Մատչելիության հղումներ

Հայաստանում գործում են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական ֆուտբոլային թիմերի ֆան ակումբներ:

Ռոնալդինյոի խաղից տպավորվելով` Արամը 22 տարեկանում դարձավ Բարսելոնա իսպանական ֆուտբոլային ակումբի երկրպագու: Ինչն էլ պատճառ հանդիսացավ, որ դառնա barca.am կայքի հիմնադիրներից: Կայքը գործում է մոտ 8 ամիս: Այն տեղ է զբաղեցնում ամենաայցելվող 30 կայքերի ցուցակում: Ունի օրական մոտ 3000 այցելու, բայց Արամի պնդմամբ, Հայաստանում «Բարսելոնայի» երկրպագուների թիվն ավելի շատ է, քանի որ բազմաթիվ մեծահասակներ կան, ովքեր այդքան էլ ակտիվորեն չեն օգտվում ինտերնետից: Փոխարենը շատ ակտիվ են երիտասարդները:

«Երկրպագուները սովորություն ունեն Բարսայի հիմնը հենց խաղից առաջ երգելու: Երգում են տանը, շատ բարձր: Իրենք շատ հաճախ նաեւ ասում են, որ հարեւաններին արթնացնում են իրենց գոռոցներով», - նշում է Արամը:

Հաղթանակները նշում են ընկերներով սպորտային փաբերում: Հավերժ հակառակորդի՝ Մադրիդի «Ռեալի» նկատմամբ հաղթանակներն էլ, իհարկե, ավելի հաճելի են:

Իսպանական գրանդերից մյուսի՝ Մադրիդի «Ռեալ»-ի Realmadrid.am կայքի հիմնադիրներից Դավիթը մասնագիտությամբ հոգեբան է, բայց աշխատում է որպես սպորտային լրագրող: «Ռեալ»-ին երկրպագում է տասը տարեկանից:

«Ռեալ»-ի երկրպագուների հայկական կայքը հիմնադրվել է 2006 թվականին, այն արտասահմանյան ակումբներին նվիրված առաջին կայքն էր Հայաստանում, իսկ այժմ գտնվում է ամենաայցելվող կայքերի քսանյակում:

«Բարսելոնա»-ի երկրպագուների հետ հարաբերությունների մասին էլ Դավիթն ասում է. - «Մենք աշխատում ենք լավ հարաբերություններ պահպանել, բայց դա երկար ճանապարհ է անցել: Տարին երկու անգամ սուպերկլասիկոյի օրերին Բարսայի երկրպագուների հետ ֆուտբոլ ենք խաղում, ու միշտ չէ, որ դա խաղաղ է ավարտվում: Օրինակ, խաղերից մեկից հետո փողոցում իրար ծեծում էինք: Նման ամոթալի դեպքեր էլ են եղել, բայց հիմա ամեն ինչ անցյալում է»:

Թիմերի երկրպագուները սովորաբար ունեն մի քանի երգեր կամ վանկարկություններ, որոնցով ոգեւորում են խաղացողներին: Բայց, ըստ Դավթի, դա Հայաստանում «չաշխատեց» եւ ոգեւորելու լավագույն ձեւը մնաց «Ռաուլ ջան, խփի, ցավդ տանեմ» արտահայտությունը:

Ավելի կազմակերպված են Հայաստանի հավաքականի երկրպագուները՝ Առաջին հայկական ճակատի անդամները: Այն գործում է արդեն 4 տարի: Ունեն կանոնադրություն, գանձարան, երգացանկ եւ 230 անդամ: Հավաքականին ոգեւորելու վանկարկումներն ու երգերն էլ երբեմն հատուկ են գրում, իսկ երբեմն դրանք ծնվում են հենց մարզադաշտում:

Հավաքականի խաղերը դիտում են միասին:

«Արդեն երկու տարի է խաղերից առաջ հավաքվում ենք Ազատության հրապարակում մի քանի հարյուր երկրպագուներով, միասին երգելով վանկարկումներով շարժվում ենք դեպի մարզադաշտ», - ասում է Առաջին հայկական ճակատի հիմնադիր-ղեկավար խորհրդի անդամ Սերգեյ Ջանջոյանը:

Երկրպագուները նաեւ աջակցում են հավաքականին սփյուռքահայ ֆուտբոլիստներ հայտնաբերելու եւ հավաքականում ներգրավելու գործում:

«Օրինակ, հոլանդական «Այաքս»-ում խաղացող հայազգի Արազ Օզբիլիսի նորամուտը հավաքականում կկայանա օգոստոսի 10-ին Լիտվայի հետ ընկերական խաղում: Նրա հարցերով ժամանակին զբաղվել է մեր Բելգիայի անդամներից մեկը», - ասում է Սերգեյը:

XS
SM
MD
LG