Մատչելիության հղումներ

Հայաստանի ՊՆ. «Հայկական կողմը շարունակում է պահպանել հրադադարը»


«Հայկական կողմը շարունակում է պահպանել հրադադարի ռեժիմը եւ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում է պատասխան գործողությունների դիմում: Եթե Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու դեպքում հայկական կողմի պատասխան գործողությունների հետեւանքով տուժում է Ադրբեջանի որեւէ քաղաքացի, ապա դրա ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի վրա», - այսօր հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը:

Մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը ադրբեջանական կողմում 22-ամյա կնոջ վիրավորվելու մասին` Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը նաեւ ասել է. - «Ի դեպ, ադրբեջանական կողմը կարող է դիմել միջազգային համապատասխան կառույցին` հետաքննություն իրականացնելու համար»:

«Ադրբեջանական լրատվամիջոցների համար սովորույթ է դարձել տեղեկություններ տարածել, թե իբր հայկական կողմից արձակած կրակի հետեւանքով զոհվել կամ վիրավորվել է ադրբեջանցի քաղաքացիական կամ զինվորական անձ: Ադրբեջանական լրատվամիջոցները ճիշտ կանեին, եթե հրապարակեին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վիճակագրությունը, որը ամիս առ ամիս կտրուկ աճ է արձանագրում եւ պատճառում նորանոր վնասներ», - ընդգծել է Դավիթ Կարապետյանը:

Որպես օրինակ` նա նշել է, որ բոլորովին վերջերս` հուլիսի 26-ին, ժամը 18.20-ին, Հայաստանի զինված ուժերի պայմանագրային զինծառայողներ` 35-ամյա Կարեն Ղուկասյանը եւ 24-ամյա Մանվել Վանեսյանը, գտնվելով Տավուշի մարզի սահմանային մարտական դիրքերից մեկում, ադրբեջանական կողմի կրակահերթի հետեւանքով մարտական հենակետի բետոնե պատի բեկորների անդրադարձից ստացել են մարմնական վնասվածքներ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG