Մատչելիության հղումներ

Պաշտոնաթող մարզպետը հերքում է վարչապետի հետ տարաձայնությունների մասին լուրերը


Լոռու նախկին մարզպետ Արամ Քոչարյան

Լոռու նախկին մարզպետ Արամ Քոչարյան

Լոռու արդեն նախկին մարզպետ Արամ Քոչարյանը այսօր նորանշանակ մարզպետ Արթուր Նալբանդյանին հանձնեց իր պաշտոնը:

Երկշաբաթյա լռությունից հետո այսօր Արամ Քոչարյանը լրագրողների հետ հանդիպմանը նաեւ խոսեց իր հրաժարականի մասին:

«Ես ձեզ ազնիվ ասում եմ` այն ինչ գրվեց մամուլում, շահարկվեց, եւ այլն` դրանք ընդամենը խոսակցություններ էին: Ես ինքս էլ մի քանի ամիս մտորում էի, զգում էի, որ իրոք հոգնածություն կա: Գերլարվածության տակ մարդը ի վերջո գալիս հասնում է մի պահի, երբ զգում է, որ արդեն ուժերը չեն բավարարում, ինչ-որ բան լավ չի ստացվում: Նաեւ առողջական խնդիրներ էին առաջացել, որի պատճառով ես Մոսկվայում մի 10 օր անցկացրեցի», - նշեց Արամ Քոչարյանը` կարծիք հայտնելով, որ «առողջ սերնդափոխություն» է տեղի ունենում:

Մամուլում, հատկապես էլեկտրոնային ԶԼՄ-ներում լուրեր էին շրջանառվում, որ մարզպետի հրաժարականը պայմանավորված է վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ ունեցած տարաձայնություններով:

Լոռու նախկին մարզպետը դեռեւս չի որոշել, թե ինչով է զբաղվելու: Քաղաքական ասպարեզից ու Հանրապետական կուսակցությունից Արամ Քոչարյանը չի հեռանա:

«Լացուկոծով էլ չեմ գնում` տեսնում եք, չէ՞… գնում եմ լավ տրամադրությամբ», - նշեց Արամ Քոչարյանը` համոզմունք հայտնելով, որ լրագրողների հետ շփվելու առիթներ դեռ կունենա:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG