: Ինժեներ-անտառագետը սկզբում այգի հիմնելու մտադրություն բնավ չի ունեցել:

Աշխատանքային կոմիտեում աշխատանքի անցնելով`Լոռու այս հատվածում իրականացնում է գիտահետազոտական աշխատանքներ: Սիրելով իր մասնագիտությունը` սկսում է անտառում տնկել բույսերի ու ծառերի իր անձնական հավաքածուն:

Սա առաջին բուսաբանական այգին է Հարավային Կովկասում, որ ստեղծվել է բնական անտառի հիմքի վրա: Այսօր այգին ունի մոտ 500 ծառատեսակներ` բերված թե՛ Երեւանի, թե՛ աշխարհի տարբեր բուսաբանական այգիներից:

Լեոնովիչը նշում է, որ այգում ուսումասիրվում ու հետազոտվում են հիմնականում ծառերի ու թփերի տեսակներ, բույսեր, որոնք բնորոշ են Հյուսիսային Հայաստանի անձրեւոտ ու խոնավ կլիմային:

«Ունենք փշատերեւների ոչ փոքր հավաքածու, որոնք ցավոք վատ մշակված են: Ես նեղ մասնագետ եմ` բուսաբան, բայց զբաղվում բոլոր բույսերով, մեկ հոգու համար անհնարին աշխատանք է: Բոլոր տեղերում բույսերի առանձին խմբերի համար առանձին մասնագետներ են պետք, բայց մեզ մոտ մասնագետ միայն ես եմ»:

Ամբողջ Դենդրոպարկի տարածքը շուրջ 35 հեկտար է, որից 15 հեկտարը զբոսայգին է, իսկ 20 հեկտարը բնական անտառ:

Դենդրոպարկն ունի եղեւնիների մոտ 19 տեսակ, որոնցից մի մասը մոտ 50 տարվա պատմություն ունեն: Այգում կա եղեւնու յուրահատուկ տեսակ համարվող սեքվոյադենդրոյի 5 օրինակ, որոնք մոտ 50 տարեկան են, սակայն այս սեքվոյաների համար 50 տարին համարվում է մանկական տարիք, քանի որ դրանք ապրում են 5000 տարի:

«Սեքվոյադենդրոն փշալարերով պատել ենք: Տգեղ փաստ է, բայց ստիպված էինք: Ծառի կեղեւը փափուկ է եւ հաստ: Մեր երիտասարդ այցելուները, չգիտես ինչու, բոքս են խաղում այդ ծառի վրա, կեղեւը պոկում են: Դրա համար մենք փշալարերով պատել ենք, բայց միեւնույն է անցնում, ձեռք են տալիս», -նշում է այգու տնօրենը:

Տնօրենի խոսքով, այգի այցելողների թիվը մեծացել է: Հասմիկն ու իր զարմուհին այգու այցելուներից են: Հանգստանում են Վանաձորում եւ որոշել են իրենց մեկ օրն անցկացնել Դենդրոպարկում` ավելի մոտ գտնվել բնությանը: Այգին հավանել են, հատկապես սեքվոյաները:

«Այգին լավն ա, ուղղակի մի քիչ մշակված չի: Չնայած սենց երեւի ավելի հետաքրքիր ա», - ասում է Հասմիկը:

Իսկ Աշոտը Դենդրոպարկ էր եկել ընտանիքի հետ:

«Շատ լավ տրամադրություն ստեղծող այգի է, բայց այգի բերող ճանապարհն էր շատ վատ», - մեզ հետ զրույցում ասաց նա:

Զրուցակիցներս փաստեցին, որ Դենդրոպարկը հետաքրքիր վայր է այցելությունների համար: Յուրահատուկ ծառատեսակներ, ծաղիկներ ու բույսեր տեսնելուց զատ, հնարավորություն կա հանգիստը կազմակերպել Դենդրոպարկի անտառային հատվածում:

Սակայն տնօրենը նշեց, որ տարածքն ավելի գեղեցկացնելու, բարեկարգելու եւ այգի տանող ճանապարհը վերանորոգելու համար դժվարություններ կան:

«Այն գումարով, որ տրամադրում է պետությունը, հազիվ ծախսերի կեսն ենք հոգում: Բոլոր դեպքերում ծիծաղելի գումարների մասին է խոսքը: Տարեկան 10-15 միլոն դրամ: Մենք իրավունք ունենք եղեւնի աճեցնելու եւ վաճառելու: Բայց այդ վաստակած գումարն ու պետության տված գումարը չի գերազանցում 15 միլիոնը: Իսկ սա ծիծաղելի է», - փաստում է մասնագետը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG