Մատչելիության հղումներ

Վրաց եկեղեցին օրինական կարգավիճակ է հայցելու Հայաստանում


Երեւանի Նորագավիթ թաղամասի Սուրբ Գեւորգ եկեղեցու տարածքում է գտնվում վրացական համայնքին հատկացված փոքր եկեղեցին: 25 տարի առաջ հայկական կողմն այն օգտագործման է տվել վրացական համայնքին:

Կիրակի օրերին այստեղ ռուսերեն լեզվով պատարագներ է մատուցում ազգությամբ ռուս, Հայաստանի քաղաքացի տեր Ալեքսանդրը:

«Պատարագներին հիմնականում մասնակցում են հայ եւ ռուս ուղղափառները», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում ասաց այժմ Ռուսաստանում գտնվող քահանան:

Նա նշեց, որ Հայաստան գալուն պես կդիմի Հայաստանում Վրաստանի դեսպանատուն, որպեսզի վրաց ուղղափառ եկեղեցուն Հայաստանում իրավական կարգավիճակ տրվի:

Տեր Ալեքսանդրը պատմեց, որ կարգավիճակի հարցով դեռեւս 5 տարի առաջ դիմել էր Վրաց ուղղափառ եկեղեցու կաթողիկոսին, բայց թե հետագայում ինչ ընթացք է ստացել իր դիմումը, ինքը չգիտի

«Ես հավաքել էի համայնքի անդամների ստորագրությունները, տարել էի մեր Վեհափառի [Իլյա կաթողիկոսի] մոտ: Այդ հարցով արդեն պետք է զբաղվեր Վեհափառը Գարեգին Երկրորդի հետ, որպեսզի մենք ստանայինք օրինական կարգավիճակ», - փոխանցեց նա:

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը հունիսին միջեկեղեցական եւ հովվապետական այցելությամբ գտնվելով Վրաստանում` նշել էր, որ վրացական եկեղեցին իրենց նման հարցով չի դիմել: Վեհափառի` Վրաստան կատարած այցի ավարտին որեւէ գրավոր փաստաթուղթ, ինչպես նախապես ենթադրվում էր, չէր ստորագրվել:

Հայաստանի «Իվերիա» վրացական բարեգործական համայնքում լավատես են: Կազմակերպության ղեկավար Սվետլանա Նամչեւաձեն համոզված է, որ երկու հոգեւոր առաջնորդների վերջին հանդիպումն իր արդյունքը կտա ինչպես Հայաստանում վրացական եկեղեցու կարգավիճակի հստակեցման, այնպես էլ Լոռիում գտնվող 5 վանքերի ու տաճարների պատկանելության որոշման հարցի ուղղությամբ:

Հայաստանում շուրջ 600 վրացի է ապրում: Նամչեւաձեի ղեկավարած կազմակերպությունն ավելի քան 200 անդամ ունի, որոնց մեծ մասն ազգությամբ վրացի կանայք են: Ամուսնանալով հայաստանցի տղամարդկանց հետ` Վրաստանից տեղափոխվել են Հայաստան, ընտանիք կազմել ու հաստատվել Հայաստանում:

Նամչեւաձեն ասում է, որ վրացական համայնքը Հայաստանում լուրջ խնդիր չունի. ընդամենը կուզեին, որ Վրաստանի հեռուստաընկերությունները նաեւ Հայաստանում հեռարձկավեին, որպեսզի երիտասարդ սերունդը հնարավորություն ունենար ծանոթանալու պատմական հայրենիքի մշակույթին, պատմությանը: Այս հարցով մի քանի անգամ դիմել են Հայաստանի իշխանություններին, բայց հարցը լուծում չի ստացել:

52 ամյա վրացուհի Լիանա Սամադալաշվիլին եւս այն կարծիքին է, որ վրացական համայնքը Հայաստանում խնդիրներ չունի. - «Ես արդեն մոտ 35 տարի է Հայաստանում եմ, եւ ոչ մի անգամ խտրականության դրսեւորում չեմ նկատել»:

«Իվերիա» վրացական բարեգործական համայնքը, որը 14 տարվա պատմութուն ունի, գործում է Հայաստանի կառավարության կողմից ազգային փոքրամասնություններին հատկացված տարածքում: Հայաստանի կառավարությունը տարեկան 800.000 դրամ է հատկացնում կազմակերպությանը, աջակցում է «Իվերիա» թերթի հրատարակությանն ու մշակութային տարբեր միջոցառումների անցկացմանը:
please wait

No media source currently available

0:00 0:04:58 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG