Մատչելիության հղումներ

Հայաստանում ընթացող “Youth in Charge” երիտասարդական ծրագիրն անցկացվում է առաջին անգամ: Աշխարհի 20 երկրներից շուրջ 40 երիտասարդներ հավաքվել են Երեւանում՝ քննարկելու գենդերային հավասարությանը, ազատ լրատվությանը եւ քաղաքացիական հասարակությանը առնչվող հարցեր:

Ծրագիրն իրականացվում է դանիական “Youth in Charge” ՀԿ-ի եւ ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի ու Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի հետ համատեղ:

Դանիական “Youth in Charge” հասարակական կազմակերպության ղեկավար Այլա Լոնքան խոստովանում է, որ 5 տարի աշխատելով տարբեր երիտասարդական ծրագրերում` ցանկացավ սեփական ծրագիրը հիմնադրել:

«Ես Տաթեւիկ Ռեւազյան անունով գործընկեր ունեմ: Նա ուզում էր Հայաստանի համար ինչ-որ լավ բան անել: Նա իր բակալավրիական թեզը Հայաստանին վերաբերող հարցերի մասին էր գրել, որը ինձ ոգեշնչեց գլոբալ հարցերին վերաբերող սեմինար կազմակերպել: Այդ պատճառով է, որ մենք աշխատում ենք հիմա Հայաստանում՝ չնայած երկու հիմնական կազմակերպիչներն էլ ապրում են Դանիայում», - ասաց Այլա Լոնքան:

Մասնակիցներ կան ԱՄՆ-ից, Լեհաստանից, Վրաստանից, Ուկրաինայից եւ այլ երկրներից: Շատերը սովորում են տնտեսագիտություն, քաղաքագիտություն, մենեջմենթ, բայց կան նաեւ երիտասարդ գիտնականներ եւ լրագրողներ:

Անդրադառնալով ծրագրի նպատակներին` Այլա Լոնքան ասաց.
«Ես ուզում եմ ոգեշնչել այս երիտասարդներից յուրաքանչյուրին՝ սկսել իրենց սեփական ծրագիրը, երբ ժամանեն իրենց երկիր: Դա կարող է գլոբալ, ռեգիոնալ ծրագիր կամ էլ հենց իրենց քաղաքի համար նախատեսված ծրագիր լինել, երբ իրենց լավ, փոքր մտքերով նրանք կօգնեն ինչ-որ բան անել այս մեծ խնդիրները լուծելու համար»:

“Youth in Charge” -ի շրջանակներում երիտասարդներն այցելելու են Հայաստանի տեսարժան վայրեր ու մեկ օր կանցկացնեն Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղում:

Սեփական աշխատանքներով կներկայանան նաեւ Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի եւ Գեղարվեստի ակադեմիայի ուսանողները:

«Այսպիսի սեմինարներում հիմնականում ընդգրկվում են այնպիսի ուսանողներ, որոնց կրթությունն իրավագիտության, տնտեսագիտության ոլորտում է: Ոչ մի անգամ արվեստագետ ուսանողները հնարավորություն չեն ունենում իրենց խոսքը ասելու: Մենք ուզում էինք իրենց էլ ընդգրկել, որ իրենք էլ իրենց խոսքն ասեն», - ասաց մասնակից Լուսինե Թարլամազյանը:

XS
SM
MD
LG