Մատչելիության հղումներ

Քաղաքային էքստրեմալ խաղեր սուր զգացողությունների սիրահարների համար


Արտասահմանյան մի շարք երկրներում կան քաղաքային էքստրեմալ խաղերի բազմաթիվ տեսակներ: Հայաստանի Էքստրեմալ սպորտաձեւերի եւ տուրիզմի ակումբի նախագահ Գոռ Հովհաննիսյանը նշեց, որ մշակել են քաղաքային խաղի մի տեսակ, որն իրականացվելու է Հայաստանում:

«Մարդկային որսի սեզոն» խաղին կարող են մասնակցել 18 տարեկանը լրացած, հավասարակշռված եւ հոգեկան խնդիրներ չունեցող անձինք, ովքեր խորհրդատվություն են անցնելու ակումբի հոգեբանի մոտ: «Սա արվում է, որովհետեւ խաղը բավականին հետաքրքրաշարժ է: Հնարավոր է` այն մարդը, ով հոգեկան խնդիրներ ունի, տարվի դրանով եւ մեր սահմանած զենքի փոխարեն իրական զենք օգտագործի: Մի քիչ ուշադիր պետք է լինենք»:

Խաղին մասնակցելու մուտքավճարը 5.000 դրամ է, սակայն մրցանակային ֆոնդը միայն մուտքավճարներից չի գոյանում. ակումբը ավելացնելու է եւս 50.000 դրամ: Նախնական մրցանակային ֆոնդը կազմում է 100.000 դրամ, որը կստանա այն որսորդը, ով կկարողանա «սպանել» թիրախին. - «Խաղի մասնակիցներին սպասվում է իսկական տուրուդմփոց, իսկ տուրուդմփոցը ի՞նչ աստիճանի կլինի, կախված է մասնակիցներից. մենք ստեղծելու ենք բոլոր անհրաժեշտ պայմանները»:

«Խաղը լինելու է բարդ, բայց հետաքրքիր», - խոստանում է Գոռը` հավելելով, որ այն, ինչ հաճախ տեսնում ենք ֆիլմերում, որոշ փոփոխություններով արտացոլվելու է խաղում:

Ընտրված թիրախներն արդեն տվել են խաղին մասնակցելու իրենց համաձայնությունը. - «Բոլոր թիրախները, որոնց հետ ունենք նախնական պայմանավորվածություն, մեծ ոգեւորությամբ են ընդունել մեր առաջարկը: Իրենք լուրջ մարդիկ են, բայց մանկություն է մնացել իրենց մեջ, ու իրենք էլ են ուզում գունավորել իրենց կյանքը: Մենք թիրախին նախապես տեղյակ ենք պահելու, որ իր նկատմամբ որս է հայտարարված ու իրեն էլ է տրամադվելու զենք` պաշտպանվելու համար»:

Խաղի մեկնարկը օգոստոսի 4-ին է, 1-ին փուլը տեւելու է 1 ամիս: Հայաստանի Էքստրեմալ սպորտաձեւերի եւ տուրիզմի ակումբի կողմից կազմակերպվելու է նախնական դասընթաց, որի ժամանակ մասնակիցներին կտրամադրվեն որոշակի տեսական գիտելիքներ եւ թիրախին ոչնչացնելու համար նախատեսված զենքը:

Քաղաքային խաղերի եւս մեկ տեսակ կազմակերպում է «Հայ Էքստրիմ» հասարակական կազմակերպությունը: Խաղը կոչվում է «Գիշերային պատերազմներ», որն արդեն 2 տարի է իրականացվում է Երեւանում: Խաղը նմանեցված է ռուսական «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» եւ ֆրանսիական «Ֆորդ Բոյարդ» խաղերին: Քաղաքում տարբեր տեղեր պահվում են կոդեր: Ինտերնետով ուղղարկվում են հարցեր, որոնց պատասխանը հասցեն է, որտեղ պահված է ծածկագիրը:

«Հայ Էքստրիմ»-ի նախագահական խորհրդի անդամ Գեւորգ Շահսուվարյանը նշեց, որ խաղի մասին հիմնականում իմանում են ընկերական շրջապատում` մեկը մյուսին տեղեկացնելով: Խաղը պահանջում է, որ թիմերից յուրաքանչյուրն ունենա 1 ավտոմեքենա, որպեսզի կարողանան տեղաշարժվել քաղաքում:

Խաղի մասնակիցներին յուրաքանչյուր հարցի պատասխանը գտնելու համար տրվում է 30 րոպե ժամանակ. - «Եթե 30 րոպեում չեն գտնում կոդը, ստանում են 1-ին հուշումը, որին եւս տրվում է 30 րոպե ժամանակ: Արդյունքի չհասնելու դեպքում տրվում է 2-րդ հուշումը, որն էլ ձախողելուց հետո անցնում ենք հաջորդ հարցին»:

Խաղը իրականացվում է 2 շաբաթը մեկ պարբերականությամբ: Այն սկսվում է երեկոյան ժամը 11-ին եւ ավարտվում է առավոտյան 7-ին:

please wait

No media source currently available

0:00 0:07:01 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG