Մատչելիության հղումներ

ԿԸՀ նախագահ. «Ընտրական համակարգը պատրաստ չէ արտահերթ ընտրություններին»


ԿԸՀ-ի նախագահ Գարեգին Ազարյանը:
ԿԸՀ-ի նախագահ Գարեգին Ազարյանը:
Հարցին` եթե արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին քաղաքական որոշում լինի, ի՞նչ է անելու ԿԸՀ-ն, վերջերս ձեւավորված հանձնաժողովի նախագահը պատասխանեց, թե այդ դեպքում անհրաժեշտ կլինի փոխել Ընտրական օրենսգրքի այն պահանջը, որ տեղամասային ընտրական հանձնաժողովներում պետք է ունենալ գրագետ մարդիկ:

«Ընդամենը հունիսի 26-ին է մեր օրենքը մտել ուժի մեջ, եւ այս մեկ ամսվա ընթացքում 14 հազար մարդու ուսուցանել այն ենթաօրենսդրական ակտերը, որոնք դեռ չեն ընդունվել, կարծում եմ, իրատեսական չէ», - ասաց Ազարյանը:

«Մենք դեռ ընդունում ենք դիմումներ` կազմավորելու համար ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները», - շարունակեց նա: - «Մենք ունենք առնվազն 14 հազար տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների թեկնածուների ուսուցման խնդիր: Մենք ունենք դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներին ուսուցանելու, նրանցից ստուգարքը ընդունելու եւ որակավորելու խնդիր: Այնպես որ` Ընտրական օրենսգիրքը հստակ սահմանած ժամկետներ ունի»:

Հարցին, թե արդյոք ինքը բացառում է արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորությունը, Ազարյանը արձագանքեց, թե ԿԸՀ-ն դադարել է լինել քաղաքական մարմին եւ իր անկախությունը ապահովում է հենց նրանով, որ քաղաքական չէ, ինչը ամրագրված է նոր Ընտրական օրենսգրքով: Եվ սա, ըստ նրա, համապատասխանում է նաեւ Հայ ազգային կոնգրեսի այն պահանջին, որ ընտրական հանձնաժողովները պետք է կազմված լինեն պետության կողմից:

«Առնվազն երկու մակարդակով` Կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողով, որոնք կկազմավորվեն մինչեւ օգոստոսի 15-ը, այս երկու մակարդակով լիովին բավարարում է նրանց պահանջները», - ասաց ԿԸՀ նախագահը:

Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը, սակայն, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, թե Գարեգին Ազարյանը «ակնհայտորեն ստում է», ինչն ակնառու դարձավ «ոչ միայն Մարտի 1-ի սպանդի հիմք հանդիսացած եւ իր կողմից կեղծված ընտրություններով, այլեւ իր այս պնդումով»:

Զուրաբյանը հավելեց, որ ՀԱԿ-ի պահանջը հստակ է. բոլոր հանձնաժողովները` Կենտրոնական, ընտրատարածքային եւ տեղամասային ընտրական հանձնաժողովները պետք է կազմված լինեն պետական կառույցների կողմից:

Առաջարկի իմաստը, Զուրաբյանի խոսքով, այն է, որ ընտրությունների օրինականության ողջ պատասխանատվությունը իր վրա վերցնի պետությունը եւ չկարողանա կեղծված ընտրությունների մեղքը բարդել կուսակցությունների վրա: Երկրորդը` դա նաեւ կբացառի կուսակցությունների կողմից այդ տեղերի առեւտուրը, ինչը բերում է կուսակցական համակարգի կոռումպացմանը:

Կոնգրեսի համակարգողի փոխանցմամբ` ակնհայտ է, որ նոր Ընտրական օրենսգրքով միայն ԿԸՀ-ն եւ ընտրատարածքային հանձնաժողովներն են ստեղծվում պետության կողմից, իսկ մոտ 2000 տեղամասային հանձնաժողովները, որոնցում մշտապես կատարվում է կեղծիքների հիմնական ծավալը, շարունակելու են կազմավորել խորհրդարանում ներկայացված կուսակցությունները:

Ազարյանի նշանակումը, ըստ Զուրաբյանի, ուղերձ է, որ այսօր իշխանությունը պատրաստվում է նոր կեղծիքների, հետեւաբար ՀԱԿ - իշխանություն երկխոսության շրջանակներում արդար ընտրությունների շուրջ որեւէ համաձայնագիր «ենթադրում է նաեւ ԿԸՀ-ի նախագահ Գարեգին Ազարյանի նման պաշտոնյաների հեռացումը»:

Հարցին, թե արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին քաղաքական որոշման դեպքում, ինքը բացառո՞ւմ է, որ իր գլխավորած հանձնաժողովը լուծարվի, Ազարյանը պատասխանեց. - «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը լուծարել կարող են միայն օրենքով: Եթե կընդունվի օրենք դրա լուծարման մասին` խնդրեմ, խնդիր չկա: Մենք նշանակվել ենք նախագահի կողմից` համապատասխան մարմինների առաջարկությամբ, թե քանի տարով, հրամանագիրն ասում է` 3, 5, 7»:

Հավելենք, որ ուրբաթ օրը ԿԸՀ-ն անցկացրեց իր առաջին աշխատանքային նիստը, որտեղ ընդունվեցին ընտրություններին առնչվող 17 որոշումներ: Ի դեպ` բոլորն էլ ընդունվեցին միաձյան եւ շատ արագ:

Ազարյանը, սակայն, չհամաձայնեց մամուլում տեղ գտած այն պնդումներին, թե նոր ձեւավորված ԿԸՀ-ն ավելի կառավարելի է, քան նախորդները, որտեղ գոնե ընդդիմադիր կուսակցությունների անդամներ կային:

«Որտեղից վերցրեցիք: Այս կազմը ընդամենը առաջին նիստը նոր ավարտեց: Օրակարգում կար 17 հարց: 17 հարցը մինչեւ հասավ նիստ, մենք առնվազն 7 օր այս սենյակում քննարկել ենք: Պարտադիր չէ, որ գնանք այնտեղ, անպայման խոսենք նրա համար, որ որեւէ օպերատոր ֆիքսի մեր բարձր ձայնը կամ մեր դժգոհությունը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց Գարեգին Ազարյանը:
please wait

No media source currently available

0:00 0:04:52 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG