Մատչելիության հղումներ

«Մարտի 1-ի գործով նախաքննությունը խուսափում է բանակի թեմայից»


«Նախաքննությունը խուսափում է բանակի թեմայից»
please wait

No media source currently available

0:00 0:02:00 0:00
Փաստահավաք խմբի նախկին անդամ Անդրանիկ Քոչարյանի կարծիքով, 2008-ի մարտի 1-ի քննության շրջանակում անհրաժեշտ է փորձաքննության ենթարկել պաշտպանության նախարարության զենքերը:

Հիշեցնենք` անցյալ շաբաթ մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը հայտարարել էր, թե Մյասնիկյանի արձանի շրջակայքից հայտնաբերված պարկուճներից ավելի քան երեք հարյուրն արձակվել են «քննությամբ չպարզված եւ ոստիկանությունում չգտնվող զենքերից»: Քննչական խմբի ղեկավարը կարծիք էր հայտնել, որ այդ պարկուճները ապօրինի պահվող զենքերից են արձակվել:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Անդրանիկ Քոչարյանը անդրադարձավ Հարությունյանի խոսքերին. - «Ինքը խոսում է միայն ոստիկանական զենքերի մասին, եւ եթե հայտնաբերված պարկուճների մեջ կան պարկուճներ, որոնք փորձաքննության ենթարկված ոստիկանական զենքերից որեւէ մեկին չեն համապատասխանում, բնականաբար այդ օրը` մարտի 1-ին, այլ զենքերից կրակոցներ են եղել, որը դեռ հայտնաբերված չէ: Եվ պարզ երեւաց, որ մյուս ստրուկտուրաների զենքերը փորձաքննության ենթարկված չեն»:

Փաստահավաք խմբի նախկին անդամը կարծում է, որ նախաքննական մարմինը խուսափում է բանակին առնչվող թեմայից: Անդրանիկ Քոչարյանն առաջարկում է քննության առարկա դարձնել բանակի տարբերանշանով հագուստ կրած անձանց լուսանկարը, որն արվել է նախքան արտակարգ դրություն հայտարարելը: Այդ լուսանկարը Փաստահավաք խմբի նախկին անդամներ Անդրանիկ Քոչարյանը եւ Սեդա Սաֆարյանը ժամանակին հանձնել էին Մարտի 1-ի գործով խորհրդարանական հանձնաժողովին, որն էլ հետո իր տրամադրության տակ ունեցած բոլոր նյութերը տրամադրել է Հատուկ քննչական ծառայությանը:

Անդրանիկ Քոչարյանը հարցնում է. - «Ցերեկը` 16:37 րոպե, որը ֆիքսված է այդ ֆոտոնյութի ֆայլի վրա, ի՞նչ զինված խմբավորում է երեւում բանակային համազգեստով եւ ակնհայտ բանակի տարբերանշաններով: Եվ այդ հանգամանքը ուսումնասիրելու արդյունքում իրենք կարող են նաեւ նոր իրողություններ ի հայտ բերել, որը մինչեւ հիմա չգիտես ինչու չեն փորձում մոտենալ եւ բացահայտել մասնակիցների ամբողջ սպեկտրը»:

Մարտի 1-ի բացահայտման հարցում կարեւոր նշանակություն ունի նաեւ հատուկ միջոցների կիրառման հանգամանքը, որի հետեւանքով 3 մարդ էր զոհվել:

Քննչական խմբի ղեկավարն այս առնչությամբ ասել էր. - «Հատուկ միջոցներ կիրառելը եղել է օրինաչափ, իսկ արդեն կիրառողների գործողությունները, որի հետեւանքով պատճառվել են մահացու վնասվածքներ, դրանք լրիվ այլ խնդիրներ են»:

Անդրանիկ Քոչարյանն այս հայտարարությունից եզրակացնում է, որ նախաքննական մարմինն այլեւս անելիք չունի:

«Խոսել օրինաչափության մասին, երբ որ կան դրա հետեւանքով մահացած մարդիկ, պարզապես դա խոսում է այն մասին, որ նախաքննական մարմինը ամեն ինչ խառնել է իրար եւ, ըստ էության, ոչ միայն ասելիք չունի, այլ անելիք չունի, եւ շուտ, թե ուշ այդ մարմինը կենթարկվի պատասխանատվության` նույնիսկ այսօր գործող իշխանության կողմից», - հայտարարեց Փաստահավաք խմբի նախկին անդամը` հավելելով. - «Մարտի 1-ի բացահայտման հավաստիացումը օդից կախված կմնա այնքան ժամանակ, քանի այս քննչական խմբի խնդիրը իշխանությունները չեն լուծել»:
please wait

No media source currently available

0:00 0:05:24 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG