Մատչելիության հղումներ

ՀԱԿ ակտիվիստները պահանջում են պատժել ոստիկաններին


Արխիվ -- ՀԱԿ ակտիվիստ Վահագն Գեւորգյան, 12-ը սեպտեմբերի, 2009թ.
Արխիվ -- ՀԱԿ ակտիվիստ Վահագն Գեւորգյան, 12-ը սեպտեմբերի, 2009թ.
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թեւի ակտիվիստներ Վահագն Գեւորգյանը եւ Արեգ Գեւորգյանը այսօր դիմել են գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին` խնդրելով քրեական պատասխանատվության ենթարկել, իրենց բնորոշմամբ` «հակաօրինական գործողություն կատարած ոստիկանության աշխատակիցներին»:

Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թեւի ակտիվիստները գլխավոր դատախազությանը ներկայացրած հաղորդման մեջ նշել են, որ հուլիսի 28-ին, գիշերը ժամը 3-ի սահմաններում, «Նաիրի» կինոթատրոնի դիմաց թռուցիկներ են փակցրել ընդդիմության` օգոստոսի 2-ի հանրահավաքի իրազեկման նպատակով, երբ նրանց են մոտեցել «ոստիկանության պարեկապահակային ծառայության աշխատակիցներ, քաղաքացիական հագուստով անձինք, առանց ներկայանալու, առանց օրինական որեւէ պահանջ ներկայացնելու, հարձակում են գործել եւ քաշքշել, իսկ Վահագն Գեւորգյանը եւ Արեգ Գեւորգյանը ստացել են մարմնական վնասվածքներ»:

«Ոստիկանները հարձակվեցին մեզ վրա», - «Ազատություն» ռադիոկայանին պատմեց հանցագործության մասին հաղորդում ներկայացրած Վահագն Գեւորգյանը: - «Այն ոստիկաններն էին, ովքեր այդպիսի ավազակային հարձակումներ են կատարում մեզ վրա: Թեթեւ քերծվածքներ կան իմ վզի վրա», - ասաց ՀԱԿ ակտիվիստը` ցույց տալով վնասվածքը:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ «ոստիկանության ծառայողները ընդամենը դիտողություն են արել` պահանջելով իրազեկման թերթիկները չփակցնել դրանց համար չնախատեսված վայրում »:

Արեգ Գեւորգյանը չհամաձայնեց. - «Թռուցիկները մենք, ինչպես միշտ, փակցնում ենք սյուների վրա: Եվ օրենքով մեզ չի արգելվում կպցնել սյուների վրա»:

Ինչ վերաբերում է ոստիկանության հայտարարությանը, թե ոստիկաններն «ընդամենը դիտողություն են արել», Արեգ Գեւորգյանը հայտարարեց. - «Գիշերվա իրենց արածը հերթական սադրանքն էր, իսկ իրենց ասածը հերթական սուտն է, որ կարողանան փակել իրենց հանցագործությունը, պահել իրենց հանցագործ ոստիկաններին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG