Մատչելիության հղումներ

Պաշտպանության նախարարը ներկայացրել է Հայաստան-ՆԱՏՕ ԱԳԳԾ ընթացիկ տարվա զեկույցը


Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գնահատմամբ, ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) երկրորդ շրջափուլի գլխավոր արդյունքը ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման իրագործումն էր:

Այս մասին ՀՀ պաշտպանության նախարարը ասել է` ելույթ ունենալով հուլիսի 27-ին Բրյուսելում անցկացվող Հյուսիսատլանտյան խորհրդի 28+Հայաստան ձեւաչափով նիստում, որի ընթացքում քննարկվել է ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների 2011թ. զեկույցը ու ԱԳԳԾ նորացված՝ երրորդ շրջափուլի փաստաթղթի նախագիծը։

«ԱԳԳԾ երկրորդ շրջափուլի շրջանակներում Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցության գլխավոր արդյունքը ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման /ՊՌՎ/ իրագործումն էր, մի գործընթաց, որն ուղղված էր Պաշտպանությունը երկրի շուրջ ձեւավորված անվտանգային միջավայրին համապատասխանեցնելուն եւ այդ միջավայրից բխող սպառնալիքների հետ հավասարակշռելուն», - պաշտպանության նախարարության տարածած հաղորդագորության համաձայն` ասել է Սեյրան Օհանյանը, հավելելով, որ վերանայման արդյունքներով մշակվել է ՀՀ Զինված ուժերի զարգացման 2011-2015թթ միջնաժամկետ պլանը, որը երաշխավորում է ժողովրդավարական եւ քաղաքացիական վերահսկողության հիման վրա պաշտպանության կառավարումը։

Սեյրան Օհանյանը անդրադարձել է ՆԱՏՕ-ի հովանու ներքո իրականացվող միջազգային խաղաղապահ առաքելություններին Հայաստանի մասնակցությանը, նշելով, որ Աֆղանստանում տեղակայված ՀՀ Զինված ուժերի զինծառայողների թիվն աճել է` հասնելով 126-ի. - «Աֆղանստանում անվտանգության ապահովման պատասխանատվության փոխանցման գործընթացի համատեքստում, կոալիցիոն ուժերի ապագա կրճատման գործընթացին զուգահեռ հարկ եղած դեպքում մենք կդիտարկենք ՀՀ ԶՈւ անձնակազմի մասնակցությունը ուսումնական եւ հրահանգչական խնդիրներին վերաուղղորդելու հնարավորությունը»:

ՀՀ պաշտպանության նախարարը գոհունակությամբ արձանագրել է, որ ՀՀ-ՆԱՏՕ համագործակցությունը արդյունավետորեն զարգանում է նաեւ ռազմական կրթության եւ պրոֆեսիոնալ սերժանտական համակարգի զարգացման ուղղությամբ։

Անդրադառնալով Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանը` ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ անթույլատրելի է համարում ոչ մարտական պայմաններում մարդկային զոհերը:

«Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությունը եւ կարգապահության բարձրացումը մեր ամենագլխավոր խնդիրներից է: Այս ուղղությամբ նախատեսում ենք ունենալ կարգապահական նոր կանոնադրություն, դրան են ուղղվում նաեւ սպաների ռազմական կրթության կատարելագործման, պրոֆեսիոնալ սերժանտների ինստիտուտի ներդրման, մարտական պատրաստության բարձրացման, ինչպես նաեւ տեխնիկական միջոցներով հագեցման ջանքերը», - հավելել է Սեյրան Օհանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG