Մատչելիության հղումներ

Իսպանիայում ձերբակալված հանցավոր խմբում հայ կա


Իսպանիայի ոստիկանությունը փողերի լվացման դեմ գործողություն է իրականացրել թմրաբիզնեսի լատինաամերիկյան խոշոր բարոններից մեկի՝ «Դոն Լուչոյի» հանցավոր խմբավորման դեմ: Երեքշաբթի օրը Իսպանիայի ոստիկանությունը հայտնել է, որ 9 մարդ է ձերբակալել, սառեցվել են խմբավորման բանկային հաշիվները:

Reuters գործակալությունը, վկայակոչելով ոստիկանության մամուլի խոսնակին, հաղորդում է, որ ձերբակալվել են 9 կասկածյալ՝ որոնցից 4-ը իսպանացի են, 4-ը կոլումբիացի եւ մեկը` հայ:

Նրանց անունները չեն բացահայտվում, նշվում է, որ ձերբակալվածների թվում է նաեւ թմրաբիզնեսի բարոնի կինը, որը համարվում է խմբի ղեկավարը:

Ոստիկանությունը մեկ այլ հայտարարությամբ հաղորդում է, որ եւս 7 անձի նկատմամաբ միջազգային հետախուզում է հայտարարվել:

Թմրաբիզնեսի կոլումբիացի բարոն Լուիս Ագուստին Կայսեդո Վիլանդիան, նույն ինքը՝ «Դոն Լուչոն», բանտարակված է Միցյալ Նահանգներում: Նա համարվում է Կոլումբիայի թմրաբիզնեսի, թրաֆիքինգի ու փողերի լվացման լայնածավալ ցանցի պարագլուխը: «Դոն Լուչոն» ձերբակալվել է 2010 թվականի ապրիլին Արգենտինայում եւ էքստրադիցիայի ենթարկվել ԱՄՆ, որտեղ դատապարտվել ու բանտարկվել է հարյուրավոր տոննա կոկաին Կոլումբիայից ԱՄՆ տեղափոխելու համար:

Ըստ ոստիկանության՝ 2005-2009 թվականների ընթացքում նրա հանցավոր խմբավորումների ցանցում ավելի քան 1,5 միլիարդ դոլար է լվացվել:

Իսպանիայում հանցավոր խմբավորման կենտրոնը եղել է Իսպանիայի արեւելքում` Վալենսիայում: «Գործը» ղեկավարել է ԱՄՆ-ում բանտարկված թրմաբիզնեսի բարոն Լուիս Վիլանդիայի կինը, որին պաշտպանել ու խորհուրդներ են տվել ամուսնու ընկերները, որոնք նույնպես ձերբակալվածների թվում են:

Նարկոմաֆիայի այս խմբավորումը Իսպանիայում կեղծ ընկերություններ է բացել ու զբաղվել փողերի լվացմամբ, որ ստացել են Կոլումբիայից, Մեքսիկայից եւ Պանամայից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG