Մատչելիության հղումներ

logo-print
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` այս տարվա հունվար-հունիս ամիսներին Հայաստան է մուտք գործել մոտ 370 հազար Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ մեկնել է մոտ 460 հազարը:

Ստացվում է, որ այս տարվա հունվար-հունիս ամիսներին Հայաստանից մեկնողների թիվը մոտ 90 հազարով ավելի շատ է եղել, քան Հայաստան ժամանածներինը:

Ազգային վիճակագրական ծառայության այդ տվյալները հիմնված են սահմանային անցակետերից ստացված տեղեկությունների վրա:

Հիշեցնեմ, որ հուլիսի 20-ին Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել էր խորհրդակցություն` նվիրված միգրացիոն քաղաքականությանը: Այդ օրերին էլ հրապարակվել էր, թե այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանից մեկնողների եւ Հայաստան մուտք գործած մարդկանց թվի տարբերությունը եղել է 45 հազար մարդ:

Ըստ վիճակագրության, Հայաստանից մեկնած քաղաքացիների թիվը արդեն հունվար-հունիս ամիսների կտրվածքով կրկնակի աճել է:

Հրապարակված 45 հազարի վերաբերյալ, նախագահ Սարգսյանը միգրացիոն հարցերով խորհրդակցության ժամանակ հայտարարեց, թե այդ թիվը շահարկվեց ոմանց կողմից. - «Եթե որեւէ մեկը նեղություն կրեր դիտարկել այս ցուցանիշի դինամիկան ամսական կամ եռամսյակային կտրվածքներով, ապա կարող էր հեշտությամբ նկատել, որ այս տարի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին արդեն հակառակ պատկերը կլինի, եւ Հայաստան վերադարձողների ու Հայաստանից մեկնածների տարբերությունը կգերազանցի 40 հազարը, կամ, այսպես ասած, Հայաստանը լքածներից 40 հազարը կվերադառնա: Չեմ կարծում, թե այն ժամանակ որեւէ մեկը կանգնելու է եւ ասելու է, թե կներեք, ես տարեսկզբին սխալ վերլուծություն եմ կատարել»:

Այս տարվա հունվար-հունիս ամիսներին Հայաստանից մեկնած եւ ժամանած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբերյալ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների շուրջ միգրացիոն հարցերով փորձագետ Ռուբեն Եգանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Այն տվյալները, որոնց մասին խոսում ենք, դա միգրացիոն տեղեկատվություն չէ, դա ընդամենը ուղեւորահոսքերի վերաբերյալ տվյալներ են»:

Ի դեպ, դարձյալ համաձայն Ազգային վիճակագրական ծառայության, նախորդ տարվա հունվար-հունիս ամիսներին Հայաստանից մեկնածների թիվը մոտ 44 հազարով գերազանցել է ժամանածների թվին:

Եգանյանի խոսքով, սակայն, այդ տվյալները բավարար չեն հեռուն գնացող եզրահանգումների համար. - «Սովորաբար մեզ մոտ տարվա առաջին կեսին ավելի շատ մարդ գնում է, քան գալիս է: Ընդ որում ` երբ վերցնում ենք 6 ամսվա տվյալները, այդտեղ նաեւ չպետք է մոռանալ «հանգստի գործոնը»` մարդիկ մեկնում են հանգստի` բնականաբար, հետո վերադառնալու միտվածությամբ»:

«Այս տվյալները վերջին երեք տարիների ընթացքում աճի միտում են դրսեւորում: 2008 թվին այս տարբերությունը` մենկածների եւ ժամանածների թվի տարբերությունը, կազմել է մոտ 22 հազարից քիչ ավելի: Մյուս տարի` 2009 թվականին կազմել է գրեթե 25 հազար: Եվ վերջապես 2010 թվականին այդ թիվը հասել է մոտավորապես30 հազարի», - ասաց փորձագետը` շարունակելով. - «Եթե անգամ դրանք չարագանան, մնան այն մակարդակին, ինչ արձանագրվել է, ասենք, 2010 թվականին, ապա դա ինքնին արդեն շատ անհանգստացնող է: Որովհետեւ դա մեր բնակչության ընդհանուր թվաքանակի մեկ տոկոսն է»:

Ռուբեն Եգանյանի խոսքով, 1990-ական թվականների համեմատ հիմա թեկուզեւ միգրացիայի ծավալներն ավելի փոքր են, այդուհանդերձ հետագայում կզգացվեն դրանց բացասական հետեւանքները. - «Նվազում է աշխատանքային տարիքի, վերարտադրական տարիքի բնակչության թվաքանակը, եւ փոխարենը ավելանում է համամասնորեն ծերերի տեսակարար կշիռը»:

Ի դեպ, Տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը, Հայաստանից մեկնողների թվի աճը պայմանավորել էր տնտեսական աշխուժացմամբ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել էր. - «Սա որպես վարկած ընդունեք` սկսվել է տնտեսական աշխուժացում: Ճգնաժամից դուրս է եկել համաշխարհային տնտեսությունը` մեծ հաշվով, եւ հատկապես Ռուսաստանը` որպես հիմնական նշանակետ երկիր: Եվ ավելի շատ մարդիկ հնարավորություն ունեն արտագնա աշխատանքի մեկնել»:

Ռուբեն Եգանյանը այս կապակցությամբ ասաց. - «Բնականաբար այդ թիվը երկու գործոն ունի: Մեկը այդ տնտեսական աշխուժացման գործոնն է: Մյուսը ես կհամարեի իրավիճակի ոչ այնքան բարենպաստ լինելու գործոնը»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG