Մատչելիության հղումներ

Մարտիրոս Սարյանի թոռնուհու դիմանկարները` մեծանուն նկարչի արվեստում


Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում այժմ ցուցադրվում է «Կնոջ կերպարը Սարյանի արվեստում» խորագրով ցուցահանդես, որտեղ ցուցադրվող մոտ 40 աշխատանքներից երեքում պատկերված է նրա ավագ թոռնուհին` Կատարինե Սարյանը:

Ընտանիքի անդամներից Սարյանի կտավներում ամենաշատը պատկերվել է նրա կինը` Լուսիկ Սարյանը, իսկ թոռնուհիներից, թերևս ավագը լինելու շնորհիվ, նկարչի կտավներում ամենից հաճախ Կատարինե Սարյանն է պատկերվել:

Մարտիոս Սարյանի ներկայիս տուն թանգարանը` ժամանակին նրա տունը, շրջապատված է եղել մեծ այգով, որտեղ Սարյանը առաջին անգամ նկարել է 12-ամյա թոռնուհուն:

«Այդ թվերին ես և իմ եղբայրը շատ ժամանակ էինք անցկացնում այգում, գրեթե ողջ օրը, երբ ազատ էինք դպրոցից, ամբողջ օրը ծառերի վրա էինք անցկացնում: Ես շատ աշխույժ երեխա էի ու խնդրեցի պապաիկին, ասացի. «Պապիկ ջան ես շատ երկար չնստեմ», ու 45-50 րոպեի ընթացքում մենք ավարտեցինք այս գեղեցիկ կտավը», -պատմում է Կատարինե Սարյանը:
Կատարինեին պատկերող առաջին կտավում նա նստած է այգում` մրգերի զամբյուղը ձեռքին:

Կատարինե Սարյանի հայրը` կոմպոզիտոր Ղազարոս Սարյանը, Մարտիրոս Սարյանի կրտսեր որդին էր, ում ընտանիքը ապրում էր նկարչի հետ:

Շուտով Կատարինեի` բալետի պարուհի դառնալու երազանքը նրան տանում է Մոսկվա, որտեղ էլ ստեղծվում է նրա հաջորդ դիմանկարը, որտեղ նա արդեն 15 տարեկան է: Ածխամատիտով արված կտավում Կատարինեն բոլորովին այլ հայացք ունի, քանի որ այստեղ նրա կյանքը շատ փոխվել է. Մոսկվայի Մեծ թատրոնի ուսումնարանում սովորելու տարիներին ստեղծված կտավում Կատարինեն ավելի լուրջ ու խորաթափանց է:

Ի տարբերություն Սարյանի շատ այլ բնորդուհիների, իր դիմանկարի ստեղծման մանրամասները Կատարինե Սարյանը այժմ լավ չի հիշում, քանի որ նկարիչը 15-ամյա Կատարինեի համար առաջին հերթին իր պապն էր, հետո միայն մեծանուն նկարիչ Մարտիոս Սարյանը:
«Միայն գիտեմ, որ այս կտավում մեծ փոփոխություն կա ի տարբերություն նախորդի, երբ ես թռվռում էի ծառերին», -ասում է նա:
Մոսկվայի փոքրիկ արհեստանոցում Սարյանը թոռնուհու կտավից բացի շատ այլ դիմանկարներ է ստեղծել, այդ թվում հանրահայտ ռուս դերասանուհի Տատյանա Սամոյլովայի դիմանկարը:

Կատարինեի 3-րդ դիմանկարը Մարտիրոս Սարյանը ստեղծում է 1963 թվականին, երբ 83 տարեկան էր, իսկ Կատարինեն արդեն երիտասարդ կին էր: Մարտիրոս Սարյանը այս ժամանակ ավելի հազվադեպ էր նկարում, քանի որ կյանքում դժբախտություն տեղի ունեցել. կորցել էր իր ավագ որդուն:

«Կամաց-կամաց մենք չորս կողմից ստիպում էինք նրան նկարել, գիտեինք, որ ստեղծագործելը նրան կհանի այդ վիճակից»:

Կատարինեն խնդրում է Մարտիոս Սարյանին նկարել իրեն, մասնակցում է նույնիսկ նկարի կոմպոզիցիայի մշակմանը:
Շատ տարիներ առաջ Կատարինեի տատիկի` Լուսիկ Սարյանի հանճարեղ դիմանկարը Փարիզի ցուցադրությունից նավով վերադառնալիս ճանապարհին այրվում է, և նկարչի մոտ 40 կտավ այդպես էլ տուն չի վերադառնում:

Սարյանների տանը այրված դիմանկարը պահպանվում է սև ու սպիտակ լուսանկարի տեսքով, որով հիացած Կատարինեն պապիկին խնդրում է իր դիմնկարում ստեղծել նման կոմպոզիցիա:

Կատարինե Սարյանի 3-րդ ու վերջին դիմանկարը նույնպես գտնվում է Սարյանի տուն թանգարանում, այն նկարչի վերջին յուղաներկով արված աշխատանքներից է:

Սարյանի ավագ թոռնուհին, իր դիմանկարների մասին պատմելիս, նշում է, որ Մարտիրոս Սարյանի արվեստը շատ օբյեկտիվ է գնահատում ու իրեն պատկերող երեք կտավները իր ամենասիրելի կանացի կերպարները չեն Սարյանի արվեստում:

please wait

No media source currently available

0:00 0:05:21 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG