Մատչելիության հղումներ

Հուլիսի 28-ի մամուլ


«Հրապարակ»-ի խմբագիրը գրում է. - «Երեկ մթնոլորտը հագեցած էր հաղթանակով: Շախմատի արքաները մեզ բոլորիս այնպիսի բերկրանք պատճառեցին, որ սովորաբար մարդն ունենում է խիստ անձնական ու կոնկրետ հաջողության դեպքում: Այս մեկը, փաստորեն, համազգային հաջողություն էր, համապետական նշանակության իրադարձություն, որ հաղթանակի շնչահեղձ անող զգացում էր պարգեւել բոլորիս: Ոմանք, անշուշտ, այս համընդհանուր էյֆորիայի մեջ սեւ բծեր էլ գտան ու հայտարարեցին, որ հաղթանակը քաղաքականացվում է՝ «տեսա՞ք Սերժ Սարգսյանը հենց տրապի մոտ դիմավորեց հերոսներին»: Եվ դա մեկնաբանվեց որպես հաղթանակը սեփականացնելու, դրանից դիվիդենտներ շահելու փորձ: Գուցե, սակայն, դրան էլ կարելի է ներողամտորեն վերաբերվել՝ հաղթանակին մոտ լինելու, այն զգալու եւ օգտագործելու գայթակղությունից զերծ մնալ ոչ բոլորն են ի վիճակի»:

Lragiir.am-ի հետ հարցազրույցում հրապարակախոս Արա Նեդոլյանը ասում է. - «Սահմանադրական կարգն ինչ է... սա կարգ է, որտեղ հարցերը լուծվում են բանական ձեւով եւ ի նպաստ հասարակության, ի նպաստ ամեն մեկին: Ոչ սահմանադրական կարգը մի հասարակարգ է, երբ հարցերը ռացիոնալ եւ ի նպաստ չեն կարող լուծվել, քանի որ առաջնային են դառնում ինչ-որ առանձին անձանց կամ խմբավորումների շահերը, որոնք գերադասվում են հասարակության շահին եւ բանական լուծումներին: Մենք տեսնում ենք, որ Հայաստանում որեւէ հարց բանական լուծում չի ստանում, լինի դա կրթություն, բանակ, քաղաքաշինություն, լինի դա տնտեսական կամ արտաքին քաղաքականություն: Մեխանիզմ է հարկավոր, որը թույլ կտա բանական ձեւով լուծել հարցերը: Բանականը նաեւ բարոյականն է: Այդ մեխանիզմը հենց սահմանադրական կարգն է: Այնպես որ, սահմանադրական կարգի հաստատումը ոչ թե ինչ-որ քաղաքական ուժի բարի ցանկություն է, կամքը, այլ երկրի գոյության ձեւն է, բոլոր մարդկանց միջեւ, բոլոր սոցիալական կառույցներում գործող խաղի կանոններ: Լեգիտիմ իշխանությունը համաձայնվում է ընդունել սահմանադրությունը որպես գործելու հիմնական ու միակ միջոց: Սա նշանակում է, որ անկախ նրանից, թե ով կլինի իշխանության, եւ թե ինչ ծրագրեր կներկայացնի, հասարակությունում կշարունակվի քաղաքական պրոցես»:

«Երկիր» թերթի մեկնաբանը կոալիցիա - ՀԱԿ երկխոսության մասին գրում է. - «Եթե այդ քննարկումներին քաղաքական մյուս ուժերը մասնակցություն չունեն, եւ բանակցող երկու կողմերն էլ, գաղտնիության ռեժիմ սահմանելով, մյուսներին փաստացի վանում են դրանից, ապա ինչպիսի վարքականոն էլ մշակեն, այն լինելու է ոչ թե ողջ քաղաքական դաշտի կոնսենսուսի, այլ բացառապես իշխանության եւ ընդդիմության մի հատվածի պայմանավորվածությունների արդյունքը: Եվ որպես այդպիսին` այն կարող է ընդունելի չլինել մյուսների համար: Կարելի է ասել` այս բանակցությունների մեջ իշխանությունը մտնում է առանց որեւէ կոնկրետ օրակարգի: Վարքականոնի շուրջ քննարկումները ոչ մի բան չեն կարող նշանակել, որովհետեւ Կոնգրեսի խնդիրը ոչ թե էթիկայի նորմերի հիման վրա արդար եւ օրինական ընտրությունների ապահովումն է, այլ արտահերթ ընտրությունների անցկացման շուրջ համաձայնությունների հանգումը: Եվ չի կարելի պատկերացնել, որ որեւէ բանական քաղաքական ուժ կարող է հայտարարել, թե ինքը չի ցանկանում առաջնորդվել համընդունելի վարքականոնով»:

«Առավոտ»-ը զրուցել է Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ: Լրագրողը հարցնում է. -«Կարծեմ մի ժամանակ Դուք այդ երկխոսությանը համաձայն չէիք»: Պատասխան. - «Երբեմն-երբեմն մամուլում գրում են, թե Գալուստ Սահակյանը համաձայն չէր, բայց տեսեք, թե ինչ եղավ: Մարդիկ չեն կարողանում իրենց պատկերացումների մեջ գնահատել, թե ինչ բան է երկխոսությունը, ինչ բան է պատվիրակություն ունենալը: Ըստ էության, իմիտացիա են փորձում ստեղծել, երկրում երկիշխանություն է, եւ բանակցելու խնդիր կա` չմտածելով, որ բանակցությունների մեջ իրենք տալու ոչինչ չունեն, իշխանությունները շատ բան ունեն տալու, իսկ այդ տալու չափը եւ չափորոշիչը հետեւյալն է` եկեք այնպես անենք, որ կարողանանք համապետական ընտրությունները ողջամիտ ձեւով անցկացնենք եւ ավելի դրական գնահատականներ ունենանք ժողովրդի եւ միջազգային հանրության կողմից»:

«Ժամանակ»-ի խմբագրականում կարդում ենք. - «ԱՄՆ Սենատը հետաձգել է Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածու Ջո Հեֆֆերնի թեկնածության լսումը, ինչը նշանակում է, որ առնվազն մինչեւ աշուն ԱՄՆ Հայաստանում իր նոր դեսպանի նշանակման հարց չի լուծի: Այդ զարգացումը բավական հետաքրքրական է, եթե համադրենք Հայաստանի ներկայիս ներքաղաքական զարգացումների եւ դրանցում աշնանը նախանշվող իրադարձությունների, մասնավորապես արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների մասին քաղաքական որոշման կայացման հեռանկարի հետ: Ակնհայտ է, որ Հայաստանում աշնանը լուծվելու է այդ հարցը: Կամ կայացվելու է արտահերթի մասին որոշում՝ նախագահի կամ խորհրդարանի, կամ էլ աշնանային զարգացումները կփակեն արտահերթի թեման: Հազիվ թե Հայաստանն այդ հարցում աշնանը լինի անորոշ վիճակում: Եվ այդ առումով ԱՄՆ փաստորեն մինչ այդ գերադասում է Հայաստանում դեսպան չունենալ, չշտապել այդ հարցում»:
please wait

No media source currently available

0:00 0:04:38 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG