Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստան – ՆԱՏՕ համագործակցությանը նվիրված նիստ` Հյուսիսատլանտյան խորհրդում


Հուլիսի 27-ին Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, տեղի է ունեցել 28+1 ձեւաչափով Հյուսիսատլանտյան խորհրդի նիստը, որին մասնակցել են Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրների դեսպանները:

Հայաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն, նիստին Հայաստանի արտաքին քաղաքական եւ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները հանդես են եկել ելույթներով:

Իր խոսքում նախարար Էդվարդ Նալբանդյանը, անդրադառնալով Հայաստան – ՆԱՏՕ հարաբերություններին, դրական է գնահատել Գործընկերություն հանուն խաղաղության, Անհատական գործընկերության գործողությունների ծրագրերի շրջանակներում հաստատված արդյունավետ փոխգործակցությունը:

Սեյրան Օհանյանն իր ելույթում ներկայացրել է Հայաստանի անվտանգության բնագավառում եւ պաշտպանական համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքն ու հեռանկարները:

Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին ելույթ են ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը, անդամ երկրների շուրջ մեկ տասնյակ ներկայացուցիչներ: Ելույթ ունեցողները բարձր են գնահատել Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացման արդյունքները, Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը, Հայաստանի մասնակցությունը Կոսովոյում եւ Աֆղանստանում իրականացվող խաղաղապահ գործողություններին:

Հյուսիսատլանտյան խորհրդի նիստից առաջ Հայաստանի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Կլաուդիո Բիզոնյերոյի հետ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի եւ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG