Մատչելիության հղումներ

2005-ից մինչեւ այսօր Հայաստանում արձանագրվել է երեխաների թրաֆիքինգի 5 դեպք


Հայաստանում 2009 թվականի ընթացքում արձանագրվել է անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների 43 դեպք: Իսկ 2005-ից մինչեւ այսօր արձանագրվել է երեխաների թրաֆիքինգի 5 դեպք` տուժել է 11 երեխա:

«Երջանիկ մանկության իրավունք» խորագրով Երեւան-Մոսկվա տեսակամուրջը կազմակերպվել էր լրագրողական ակումբներից մեկում: Հայաստանցի եւ ռուսաստանցի մասնագետները խոսեցին իրենց երկրներում երեխաների թրաֆիքինգի դեպքերի մասին ու ներկայացրեցին պաշտոնական ցուցանիշները: Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների լիազոր ներկայացուցիչ Իրինա Վիխրովան ասաց, որ այս ուղղությամբ Ռուսաստանում արձանագրված դեպքերի թիվը հասնում է շուրջ 4500-ի:

«Երեխաների պաշտպանության համակարգի մեխանիզմները մեզ մոտ դեռ ձեւավորման փուլում են: Ռուսաստանում 2003-2009 թվականների ընթացքում կտրուկ աճել է երեխաների դեմ կատարվող հանցագործությունների թիվը: 2009-ից մինչեւ այսօր երեխաների` այդ թվում նաեւ անչափահասների նկատմամբ արձանագրվել է սեռական հանցագործությունների 4500 դեպք»,- ասաց Իրինա Վիխրովան:

Թրաֆիքինգի դեմ պայքարի ռեսուրսային կենտրոնի իրավաբան Դավիթ Թումասյան
Հայաստանում այդ թիվն անհամեմատ ավելի փոքր է: Թրաֆիքինգի դեմ պայքարի ռեսուրսային կենտրոնի իրավաբան Դավիթ Թումասյանն ասաց, որ Հայաստանում 2009 թվականի ընթացքում արձանագրվել է անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների 43 դեպք: Իսկ 2005-ից մինչեւ այսօր արձանագրվել է երեխաների թրաֆիքինգի 5 դեպք` տուժել է 11 երեխա: Թումասյանի խոսքով` քրեական օրենսգրքում 2011-ի մարտի 1-ի դրությամբ կատարվել են փոփոխություններ, որոնք ուժի մեջ են մտել ապրիլի 9-ից: Առանձին հոդվածով նախատեսում է պատասխանատվություն կոնկրետ երեխաների թրաֆիքինգի համար:

Այն երեք նախագծերը, որոնց համահեղինակը Թումասյանն է, վերաբերում են թրաֆիքինգի եւ սեռական հանցագործությունների վերաբերյալ օրենքի փոփոխություններին ու Քրեադատավարական օրենսգրքում փոփոխությունների կատարմանը: Վերջինս նախատեսում է սեռական հանցագործությունների եւ թրաֆիքինգի զոհերի կամ վկաների պաշտպանության ու դատավարական կարգավիճակի փոփոխություն:

«People in Need» չեխական իրավապաշտպան կազմակերպության «Մանկական թրաֆիքինգի կանխարգելումը Հայաստանում» նախագծի ղեկավար Տաթեւիկ Բեժանյանի խոսքով` գործող օրենսդրությունը ներկայացված վերջին կետի առումով, պրակտիկ խնդիր ունի, մասնավորապես` դատական պրոցեսի ընթացքում երեխայի ինքնության գաղտնիության առումով:

«Զոհի անունը պետք է գաղտնի լինի, էտ զոհը պետք ա չերեւա, նրան հետապնդում ա թրաֆիքյորը….բազում հարցեր կան էստեղ: Դատական պրոցեսների ընթացքում, վկա երեխան անգամ դանակահարվեց, որովհետեւ ինքը վկայություն էր տվել: Այս առումով մեր երեխաենրը բավական անպաշտպան են», - ասաց Բեժանյանը:

XS
SM
MD
LG