Մատչելիության հղումներ

Լեհաստանը սատարում է Հայաստանի անդամակցությանը Եվրամիությանը


Հայաստան -- Նախագահ Սերժ Սարգսյանը դիմավորում է իր լեհաստանցի գործընկերոջը` Բորնիսլավ Կոմորովսկուն, Երեւան, 28-ը հուլիսի, 2011թ.

Հայաստան -- Նախագահ Սերժ Սարգսյանը դիմավորում է իր լեհաստանցի գործընկերոջը` Բորնիսլավ Կոմորովսկուն, Երեւան, 28-ը հուլիսի, 2011թ.

Պաշտոնական այցով երեկ Երեւան ժամանած Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին այսօր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց, որ Լեհաստանը սատարում է այն գործողությունները, որոնք ուղղված են Հայաստանի անդամակցությանը Եվրամիությունը:

Լեհաստանը Եվրամիության ներկայիս նախագահող երկիրն է, եւ ասուլիսին Կոմորովսկին անդրադարձավ ինչպես հայ-լեհական, այնպես էլ Հայաստան – Եվրամիություն հարաբերություններին:

Լեհաստանի նախագահը նախ շնորհավորեց Սերժ Սարգսյանին Հայաստանի շախմատի հավաքականի հաղթանակի կապակցությամբ` նշելով, որ շախմատը նախ եւ առաջ պահանջում է համբերություն եւ քայլերի հետեւողականություն:

«Հաջողություն ենք մաղթում Հայաստանին` Եվրամիության հետ համագործակցության հարցերում: Լեհաստանը սատարում է այն գործողությունները, որոնք ուղղված են Հայաստանի անդամակցությանը Եվրամիությունը: Այդ իսկ պատճառով շատ կարեւոր է նպաստել, ինչպես նաեւ սատարել այն որոշումները, որոնք իսկապես առաջ կմղեն Հայաստանի` Եվրամիությանն անդամակցելու գործընթացը», - ասաց Լեհաստանի նախագահը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խնդրին, Բրոնիսլավ Կոմորովսկին նշեց, որ պետք է հարգվեն երկու սկզբունքներն էլ` ինչպես տարածքային ամբողջականության, այնպես էլ ազգերի ինքնորոշման:

Իր հերթին անդրադառնալով հայ-լեհական հարաբերություններին` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նշեց, որ Լեհաստանը դիտում են որպես բարեկամ պետություն, վստահելի գործընկեր եւ որ ամենակարեւորն է` ընդհանուր արժեքներ կրող երկիր, որոնց վրա կառուցված բարեկամությունը արժանահավատ է եւ անխախտ:

Հայաստանի նախագահը նաեւ ընդգծեց, որ միջպետական հիմքերի վրա դրված հայ-լեհական երկխոսությունը տարեց տարի ընդլայնվում եւ զարգանում է, եւ նախագահ Կոմորովսկու պաշտոնական այցը Հայաստան դիտում է որպես կարեւորագույն քայլ այդ ճանապարհին, եւ բարձր մակարդակի հարաբերությունները առաջ մղելու եւ խորացնելու ցանկության ընդգծված արտահայտություն:

Այսօր ավելի վաղ Լեհաստանի նախագահն այցելել էր Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, այնուհետեւ առանձնազրույց ունեցել Սերժ Սարգսյանիհետ, որից հետո կայացել են ընդլայնված կազմով բանակցություններ` երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` ստորագրվել են երկկողմ հարաբերությունների զարգացմանը ուղղված փաստաթղթեր:

Վաղը Լեհաստանի նախագահը հանդիպելու է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, ապա այցելելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ հանդիպելու է Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ:

Ուրբաթ օրվա երկրորդ կեսին Բրոնիսլավ Կոմորովսկին կմեկնի Հայաստանից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG