Մատչելիության հղումներ

Հուլիսի 30-ի մամուլ


«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «2012 թվականի մայիսին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններն անխուսափելիորեն ձեռք են բերում 2013 թվականի նախագահական ընտրությունների «փրայմերիզի» բնույթ, դրանց նախորդող ուժերի վերջին ու վճռորոշ ուժերի փորձարկում։ Դրանց արդյունքն էլ, սակայն, բնավ նախորոշված չէ։ Իշխանության շարքերում ոչ այնքան գաղափարական, որքան գործառական բնույթ կրող ներէլիտային մրցակցության, երեք հիմնական ընդդիմադիր կուսակցությունների միջեւ աչքի առաջ սրվող պայքարի պայմաններում դժվար է ասել, թե ուժերի ինչ դասավորություն կձեւավորվի նոր խորհրդարանում։ Չնայած Ընտրական օրենսգրքի լուրջ փոփոխություններին, պարզ է, որ Հայաստանն առայժմ պատրաստ չէ միջազգային չափանիշներին լիովին համապատասխանող ընտրություններ անցկացնելուն։ Դրա համար տարիներ են հարկավոր։ Արդի Հայաստանը չի կարելի անվանել ո՛չ կատարյալ ժողովրդավարություն, ո՛չ էլ բռնապետություն։ Ձեւավորվել է ինչ-որ միջին «կիսաժողովրդավարական» մոդել, որի մեջ ընդհանուր առմամբ գտել են իրենց տեղը ե՛ւ հասարակությունը, ե՛ւ իշխանությունը»։

Անդրադառնալով Հայ ազգային կոնգրեսի առաջիկա հանրահավաքին` «Չորրորդ ինքնիշխանություն»-ը նշում է. - «Կոնգրեսը հանրահավաք է հրավիրում քաղաքական «մեռյալ սեզոնին», 40 աստիճան տապի պայմաններում, եւ վստահ է, որ «էքստրեմալ իրավիճակում» անցկացվելիք այդ հանրահավաքը բացառիկ է լինելու: Ինչո՞ւ: Որովհետեւ, մեծ հաշվով, այդ հանրահավաքը ոչ այնքան բանակցությունների ընթացքի մասին հասարակությանը տեղեկացնելու նպատակ է հետապնդում, որքան նպատակ ունի նույն այդ հասարակությանը մասնակից դարձնել բանակցություններին: Պարզ ասած` օգոստոսի 2-ի հանրահավաքը իշխանություններ - ընդդիմության բանակցային գործընթացի բաղադրիչն է, եւ հասարակության ակտիվությունից եւ հանրահավաքի հզորությունից է կախված բանակցությունների հաջորդ փուլի ընթացքը: Հանրահավաքը հզոր եղավ` իշխանությունները ավելի հեշտությամբ կհամոզվեն, որ արտահերթ ընտրությունները անխուսափելի են, եւ այլընտրանքը շատ ծանր հետեւանքներ կունենա: Հանրահավաքը բավականաչափ հզոր չեղավ` հաջորդ փուլում իշխանական պատվիրակությունը կկոշտացնի դիրքորոշումը»:

«Հրապարակ»-ի հետ զրույցում Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Բոստանջյանը («Բարգավաճ Հայաստան») ասում է. - «Տեղին չեն պնդումները, որ եթե իշխանության պատվիրակությունը համաձայնվել է արտահերթ ընտրությունների անցկացումը ներառել բանակցությունների օրակարգում, ենթադրելի է, որ հավանական է համարում նաեւ արտահերթ ընտրությունների անցկացումը: Արտահերթ ընտրությունները չեն կարող լինել ինքնանպատակ երեւույթ, այլ այդ ընտրությունները պետք է պարունակեն համապատասխան մոտիվացիաներ ու հիմնավորումներ: Անձամբ ես կարծում եմ, որ չկան իրավական հիմքեր, ոչ էլ երկրում գոյություն ունեցող իրավիճակից բխող… Ասում են` եթե համապատասխան քայլեր չանեն, սեպտեմբերին առճակատումն անխուսափելի է: Ի՞նչ է նշանակում առճակառում, մարդասպանությո՞ւն են անելու: Ամեն դեպքում կուզեի, որ իրենք կայուն լինեին իրենց նպատակների ու մտածմունքի մեջ: Ավելին` չի լինի առճակատում: Իսկ եթե Կոնգրեսը հանկարծակի ուզենա, որ առճակատում լինի, իշխանությունը դրանից բացարձակապես վատ չի զգա: Դե, լավ բան չէ առճակատումը, բայց դրանից չի վտանգվի իշխանությունը»:

«Առավոտ»-ը զրուցել է Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հետ: Հարցին, թե իրեն հաճախ են տեսնում բարձրագույն իշխանության ներկայացուցիչների, մասնավորապես` ՀՀԿ-ի ոչ շարքային անդամների կողքին, սրբազանը պատասխանել է. - «Ես այնտեղ եմ, ուր հարկն է»: Լրագրողի հաջորդ հարցին` ինչու էր նախորդ նախագահական ընտրություններին անթաքույց սատարում Հայաստանի ներկայիս նախագահին եւ ՀՀԿ-ին, նա պատասխանում է. - «Արարատյան թեմից շատ հոգեւորականներ Ազատության հրապարակում միտինգների էին մասնակցում: Եթե թույլ չտայինք, չէին կարող մասնակցել, բայց մենք լանյախոհություն ենք ցուցաբերել: Հիմա էլ բոլոր այդ հոգեւորականներն իրենց տեղերում են, ոչ մեկը տեղահան չի արվել: Իսկ ինչո՞ւ նույն տրամաբանությամբ իշխանական թեւից չեն հարցնում` սրբազա'ն, ինչո՞ւ եք նրանց թողել, որ գնան Ազատության հրապարակ եւ նույնկերպ վարվեն, ինչպես այնտեղ հավաքված ժողովուրդը… Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին սատարելուն, այնտեղ իմ ընկերներն են, բոլոր նախագահները իրենց որակները ցույց են տվել, ի՞նչ վատ է, որ այս նախագահի որակներին էլ ծանոթանանք: Ես իրեն հավատում եմ, իր ճակատագիրը կապված է Արցախի եւ ազգային անվտանգության հետ: Բայց իմ համակրանքը չի նշանակում, թե ամբողջ Արարատյան թեմի հոգեւորականները նման կերպ են մտածում: Ո'չ, բոլորն ազատ են իրենց ընրության մեջ: Իմ համակրանքը նախագահի հանդեպ հստակ է, բայց դա չի նշանակում, թե մյուսների հանդեպ ատելությամբ եմ լցված»:

«Հայկական ժամանակ»-ը տեղեկացնում է. - «Ախթալայի եւ շրջակա գյուղերի շուրջ 2500 բնակիչներ ստորագրել են «Ախթալա ԼՀԿ» սեփականատեր, մանկապղծության մեջ մեղադրվող Սերոբ Տեր-Պողոսյանի դրական բնութագրի տակ` որ դատարանը նրա նկատմամբ մեղմ վարվի: Ստորագրությունները կցված են քրգործին եւ կազմում են մեկուկես հատոր: Ախթալան պաշտոնապես ունի 2400 բնակիչ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG