Մատչելիության հղումներ

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամ դառնալու նպատակով հուլիսի 26-ի դրությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին (ԿԸՀ) ներկայացվել է 110 հայտ:

Ընտրատարածքային հանձնաժողովների ձեւավորման գործընթացը մեկնարկել է հուլիսի 15-ից, դիմումները ներկայացնելու վերջնաժամկետը օգոստոսի 1-ն է: Մինչեւ օգոստոսի 15-ը ԿԸՀ-ն պետք է ուսումնասիրի ինքնաառաջադրման դիմումները եւ նշանակի ընտրատարածքային հանձնաժողովների անդամներին` 41 ընտրատարածքային յուրաքանչյուր հանձնաժողովում 7 անդամ: Ընտրատարածքային հանձնաժողովների անդամների լիազորությունների համար սահմանված է 6 տարին: Նոր Ընտրական օրենսգրքով` ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամը չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ, զբաղվել քաղաքական գործունեությամբ:

«Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամ նշանակվելուց հետո նա պարտավոր է դառնալ անկուսակցական», - այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Տաթեւ Օհանյանը:

Օրենսգիրքը ներկայացնում է այլ պահանջներ եւս` բարձրագույն իրավաբանական կրթություն եւ վերջին 5 տարում առնվազն 2 տարվա մասնագիտական ստաժ:

Իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, Պետաիրավական հարցերով խորհրդարանական հանձնաժողովի անդամ Հովհաննես Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե Հանրապետականը բավականին ակտիվ գործունեություն է ծավալում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների ձեւավորման հարցում:

«Հասարակության հետ պետք է որոշակի իրազեկման աշխատանքներ տարվի, որպեսզի իրազեկ լինեն, դիմեն եւ մասնակցեն այս նախընտրական պրոցեսներին», - ասաց Սահակյանը:

Հովհաննես Սահակյանի խոսքով` Հանրապետական կուսակցության խնդիրն է, որ դիմում չներկայացնեն ընտրատարածքային հանձնաժողովների նախկին կուսակցական անդամները:

«Եթե մենք չգնանք այդ ճանապարհով եւ այսօր իսկ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների ձեւավորման այս կարեւոր փուլում որոշակի խախտումներ իրականացնենք, կամ «թայֆաբազությամբ» զբաղվենք, մենք հետագայում ավելի մեծ եւ ավելի լուրջ խնդիրներ կունենանք ընտրությունների հետ կապված», - ասաց պատգամավորը:

Հովհաննես Սահակյանի փոխանցմամբ, Հանրապետականի տարածքային կազմակերպություններն ուղղորդում են այն անձանց, որոնց տվյալները համապատասխանում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամ դառնալու պահանջներին:

«Փորձում ենք նաեւ այն մարդկանց ուղղորդել, ովքեր մաքսիմալ քաղաքական ակտիվություն չեն ունեցել եւ չեզոքությունը պահել են: Մենք ունենք բազմաթիվ հայրենակիցներ, ովքեր այս կամ այն շարժառիթով այդ կուսակցական անդամատոմսը ունեն, բայց ակտիվ քաղաքականությամբ կամ հասարակական գործունեությամբ չեն զբաղվել, ընդամենը, ասենք, որեւէ համայնքի իրավաբան են», - ասաց Սահակյանը:

Ի տարբերություն Հանրապետական կուսակցության ցուցաբերած ակտիվությանը, խորհրդարանում ներկայացված մյուս քաղաքական ուժերն առանձնակի ջանքեր չեն գործադրում: Խորհրդարանում փոքրամասնություն կազմող, ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ «Ժառանգություն»-ը առնչություն չունի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների ձեւավորմանը, քանի որ այդ իրավունքը կուսակցություններին վերապահված չէ: Ընտրական օրենսգրքի քննարկումների ժամանակ «Ժառանգություն»-ը պնդում էր, որ պետք է օրենքով սահմանել կուսակցությունների իրավունքները:

«Սակայն իշխանությունները չանսացին մեր կոչերին եւ պահանջներին եւ համառորեն թողեցին նոր օրենքի այն դրույթը, ըստ որի, իբր արհեստավարժ, բայց իրականում բացառապես իշխանական հանձնաժողովներ պետք է ձեւավորվեն», - ասաց Խուրշուդյանը:

Արտախորհրդարանական ընդդիմությունը նույնպես զերծ է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների ձեւավորման գործընթացից: Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) մամուլի խոսնակ Արման Մուսինյանը դժգոհեց. - «Ընտրական օրենսգրքի վերջին «բարեփոխումների» արդյունքում դրվել են այնպիսի չափանիշներ, որոնք, ըստ էության անհնարին են դարձրել ընդդիմության ներկայացուցիչների ներգրավումը ընտրատարածքային հանձնաժողովներում, որովհետեւ դրանց անդամ կարող են դառնալ բարձրագույն իրավաբանական կրթություն ստացած, վերջին 5 տարում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում 2 տարվա ստաժ ունեցող քաղաքացին, բայց գիտեք, որ ընդդիմության բոլոր համակիրներին աշխատանքից ազատել են կամ ահաբեկել են եւ այլն: Այս պայմաններում, իհարկե, ՀԱԿ-ի համար չափազանց բարդ է»:

Միեւնույն ժամանակ, Արման Մուսինյանն ասաց, թե այս խնդիրը էական նշանակություն չի ունենա արտահերթ ընտրությունների (ՀԱԿ-ի պահանջը իշխանություններից) անցկացման հարցում:

«Երբ տեղի կունենան արտահերթ ընտրություններ, որոնց անցկացումը, բնականաբար, ուղեկցվելու է ընտրությունների ազատությունը, արդարությունը եւ օրինականությունը ապահովող լրջագույն քաղաքական եւ օրենսդրական իրավական մեխանիզմներով, այդ պարագայում, կարծում եմ, այս խնդիրը էական նշանակություն չի ունենա», - կարծում է Մուսինյանը:

Այսօր իշխանության պատվիրակության հետ հանդիպմանը ՀԱԿ-ը իշխանությունների հետ բանակցությունների օրակարգում առաջարկել է` «Կենտրոնական ընտրական եւ ստորադաս հանձնաժողովները ձեւավորել պետության կողմից, որը ստանձնում է ընտրությունների պատասխանատվությունը` դառնալով ընտրական ողջ գործընթացի օրինականության երաշխավորը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG