Մատչելիության հղումներ

Հայաստանը .am դոմեյնային անունը ձեռք է բերել 1993 թվականին` հայկական կայքերի կամ հայկական բովանդակություն ունեցող արտասահմանյան կայքերի համար:

Հայկական .am տիրույթում ներկայումս մոտ 16 հազար դոմեյնային անուն է գրանցված, ինչը չի նշանակում, որ այդքան կայքեր գոյություն ունեն, քանի որ կարող են լինել գնված 1000-ավոր դոմեյնային անուններ, որոնք իրականում կայքեր չեն ու բովանդակություն չունեն: Դրանց տերերը պահպանում են անունները` մի օր օգտագործելու կամ վաճառելու նպատակով:

1993 թվականին Հայաստանը առաջին անգամ մասնակցում է համաշխարհային ինտերնետ ֆորումի, որտեղ ձեռք է բերում .am դոմեյնային անունը հայկական կայքերի կամ հայկական բովանդակություն ունեցող արտասահմանյան կայքերի համար:

«Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպության փոխնախագահ Գրիգոր Սաղյանը լավ է հիշում Հայաստանի առաջին քայլերը համաշխարհային սարդոստայնում:

«Մենք հիմնեցինք հասարակական կազմակերպություն, որը դիմեց Համաշխարհային ինտերնետ միությանը եւ մեզ տրվեց am դոմեյնային տիրույթը վարելու իրավունքն ու պարտականությունը», - ասաց Գրիգոր Սաղյանը:

Շատ պետություններ իրենց երկրի դեմեյնային անունը տրամադրելու համար պահանջում են, որ տվյալ անունը գնողը լինի այդ երկրի քաղաքացին, բայց Գրիգոր Սաղյանը բացատրում է, որ am տիրույթի անունների գնորդների նման սահմանափակում իրականացնելը տեղին չէր լինի, քանի որ սփյուռքահայերին հնարավորություն չէր տրվի ստեղծել կայքեր հայկական տիրույթում: .am դոմեյնում անուն գնելու համար այնուամենայնիվ պետք են անձնագրային տվյալները:

Ե՛վ .am տիրույթը, եւ՛ աշխարհի 100-ավոր այլ տիրույթներ ունեն օգտվելու իրենց կանոները: Հայկական տիրույթում, օրինակ, չի թույլատվում տեղադրել մանկական պորնոգրաֆիա, թրաֆիքինգին, ահաբեկչությանը վերաբերող նյութեր, կամ ազգային անվտանգությանը սպառնացող բովանդակություն: Կայքերի հեղինակները կարող են ենթարկվել պատասխանատվության, այդ պատճառով մասնագետները միշտ շեշտում են, որ անհրաժեշտ է զգույշ լինել անձնական տվյալները ինտերնետում հրապարակելիս, հատկապես անձնագրային տվյալները, քանի որ դրանք մեկ ուրիշի կողմից կարող են օգտագործվել, ասենք, դոմեյն գնելիս, ինչպես հայկական պրակտիկայում նախկինում պատահել է:

«.am տիրությում ստեղծվել էին մի քանի կայքեր, որոնք ապատեղեկատվություն էին տարածում… Եվ պարզվեց` այն մարդը, որը որ գրանցել էր անունը, օգտագործել էր կեղծ տեղեկատվություն, դա եղավ հիմք, որպեսզի այդ մարդուն մենք զրկենք այդ դոմեյնային անունից», - ասաց Գրիգոր Սաղյանը:

Յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում` ինչպիսի օրենքներ պետք է գործեն իր դոմեյնում, օրինակ եթե ամերիկյան .com դոմեյնը շատ ազատ է եւ վատ վերահսկվող, ապա կրկին ամեիկյան է .us եւ .gov դոմեյններում գործում են խիստ կանոններ:

Ցանկացած երկիր իրավունք ունի դադարեցնել կայքերի աշխատանքը, երբ անհրաժեշտ է համարում: Այդպիսի դեպք տեղի է ունեցել նաեւ Հայաստանում, երբ 2008 թվականին հետընտրական իրադարությունների հետեւանքով հայտարարված 20-օրյա արտակարգ իրավիճակի ընթացքում փակվեցին որոշ լրատվամիջոցների կայքեր:

Բլոգեր Տիգրան Քոչարյանի կարծիքով` նախ դոմեյնային անվան տարեկան բարձր գինը` 12 հազար դրամ, ապա 2008-ին կայքերը փակելու պետության փորձը, շատերին ետ են պահում .am տիրությում իրենց կայքը ստեղծելուց:

Գրիգոր Սաղյանի տրամադրած տվյալներով` .am տիրույթում գրանցված 16 հազար դոմեյնային անունների կեսը պատկանում են Հայաստանի քաղաքացիներին, մյուս կեսը գրանցվել է ոչ հայաստանաբնակների կողմից:

Իսկ հայկական կայքերի հոսթինգները` հարթակները, որտեղ տեղադրված են .am-ով ավարտվող կամ հայկական բովանդակություն ունեցող այլ դոմեյններում եղած կայքերը, շատ բազմազան են, նշված կայքերի միայն 20 տոկոսն է տեղադրված հայկական հարթակներում:

Հոսթինգի տարեկան միջին արժեքը մոտ 10 հազար դրամ է, այսինքն, տարեկան ծախսելով 22 հազար դրամ, կարելի է ունենալ սեփական կայք:
XS
SM
MD
LG