Մատչելիության հղումներ

Արտահերթ ընտրությունների անցկացումը «սկզբունքային հարց է»


Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Հայաստանի նախկին վարչապետ, Հայ ազզային կոնգրես ընդդիմադիր միավորման ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանի համոզմամբ` արտահերթ ընտրությունների անցկացումը «չափազանց սկզբունքային հարց է»:

«Ընտրությունները պետք է լինեն արտահերթ` անգամ եթե դրանք նշանակվեն հերթականից ընդամենը 24 ժամ առաջ»,- չորեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Բագրատյանը` հիմնավորելով. - «Որ իմանան, որ գոնե մի օրով եղավ արտահերթ: Այստեղ օրը նշանակություն չունի… «Արտահերթ» նշանակում է, որ հասարակությունը չհամակերպվեց նախորդ կեղծած ընտրությունների հետ»:

Ըստ նախկին վարչապետի անձնական կարծիքի, առնվազն երկու անգամ իշխանությունը սկուտեղի վրա մատուցվել է իրենց, սակայն չեն վերցրել. - «Մեկը ընտրություններից հետո` փետրվարի 19-ից հետո, մեկը` այս տարվա մարտին»:

Իսկ իրենք իշխանությունը չեն վերցրել, քանի որ «լրջագույն արտաքին մարտահրավերներ կային, խիստ մտահոգիչ էին, մասնավորապես, ղարաբաղյան զարգացումները»:

Կոնգրեսը, նրա խոսքով, պատասխանատվություն ունի երկրի առջեւ, ու ներկայումս ընթացող երկխոսությունը մեծապես հենց այդ պատասխանատվությամբ է պայմանավորված:

ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը ասել է, որ եթե մինչեւ սեպտեմբեր արտահերթ ընտրությունների համաձայնեցում չլինի, կլինի առճակատում: Հարցին, թե արդյոք սեպտեմբերին Ղարաբաղին առնչվող մարտահրավերներն այլեւս ուժի մեջ չեն լինելու, Բագրատյանը արձագանքեց. - «ՀԱԿ-ը մտածում է, որ բայց դե ինքը ամեն ինչ արեց, որ այդպես չլինի»:

Հարցին էլ, թե որն է երաշխիքը, որ արտահերթ ընտրությունները չեն կեղծվի, բանախոսը պատասխանեց, թե իշխանության հետ երկխոսության հաջորդ կարեւոր հարցը հենց ազատ եւ արդար ընտրությունների կազմակերպման հստակ ու համոզիչ երաշխիքներն են:

Նրա խոսքով` այն, որ իբր անկախ Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ստեղծել, ընդամենը այսօրվանից Եվրոպայի առջեւ առաջիկա կեղծիքները ինչ-որ կերպ բացատրելու նպատակ ունի: Բայց, ինչպես ձեւակերպեց Բագրատյանը` ով չգիտի, որ ո'չ օմբուդսմենը, ո'չ Փաստաբանների պալատը կամ մյուսները անկախ չեն, եւ բոլորի համար էլ պարզ է, որ ընտրությունների պրոցեսը վերահսկում է «կրիմինալն ու խուժանը, այն էլ` ոստիկանների աջակցությամբ»:

«Առաջարկում ենք, որ այս ձեւականությունները վերացնենք, մենք իմանանք, թե ով է պատասխան տալիս… Մենք առաջարկում ենք, որ դրա պատասխանատուն պետությունն է», - նշեց Բագրատյանը:

Նրա համոզմամբ, արդար ընտրությունների կազմակերպմանը միտված առաջին քայլերից մեկը մեծամասնական ընտրակարգի բացառումն է. - «Մեծամասնական ընտրատարածքները օլիգարխների եւ գողականների համար են: Որեւիցե մեկդ կասկածո՞ւմ եք»:

Գնահատելով Հայաստանի տնտեսության ներկայիս վիճակը` նախկին վարչապետը հայտարարեց. - «Հայաստանում վիճակ չկա ընդհանրապես»:

Նրա խոսքով, ներկայիս կառավարությունը «ունիկալ է», քանի որ «ամեն տարի տնտեսությունը կրճատում է եւ այն էլ` խաղաղության պայմաններում»:

Հիշեցնելով, որ չի կատարվել Սերժ Սարգսյանի նախընտրական խոստումը` 5 տարում կրկնապատկել երկրի համախառն ներքին արդյունքը եւ բյուջեն` Հրանտ Բագրատյանը ասաց. - «Բյուջեն 3 միլիարդ դոլարից իջել է 2 միլիարդ դոլարի»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG