Մատչելիության հղումներ

logo-print

Քաղաքական վերլուծաբան, Կարնեգիի հիմնադրամի փորձագետ Թոմ դե Վաալի խոսքով, ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցությունները ներկայումս բավական դժվարին փուլ են մտել:

Վերջին` Կազանում կայացած հանդիպման ժամանակ, մասնավորապես, պաշտոնական Բաքուն մոտ մեկ տասնյակ փոփոխություն է ներկայացրել Կրեմլի մշակած փաստաթղթում եւ դրանով իսկ ձախողել հանդիպումը, որից մեծ ակնկալիքներ ունեին ոչ միայն Ռուսաստանի նախագահը, այլեւ միջնորդ մյուս երկրների ղեկավարները:

Վերլուծելով նրանց կամքին դեմ գնալու եւ համաձայնության չգալու` Ադրբեջանի շարժառիթները, հայտնի վերլուծաբանը դրանք բաժանում է երեք խմբի:

Առաջին, ըստ Թոմ դե Վաալի, պաշտոնական Բաքուն առարկություններ ունի Լաչինի միջանցքի շուրջ. Ադրբեջանի դիվանագիտական աղբյուրները, մասնավորապես, փորձագետին փոխանցել են, թե Կրեմլի պատրաստած` հիմնարար սկզբունքների վերջին տարբերակում Լաչինի կարգավիճակը հստակեցված չի եղել:

Փաստաթուղթը, մասնավորապես, նախատեսել է, որ քաղաք Լաչինը պետք է ինչ-որ` դեռեւս ոչ հստակ կարգավիճակ ունենա, որը կճանաչի թե' հայկական կողմի մտահոգությունները` անվտանգության շուրջ, թե' Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Սակայն Բաքուն առարկում է, թե այդ միջանցքի սահմանները հստակ չեն նշվում, մյուս կողմից` չի հստակեցվում, թե ինչ կարգավիճակ են ունենալու Լաչինի շրջանում ընդգրկված եւ որպես միջանցք չծառայող 39 գյուղերը, եւ արդյոք այնտեղից բռնի տեղահանված ադրբեջանցիներին վերադառնալու իրավունք է տրվելու:

«Պաշտոնական Բաքուն նաեւ առարկում է գաղափարին, որի համաձայն` Լեռնային Ղարաբաղը միջանկալ կարգավիճակ ստանալու դեպքում հնարավորություն է ունենալու անդամակցել միջազգային կազմակերպություններին», - գրում է փորձագետը` միաժամանակ ընդգծելով. - «Անհասկանալի է, սակայն, թե ինչու է Ադրբեջանի ղեկավարությունը այս հարցերը բարձրացրել ոչ թե նախօրոք, այլ` հանդիպման ժամանակ, որից Արեւմուտքն արդեն լուրջ առաջընթաց էր ակնկալում»:

Դրա հնարավոր պատճառներից մեկը, ըստ Թոմ դե Վաալի, Ադրբեջանի ունեցած երկրորդ մտահոգությունն է:

Փորձագետի համոզմամբ, մասնավորապես, Բաքուն Ռուսաստանին համարում է հայամետ, բացի այդ, թերահավատորեն է վերաբերվում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին, որի արմատներում հայկական արյուն է հոսում:

Մյուս կողմից, փորձագետի խոսքով, Ադրբեջանում դեռեւս վստահ չեն` ով է ստանձնելու Ռուսաստանի կառավարման ղեկը հաջորդ` 2012 թվականի նախագահական ընտրություններից հետո, եւ մտավախություն ունեն, որ այսօր ձեռք բերված պայմանավորվածությունը Պուտինի առաջադրման դեպքում կարող է ձախողվել:

Երրորդ պատճառը, որը, ըստ փորձագետի, ստիպում է Ադրբեջանին ետ կանգնել շուտափույթ համաձայնությունից, տեսակետն է, թե ժամանակը այժմ աշխատում է հենց իրենց օգտին:

Բաքվում, մասնավորապես, վստահ են, որ տարածաշրջանում շարունակվող սպառազինությունների մրցավազքը ի վերջո սնանկացնելու է Հայաստանին, եւ մի քանի տարի անց արդեն հայկական կողմը շատ ավելի թույլ է լինելու ու գնալու է փոխզիջման` Ղարաբաղի վերջնական կարգավիճակի շուրջ:

Խնդրի կարգավորմանը հետեւող ցանկացած փորձագետի համար, սակայն, այս համոզմունքը քննության չի դիմանում, գրում է Թոմ դե Վաալը` մանրամասնելով. - «Հայերն էլ, իրենց հերթին, հակադարձում են, թե Հայաստանը այժմ ավելի ուժեղ պետություն է, քան 20 տարի առաջ, կարող է մշտապես լուրջ օգնություն ակնկալել սփյուռքից, բացի այդ` անցնող տարիները է'լ ավելի են ամրապնդում Լեռնային Ղարաբաղի` դեռեւս չճանաչված պետականությունը, որտեղ մինչեւ 30 տարեկանների մեծ մասը երբեւէ ադրբեջանցու չի հանդիպել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG