Մատչելիության հղումներ

logo-print
Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, Ազգային ժողովում Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «անհեթեթություն» է համարում հոկտեմբերի կեսերին արտահերթ նախագահական անցկացնելու` Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) պահանջը: Այդ մասին իշխող կուսակցության փոխնախագահը ասաց «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը երեքշաբթի օրը հրապարակեց ներքաղաքական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված լուծումների իր փաթեթը, որտեղ անհրաժեշտ է համարում հոկտեմբերի կեսերին անցկացնել արտահերթ նախագահական ընտրություններ, ապա անմիջապես հետո, սահմանված ժամկետների պահպանմամբ, անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

ՀԱԿ-ը նաեւ առաջարկում է մի շարք փոփոխություններ կատարել Ընտրական օրենսգրքում, որոնք թույլ կտան ապահովել ընտրությունների օրինականությունը:

Արձագանքելով ՀԱԿ-ի` արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու պահանջին, Հանրապետականի փոխնախագահը ընդգծեց, որ երկխոսության ընթացքում Կոնգրեսը կարող է իր օրակարգում նման խնդիր դնել, ինչպես որ իշխանություններն էլ իրենց օրակարգում ներառել են լավ ընտրություններ անցկացնելու մեխանիզմներ մշակելու հարցը: Սակայն, Գալուստ Սահակյանի համոզմամբ, ընդդիմության պահանջը «անհեթեթություն» է, մինչդեռ իշխանությունների բարձրացրած հարցը շահեկան է երկրի համար:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչո՞ւ է անհեթեթ համարում ընդդիմության պահանջը, Սահակյանը արձագանքեց, թե երեք-չորս ամիս է` հիմնավորում է. որովհետեւ, նախ, քաղաքական պայմանը չկա, եւ հետո` չի կարելի մտածել, թե Կոնգրեսը այնքան ուժեղ է, որ կարող է նման ուլտիմատումով հանդես գալ:

«Փորձում են ներկայացնել հասարակությանը, որ այնքան հզոր են, եւ երկրում կարծես թե արդեն երկիշխանություն է, եւ կարող են տալու եւ առնելու բաներ ունենալ: Դա քննարկելի չէ, եւ մեր պետության համար էլ շատ վտանգավոր հարցադրումներ են անում», - հայտարարեց իշխող կուսակցության փոխնախագահը:

«Կարծում եք, նախագահ Սերժ Սարգսյանը չի՞ գնա արտահերթ նախագահական ընտրությունների, վստա՞հ եք», - այս հարցին Գալուստ Սահակյանը պատասխանեց. - «Երբեւիցե նման քննարկում չի եղել մեզ մոտ, որ կարող է որեւիցե անգամ խնդիրներ առաջանան արտահերթ ընտրությունների»:

ՀՀԿ-ի փոխնախագահը նաեւ չի կարծում, թե մինչեւ սեպտեմբեր որեւէ զարգացումներ կլինեն:

«Համենայն դեպս, ես այն քաղաքական գործիչն եմ, որ դա [ՀԱԿ-ի պահանջը] համարում եմ անհեթեթ մտածողության արդյունք», - ամփոփեց Գալուստ Սահակյանը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG