Մատչելիության հղումներ

Միգրացիոն ծառայության պետը արտագաղթը պայմանավորում է «տնտեսական աշխուժացմամբ»


Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը:
Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը:

Տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն ծառայության պետը շարունակում է պնդել, որ Հայաստանում ահագնացող արտագաղթ չկա:

«Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում Գագիկ Եգանյանը նշեց, թե ինքը չի ասում, որ արտագաղթ ընդհանրապես չկա. արտագաղթ կա, բայց վերջին տարիներին կտրուկ փոփոխություններ չեն արձանագրվել:

Սակայն, հարցին, թե կոնկրետ որքան է կազմում արտագաղթը, Եգանյանն արձագանքեց, թե չի կարող պատասխանել, քանի որ այդ ուղղությամբ հետազոտություններ չկան: Վերջին հետազոտությունը կատարվել է 2007 թվականին, եւ դրա համաձայն, 2002-2007 թվականներին Հայաստանից արտագաղթել է 150 հազար մարդ:

«Կտրուկ, հեղափոխական ցնցումներ արտագաղթի հետ կապված վերջին երկու տարիներին չի եղել», - հայտարարեց նա` փաստարկելով, թե արտագաղթի ահագնացող թվերը պետք է իրենց արտացոլումը գտնեին ուղեւորահոսքերում, մինչդեռ դրանք այդքան էլ մեծ թիվ չեն կազմում:

Նա, իհարկե, համաձայն է, որ ուղեւորահոսքերը վերջին տարիներին աճել են, ինչը, սակայն, «դեռեւս արտագաղթ չէ», քանի որ «ամեն մի ուղեւոր միգրանտ չէ»:

Նշենք, որ Միգրացիոն ծառայության տվյալներով, 2008 թվականին Հայաստանից գնացել ու չի վերադարձել 23 հազար, 2009-ին` 25 հազար, իսկ 2010-ին` 30 հազար մարդ: Ընթացիկ տարվա առաջին վեց ամիսների ընթացքում այդ ցուցանիշը կազմում է 67 հազար մարդ:

Գագիկ Եգանյանը, մինչդեռ, դա պայմանավորում է տնտեսական աշխուժացմամբ. - «Այո, աճել է նաեւ մեկնողները քանակությունը: Ինչո՞վ կարող է պայմանավորված լինել: Սա որպես վարկած ընդունեք` սկսվել է տնտեսական աշխուժացում: Ճգնաժամից դուրս է եկել համաշխարհային տնտեսությունը` մեծ հաշվով, եւ հատկապես Ռուսաստանը` որպես հիմնական նշանակետ երկիր: Եվ ավելի շատ մարդիկ հնարավորություն ունեն արտագնա աշխատանքի մեկնել»:

Թեեւ նա ճիշտ չի համարում տարին չավարտված եզրահանգումներ անել, այդուհանդերձ, երբ գումարում ենք ծառայության կողմից ներկայացված թվերը, ապա ստացվում է, որ 2008-ից մինչեւ 2011-ի առաջին վեց ամիսները Հայաստանից մեկնել եւ չի վերադարձել մոտ 150 հազար մարդ:

Նշենք, որ ընդդիմությունը պնդում է, թե այդ թիվը իրականում շատ ավելի մեծ է եւ հասնում է 250 հազարի:

Արձագանքելով սրան` Գագիկ Եգանյանը ասաց, թե ինքը նման թվերի չի տիրապետում. - «Դրա համար, ով որ թիվ է հնչեցնում, ամենաճիշտը կլինի իրենց հարց ուղղել` սիրելիներս, հարգելիներս, ի՞նչ աղբյուրների հիման վրա եք այդ թվերը հնչեցնում… Ես խոստատում եմ` ես իմ աղբյուրները փոխեմ, խնդիր չկա: Բոլորիս էլ դա մտահոգող հարց է»:

ՀԱԿ-ի անդամ, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով արձագանքելով Եգանյանի հարցադրմանը` ասաց, որ իրական բնակչության թիվը ճշտելու համար կան բազմաթիվ մեթոդներ, որոնց համադրման դեպքում բավական ճշգրիտ արդյունքներ են ստացվում` սննդի օգտագործման քանակի հաշվարկը, ցուցակագրման մեթոդը եւ այլն: Կան նաեւ միջազգային կառույցների տվյալները, ինչպես նաեւ իրական տվյալներին տիրապետող մասնագետներ:

Արամ Մանուկյանը իբրեւ ցուցանիշ է դիտարկում նաեւ մեծ թվով հայաստանցիների Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու փաստը. անցած 8-9 տարիների ընթացքում մոտ 300 հազար հայ ստացել է Ռուսաստանի քաղաքացիություն:

Ըստ Միգրացիոն ծառայության տվյալների, Հայաստանից հիմնականում հեռանում են աշխատատեղերի բացակայության պատճառով:

«Չեմ փոշմանել, որ գնացել եմ: Շնորհակալություն Ռուսաստանին, որ տալիս է լայն հնարավորություններ ազատ մտածող, աշխատող մարդկանց` աշխատելու, ստեղծելու համար», - «Զվարթնոց» օդանավակայանում «Ազատություն» ռադիոկայանին ասաց Անուշիկ Սահակյանը, ով 12 տարի առաջ է մեկնել Հայաստանից: - «Երեխաս այստեղ է սովորում, եկել էի տեսնելու»:

«Երեխաներս են գնում, արդեն արտագաղթած են: Այդ թեման շատ ցավոտ է: Բոլորն էլ գիտեն, որ պայմանները այստեղ այն չեն, որ մարդիկ Հայաստանում իրենց լիարժեք մարդ զգան ու չգնան», - ասաց միջին տարիքի մի կին:
please wait

No media source currently available

0:00 0:05:41 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG