Մատչելիության հղումներ

Ղարաբաղյան բանակցությունների ընթացքը Պենտագոնի պաշտոնյան «վտանգավոր» է որակում


ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոու

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոու

Միացյալ Նահանգները մտահոգված է ղարաբաղյան կարգավորման ներկա գործընթացով: ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի` միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն հինգշաբթի օրը հայտարարել է, որ խաղաղարար ջանքերում «հետընթաց քայլ է» արձանագրվել:

Ամերիկյան Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովում հրավիրված «ԱՄՆ-ի քաղաքականությունն ու ԵԱՀԿ-ն» խորագրով լսումների ժամանակ Վերշբոուն ղարաբաղյան բանակցությունների ընթացքը «վտանգավոր» է գնահատել:

«Հունիսի 24-ին Կազանում կայացած բանակցություններում բեկում ապահովելու փորձերը հաջողությամբ չպսակվեցին, իսկ լարվածությունը կողմերի շփման գծում աճում է», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ` նշել է նա եւ ընդգծել. - «Հայաստանն ու Ադրբեջանը նախկինի պես ի վիճակի չեն ավարտին հասցնել հակամարտության կարգավորման բազային սկզբունքների համաձայնեցման գործընթացը, եւ մենք մնում ենք ապակառուցողական ու վտանգավոր փակուղային իրավիճակում»:

Իր հերթին, ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը, ով եւս մասնակցել է լսումներին, հայտարարել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը կողմ է, որպեսզի ԵԱՀԿ-ն շարունակի իր անմիջական դերակատարությունը հետխորհրդային տարածքում «սառեցված» հակամարտությունների կարգավորման գործում:

Ըստ Գորդոնի` Լեռնային Ղարաբաղի, Վրաստանի, Մոլդովայի ձգձգվող հակամարտություններն ունեն քայքայիչ ներուժ, որն ի զորու է ապակայունացնել անվտանգությունը ԵԱՀԿ-ի տարածաշրջանում:

«Այդ հակամարտությունների հաղթահարումը պետք է ԵԱՀԿ-ի եւ նրա անդամ պետությունների համար մնա բարձր առաջնահերթությունների շարքում», - ընդգծել է ԱՄՆ-ի փոխպետքարտուղարը:

«Հայաստանի դիրքորոշումը եղել եւ մնում է կառուցողական»


«Ակնհայտ է, որ կարգավորման գործընթացը խոչընդոտողն ու փակուղի տանողը Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը չեն, այլ Ադրբեջանը: Հայաստանի դիրքորոշումը եղել եւ մնում է կառուցողական, այն է` խնդիրը լուծել միջազգային իրավունքի ու նորմերի շրջանակներում, եւ այս իրողությունը նախօրեին եւս մեկ անգամ փաստեց Հայաստանի նախագահը` Լեհաստանի ղեկավարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ», - այսօր «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով մեկնաբանելով ԱՄն-ի պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Վերշբոուի հայտարարությունը, ասաց իշխող Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Թե՛ Կազանից առաջ, թե՛ Կազանից հետո, թե՛ հիմա արդեն Էրդողանի հետ ասուլիսի ժամանակ պաշտոնական Բաքուն եւ նրա ղեկավարը ցույց տվեցին, որ նրանք չեն բացառում խնդրի ռազմական լուծումը: Այս իմաստով կարծում եմ, որ Բաքվի նմանատիպ հայտարարությունները պետք է պետք է հստակ արձագանք գտնեն միջազգային հանրության, այդ թվում նաեւ մեր ամերիկացի գործընկերների կողմից», - հավելեց Շարմազանովը:

Մինչդեռ, Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր միավորման արտաքին հարաբերությունների հանձնախմբի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանի կարծիքով, միջնորդ երկրների, ու մասնավորապես` Միացյալ Նահանգների հայտարարություններում նկատվող աճող հոռետեսության պատճառը միայն Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքը չէ: Ըստ նրա` բազմաթիվ ոլորտներում, այդ թվում արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանի իշխանությունների ձախողումները եւս նպաստում են դրան:

«Այն նահանջը, որ թույլ է տվել Հայաստանը` խոսքը արդեն իսկ հրապարակված մադրիդյան փաստաթղթի մասին է, եւ այն դրույթները, որոնք ձեռնտու չեն Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի համար, եւ նահանջ են գրանցում, մասնավորապես, 97 թվականի փաստաթղթի հետ համեմատ, ավելի այլասերում է եւ սանձարձակ դարձնում Ադրբեջանի ղեկավարությանը, որը շարունակում է սաստկացնել իր կեցվածքը Հայաստանի նկատմամբ», - հայտարարեց Վլադիմիր Կարապետյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG