Մատչելիության հղումներ

Մամեդյարով. «Որոշակի տարրեր դեռեւս սպասում են համաձայնեցման»


Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում Ադրբեջանին եւ Հայաստանին հաջողվել է հարթել որոշ տարաձայնություններ, այդուհանդերձ, որոշակի կարեւոր տարրեր դեռեւս սպասում են համաձայնեցման երկու կողմերի միջեւ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը The Business Year հանդեսի` Ադրբեջանի անկախության 20-ամյակին նվիրված հատուկ համարում (The Business Year - Azerbaijan 2011) հրապարակված հարցազրույցում:

«Մենք շարունակում ենք աշխատանքը հիմնարար սկզբունքների վրա, որոնց վրա հիմնված կլինի համապարփակ խաղաղ պայմանագիրը», - ասել է Մամեդյարովը:

Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների կողմից ընդունվել է համատեղ հայտարարություն, որում, ըստ Ադրբեջանի արտգործնախարարի, ընդգծված է ստատուս քվոյի փոփոխության անհրաժեշտությունը:

Մամեդյարովի խոսքերով` Ադրբեջանը ակնկալում է, որ հակամարտության կարգավորումը կապահովի «օկուպացված տարածքներից» զորքերի դուրսբերումը, ադրբեջանցի փախստականների եւ հարկադրաբար տեղահանվածների վերադարձը իրենց տները, կյանքի նորմալացումը, ադրբեջանցիների եւ հայերի խաղաղ գոյակցությունը տարածաշրջանում եւ «[Լեռնային Ղարաբաղի] տարածաշրջանի երկու համայնքների` Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության շրջանակներում ինքնակառավարման կարգավիճակի որոշման ապագա քաղաքական գործընթացը»:

«Մենք վստահ ենք, որ խաղաղությունը կարող է երկարատեւ լինել միայն երկու համայնքների խաղաղ գոյակցության վրա հիմնված լինելու դեպքում: Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում մենք պատրաստ ենք տարածաշրջանին տրամադրել ինքնակառավարում` երկու համայնքների մասնակցությամբ», - 1news.az ինտերնետային պարբերականի վկայությամբ` հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը եւ ամփոփել. - «Չնայած հայկական դիրքորոշման անհետեւողականությունից բխող բոլոր բարդություններին` մենք հավատում ենք հակամարտության խաղաղ կարգավորմանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG