Մատչելիության հղումներ

Հարազատներն ու երկրպագուները վերջին հրաժեշտը տվեցին բրիտանացի հայտնի երգչուհի Էմմի Ուայնհաուսին


Հարազատներն ու մտերիմները, որոնց թվում են եղել նաեւ պրոդյուսեր Մարկ Ռոնսոնն ու երգչուհի Քելլի Օսբորնը, Էմմիին հրաժեշտ են տվել գերեզմանատանը: Մինչեւ արարողությունը բարեկամները հավաքվել են տեղի սինագոգում, քանի որ Էմի Ուայնհաուսը հրեական ընտանիքից է:

Հիշեցնենք, որ Էմմի Ուայնհասի դին հայտնաբերվել էր Լոնդոնի իր բնակարանում՝ հուլիսի 23-ին: Երգչուհին 27 տարեկան էր, տառապում էր ալկոհոլիզմով եւ թմրանյութեր էր օգտագործում:
Ինչպես հայտնել են ոստիկանությունից, մահվան պատճառն այդպես էլ չի պարզվել:Ամենահավանական վարկածներն են` Էմմին մահացել է կամ թմրանյութերի մեծ չափաբաժին ընդունելու հետեւանքով կամ ինքնասպան է եղել:

Երգչուհին հաճախ էր հայտնվում վերականգնողական կլինիկաներում: Նա միշտ սկանդալների կիզակետում էր, եւ մի անգամ չէ, որ դատվել է:

Էմմի Ուայնհաուսը մեծացել է Լոնդոնի ծայրամասերից մեկում: 10 տարեկանում նա արդեն երգում էր դպրոցական ռեփ-խմբում, 12 տարեկանում հաճախում էր դպրոցի թատերական խմբակ, 14 տարեկանում Էմմին գրում է իր առաջին երգերը: Վատ վարքի համար նույն տարիքում հեռացվում է դպրոցից եւ հենց այդ տարիքում էլ սկսում թմրանյութեր օգտագործել:

1 տարի անց նա սկսում է երգել ջազ խմբերից մեկում եւ կնքում իր առաջին պայմանագիրը EMI-ի հետ:

«Դորիանս» խմբի մենակատար Գոռ Սուջյանը Էմմի Ուայնհաուսի արվեստի գիտակ չէ, սակայն ինչպես ինքը նշեց, անտարբեր լինել նրա երգերի եւ յուրահատուկ ոճի ու ձայնի հանդեպ անհնար է:

«Նա ուներ իր գույնը, տարբերվում էր բոլորից, մեծ էներգետիկա ուներ: Իրեն համակրում էի որպես երաժիշտ, նա նոր էր սկսել եւ չէր վերջացրել իր անելիքը: Գոյություն ունի 27 տարեկանների ակումբ: Այդ տարիքում Ջիմ Մորիսոնն է մահացել, Քուրդ Քոբեյնը, Ջենիս Ջոփլինը, Ջիմի Հենդրիքսը եւ օրեր առաջ` Էմմի Ուայնհաուսը», - ասաց նա:

Ուայնհաուսի առաջին ձայնասկավառակը` «Frank» անվանումով, լույս տեսավ 2003 թվականին: 2007-ին Brit Award մրցանակաբաշխության ժամանակ Ուայնհաուսը հռչակվեց լավագույն անգլիացի երգչուհի:

2006 թվականին լույս տեսավ Back to Black ձայնասկավառակը, որը 2008-ին երգչուհուն բերեց 5 «Գրեմմի» մրցանակ, այդ թվում` լավագույն երգի, լավագույն ձայնասկավառակի համար եւ որպես լավագույն նոր կատարող, ինչից հետո նա գրանցվեց Գիննեսի ռեկորդների գրքում, որպես առաջին եւ միակ բրիտանական երգչուհի, որը միանգամից 5 «Գրեմմի» ստացավ:

Հունիսին Էմմի Ուայնհաուսը չեղյալ էր համարել եվրոպական շրջագայության համերգներն այն բանից հետո, երբ Սերբիայում ձախողել էր իր ելույթը: Բերգրադում ելույթի ժամանակ երգչուհին եղել է հարբած, ճոճվել է ու գրեթե չի կարողացել երգել։ 20 հազար հանդիսականի աչքի առաջ երգչուհին 2 անգամ լքել է բեմը։

Ռեգի ոճում հանդես եկող «Ռեինկառնացիա» խմբի մենակատար Ռոլանդ Գասպարյանի կարծիքով` պետք չէ քննադատել տաղանդավոր մարդկանց արարքներն ու ապրելակերպը. - «Պլաստմասե փոփից դուրս` բոլորիս հետ էլ նման բաներ կարող են պատահել, ինձ հետ էլ է եղել եւ պետք չի տենց զարմանալ ու ասել օ, նա հարբած է»:

Շատ հաճախ, ինչպես ասաց Գոռ Սուջյանը, հայտնի մարդկանց կյանքը դժոխքի են վերածում մամուլն ու պապարացի կոչվածը:

Ռոլանդի համոզմամբ` Էմմիի հաջողության, բազմիցս հանդիսատեսի եւ քննադատների կողմից հավանության արժանանալու գաղտնիքը նրա անձի, երգերի, անկեղծության, յուրահատուկ ձայնի եւ կատարման մեջ էր:

DJ Վակցինայի խոսքով` թեեւ Էմիի երգերը երեւանյան ակումբներում շատ քիչ են հնչում, այնուամենայնիվ, շատ են մարդիկ, ովքեր Էմիի արվեստի մեծ երկրպագուներն են:

Նա նշեց, որ ակումբներում թմրամիջոցների դեմ պայքարի բազմաթիվ ակցիաներ են իրականացնում` փորձելով երիտասարդներին իրենց իսկ լեզվով բացատրել դրանց կործանարար ազդեցությունը:

Ինչպես հաղորդում է «NME» կայքը, Էմմի Ուայնհաուսի ալբոմների վաճառքը վերջին երկու օրվա ընթացքում աճել է 37 անգամ: Նրա երգերն առանձին-առանձին նույնպես մեծ պահանջարկ են ունեցել. դրանց վաճառքն ավելացել է 23 անգամ:

XS
SM
MD
LG