Մատչելիության հղումներ

logo-print

Թուրքիայի վարչապետը ժամանում է Ադրբեջան


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ պատվո պահակախումբը ողջունում են Բաքու ժամանած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին, 17-ը մայիսի, 2010թ.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ պատվո պահակախումբը ողջունում են Բաքու ժամանած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին, 17-ը մայիսի, 2010թ.

Ղարաբաղյան խնդիր, հայ - թուրքական հարաբերություններ ու երկկողմ տնտեսական կապեր. ահա այն օրակարգը, որով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը չորեքշաբթի օրը ժամանում է Բաքու:

«Մենք կշարունակենք ջանքեր գործադրել` տարածաշրջանում կայունությունը վերականգնելու, միաժամանակ` Ադրբեջանի հետ հարաբերությունները է'լ ավելի ամրապնդելու ուղղությամբ», - թռիչքից առաջ օդանավակայանում հայտարարել է Էրդողանը` հիշեցնելով, որ Թուրքիան կողմ է ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը` Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում:

Երկու երկրների ռազմավարական հարաբերությունները եւս մեկ անգամ ընդգծելու համար Էրդողանը նշել է, որ խորհրդարանական ընտրություններից հետո առաջինը այցելել է Կիպրոսի թուրքական հատված, երկրորդ այցը կատարում է Բաքու:

Ակնկալվում է, որ Ադրբեջանի մայրաքաղաքում էրդողանը նախ առանձնազրույց կունենա նախագահ Իլհամ Ալիեւի հետ, ապա հանդիպումը կանցնի ընդլայնված կազմով` դրան կմասնակցեն նաեւ երկու երկրների արտգործնախարարները:

Փորձագետները փաստում են, որ չնայած ռազմավարական ու եղբայրական հարաբերությունների մասին երկու մայրաքաղաքներից հնչող հայտարարություններին, կողմերի միջեւ նաեւ մի շարք տարաձայնություններ կան:

Դրանցից մեկը մի քանի միլիարդ դոլար արժողությամբ «Նաբուկո» ծրագիրն է, որը նախատեսում է ադրբեջանական գազը Թուրքիայի տարածքով տեղափոխել Եվրոպա: Չնայած արդեն մի քանի տարի շարունակվող բանակցություններին` Թուրքիան ու Ադրբեջանը մինչ օրս չեն կարողանում համաձայնության գալ այդ տարանցումն ապահովելու պայմանների շուրջ: «Այս ծրագրից Եվրոպան 10 միլիարդ խորանարդ մետր գազ է ակնկալում, եւ մենք պետք է համաձայնության գանք եւ ճանապարհային քարտեզ մշակենք` այն իրագործելու համար», - այցից առաջ հայտարարել է Էրդողանը:

Տնտեսական ու էներգետիկ խնդիրներից բացի, պաշտոնական Անկարան Ադրբեջանից պահանջում է նաեւ վերացնել Թուրքիայի քաղաքացիների համար գործող վիզային ռեժիմը: Այս խնդրի շուրջ բանակցությունները եւս տեւական ժամանակ է` փակուղի են մտել. պաշտոնական Բաքուն, մասնավորապես, պնդում է, թե Թուրքիային ընդառաջելու դեպքում իր առջեւ նման պահանջ կդնի նաեւ հարեւան Իրանը:

Քաղաքական մակարդակում վիճահարույց է մնում նաեւ հայ - թուրքական հաշտեցման ծրագիրը: Շաբաթներ առաջ Թուրքիա կատարած այցի ընթացքում ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը եւս մեկ անգամ հորդորեց պաշտոնական Անկարային վավերացնել երկկողմ արձանագրությունները: Թեեւ պաշտոնապես այս հորդորին որեւէ արձագանք չհնչեց, այդուամենայնիվ, թուրքական մամուլում տեղեկություններ հայտնվեցին, թե Անկարան մտադիր է կողմերի միջեւ վստահությունը ամրապնդող մի շարք միջոցառումներ ձեռնարկել, այդ թվում` ուղիղ չվերթներ սկսել Երեւանի եւ Վանի միջեւ:

«Հայաստանն ու Թուրքիան ինքնիշխան պետություններ են, եւ մենք նրանց գործերին չենք միջամտում», - այս հաղորդումներից հետո հայտարարել էր Ադրբեջանի արտգործնախարարությունը` ընդգծելով. - «Այդուամենայնիվ, Բաքուն իրեն իրավունք է վերապահում արձագանքել, երբ կոտնահարվեն իր ազգային շահերը»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG