Մատչելիության հղումներ

Ֆրանսահայ դերասանը դժգոհ է Սփյուռքի մշակույթին հատկացվող ուշադրությունից


Ֆրանսահայ դերասան եւ բեմադրիչ Ժիրայր Փափազյանը:

Ֆրանսահայ դերասան եւ բեմադրիչ Ժիրայր Փափազյանը:

Ֆրանսահայ դերասան, բեմադրիչ եւ պրոդյուսեր Ժիրայր Փափազյանը համարում է, որ վերջին տասնամյակներում սփյուռքահայ համայնքները ավելի պասսիվ են ազգային մշակույթի զարգացմանն առնչվող հարցերում:

Չորեքշաբթի օրը Երեւանում լրագրողների հետ հանդիպմանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե որքանով է ֆրանսահայ համայնքը աջակցում մշակութային ձեռնարկներին, Փափազյանը պատասխանեց. - «5 տոկոս: Համայնքից հույս չկա: Ես միշտ կարծում էի, որ մենք` հայերս, Փարիզում ապրելով կամ Լոնդոնում ապրելով, կմշակվենք, կզարգանանք մշակույթի նկատմամբ: Բայց, կարծում եմ, մենք մնում ենք մեր տրադիցիաների մեջ, դա հայապահպանում ենք անվանում»:

«Սփյուռքում մշակույթ չի մնացել», - շարունակեց նա: - «Աղավաղվել ենք, կորել ենք, օտարացել ենք… Գոնե Ֆրանսիայում կարող եմ ասել: Գուցե ծայրահեղ եմ ասում… բայց ընդհանուր պատկերը սա է` Ցեղասպանությունից բացի, ուրիշ բան չկա: Ինձ ասում են` Ֆրանսիայում ի՞նչ հայկական մշակութային գործունեություն կա, ասում եմ` չորս անգամ տարին Բարեգործականում Ցեղասպանության մասին կոնֆերանս: Փող չկա»:

Փափազյանի խոսքով, մշակութային ձեռնարկների համար կարող են նաեւ պետությունից օժանդակություն ստանալ. - «Բայց դոտացիա կարող ենք ստանալ, եթե Հայաստանն էլ տա: Այդպես են անում իրենք: Երբ ասում ենք` Հայաստանը նույն մակարդակի փողերով չի շարժվում, ասում են` այդ դեպքում ձեր հարուստները թող տան: Իսկ մեր հարուստները չկան, չեն տալիս»:

Նա ասաց, որ շատ դժգոհ է նաեւ բարեգործական միություններից. - «Ե'վ բարեգործական միությունները, ե'ւ հիմնադրամները, ե'ւ «Հայաստան» հիմնադրամը, բոլորը մերժում են: Եվ բոլորի պատասխանը այն է, թե` ես Հայաստանում եկեղեցի եմ կառուցում, ես Հայաստանում դպրոցը պահպանում եմ, ես Հայաստանում շենք եմ բարձրացնում, ես Ղարաբաղում ջուր եմ տանում: Ասում եմ` լավ, հասկացանք, ճիշտ եք անում, լավ եք անում, բայց մի տոկոս մի կողմ դրեք մշակույթի համար, մնացածը ուղարկեք: Չգիտեմ քանի միլիոն «Տելեթոն»-ի ժամանակ հավաքեցին: Լավ, ո՞վ կմահանա, եթե այդ 5 տոկոսը դնեն մշակույթ, մնացյալը ուղարկեն Հայաստան»:

Փափազյանը շեշտեց, որ իր ասածը վերաբերում է ոչ միայն ֆրանսահայ համայնքին. - «Վերջին 40 տարիներին Սփյուռքում առիթ եմ ունեցել տարբեր գաղութներում` Լոս Անջելես, Դեթրոյթ, Նյու Յորք, Մոնրեալ, Լոնդոն, Փարիզ, Կիպրոս, պուլսերը բռնել եւ տեսնել ինչ է կատարվում: Նույնն է կացությունն ամեն տեղ»:

Դերասանը պատմեց Ֆրասիայում իր վերջին բեմադրության` Տիգրան Չուխաջյանի «Կարինե» օպերետի մասին, որը անցած տարի մեծ հաջողություն է ունեցել Փարիզում, ինչից հետո հրավեր է ստացել Մարսելի հանրահայտ «Օդեոն» թատրոնից:

«Սեզոնի բացումը եղավ, որը շատ կարեւոր է, որովհետեւ «Օդեոնը» ֆրանսիական օպերետների ծննդավայրն է», - նշեց Փափազյանը` շարունակելով. - «Թերթում լավ հոդված էր գրված, թե ինչքան ճիշտ ընտրություն էր «Օդեոն» թատրոնի կողմից սեզոնը բացել այս գեղեցիկ գործով»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG