Մատչելիության հղումներ

Դաշնակցական գործիչը մինչեւ տարեվերջ Ղարաբաղի հարցի լուծման ակնկալիքները հիմնավորված չի համարում


Անդրադառնալով ղարաբաղյան բանակցություններում մինչեւ տարեվերջ առաջընթաց ապահովելու վերաբերյալ միջազգային հանրության վերջին հայտարարություններին` ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց, թե դա պայմանավորված է այն հանգամանքով, որ 2012-13 թվականներին Հայաստանում, Ադրբեջանում եւ Ռուսաստանում ընտրական տարիներ են:

«Իրենց ակնկալիքը, որ մինչեւ տարեվերջ ինչ-որ բան կստացվի հիմնավորված չէ: Գլխավոր պատճառը Ադրբեջանի կեցվածքն է, եւ ուրեմն` մինչեւ տարեվերջ մենք ոչ մի համաձայնություն էլ չենք ունենա: Ադրբեջանի կեցվածք ասելով` Ղարաբաղի կարգավիճակը նաեւ Ադրբեջանի կազմից դուրս տեսնելու հավանականությունը ընդունելու մասին...», - ասաց Կիրո Մանոյանը:

Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ հունիսի 24-ին Կազանում կայացած եռակողմ բանակցություններից հետո Ռուսաստանի նախագահ Դմիրտրի Մեդվեդեւը Հայաստանի եւ Ադրբեջանի իր գործընկերներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ուղերձ էր հղել, որին Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը պատասխանել էին: Ուղերձի, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի պատասխանները առայժմ չեն հրապարակվում:

Այս առնչությամբ դաշնակցական գործիչը նշեց, որ ինքը եւս տեղյակ չէ ուղերձի եւ պատասխանների բովանդակությունից, սակայն հավելեց. - «Եթե ինչ-որ տեղ դրական բան լիներ երկու դեպքում էլ` Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների պատասխանների, մենք արդեն ինչ-որ ձեւով կզգայինք ռուսական կողմի արձագանքով, բայց ռուսական կողմից էլ նման արձագանք չկա: Ոչ, տեղյակ չեմ ինչ է եղել Մեդվեդեւի ուղերձը, բայց, թվում է, որ երկու կողմերի պատասխաններն էլ դրական չեն եղել»:

Ղարաբաղյան բանակցություններում, ինչպես նաեւ Թուրքիայի հետ հարաբերություններում ներկայիս իշխանությունների քաղաքականությունը Կիրո Մանոյանը սխալ որակեց. խոսվում է տարածքների վերադարձի մասին, երբ ադրբեջանական կողմում զիջումների մասին լռում են:

«Բանակցությունների այս տակտիկան սխալ է, ճիշտ այնպես, ինչպես Թուրքիայի հետ բանակցություններում: Դա հավանաբար նաեւ գալիս է նրանով, որ առնվազն սկզբում մեր նախագահը լեգիտիմության հարց ուներ դրսում եւ այդ հարցը այս ընթացքում կարծես լուծել է», - մանրամասնեց դաշնակցական գործիչը:

Մինչեւ Ղարաբաղի հարցը չլուծվի` հայ-թուրքական հարաբերությունները չեն կարգավորվի, համոզված է Կիրո Մանոյանը:

«Անհրաժեշտ է հայ-թուրքական արձանագրություններից հետ կանչել Հայաստանի ստորագրությունը: Հապաղելը նպաստում է Թուրքիայի շահերին», - այսօր նաեւ ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրենը` հավելելով, թե Հայաստանի արտգործնախարարի հրաժարականի հարցը շարունակում է մնալ Դաշնակցության օրակարգում: Իսկ նախագահի հրաժարականը չեն պահանջում, որովհետեւ «համակարգային իշխանափոխություն» են ուզում:
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG