Մատչելիության հղումներ

Հայկական կենսաչափական անձնագրերը կտպի լեհական ընկերությունը


Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու Հայաստան պաշտոնական այցի ընթացքում համաձայնագիր է ստորագրվել, ըստ որի` մրցույթում հաղթած լեհական արժեթղթեր տպող մի ընկերություն ստացել է հայկական անձնագրերը տպելու պատվեր:

Երեկ հայ եւ լեհ գործարարների հետ հանդիպման ժամանակ Լեհաստանի նախագահը այդ համաձայնագիրը համարել է գործարար կապերի զարգացման լավ նշան:

«Վստահ եմ, որ հպարտ մի երկրի՝ Հայաստանի քաղաքացիները, ձեռքներին ունենալով իրենց քաղաքացիությունը փաստող անձնագիրը, նաեւ կիմանան, որ դրանում կա Լեհաստանի որոշակի նպաստը», - Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` ասել է Կոմորովսկին եւ հավելել. - «Կցանկանայի վստահություն հայտնել, որ մյուս գործարարներն ականատես լինելով այս պայմանագրին եւ դրա հաջողությանը՝ կխրախուսվեն հետագայում Հայաստանում ներդրումներ անելու համար»:

«Պարո՛ն նախագահ, կենսաչափական այն անձնագրերը, որ Հայաստանի քաղաքացիները կունենան, նաեւ Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ հարաբերությունների բարձր մակարդակի գերազանց առհավատչյա կլինեն», - ընդգծել է Լեհաստանի նախագահը` դիմելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին:

Կենսաչափական անձնագրերի ներդրումը Հայաստանում նախատեսվում էր սկսել այս տարվա սեպտեմբերին, սակայն, ինչպես վերջերս «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել է Ոստիկանության Անձնագրերի եւ վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանը, գործընթացը հետաձգվում է մեկ տարով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG