Մատչելիության հղումներ

logo-print
Իշխանական կոալիցիայի եւ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) պատվիրակությունների միջեւ հուլիսի 26-ին կայացած երկրորդ հանդիպման արդյունքում համաձայնեցվել է երկխոսության օրակարգը:

«Օրակարգը ձեւավորվեց հետեւյալ սկզբունքով. քննարկման ենթակա է հարց, որը ներկայացրել է Կոնգրեսը, առանց որեւէ փոփոխության, առանց որեւէ խմբագրության, եւ քննարկման ենթակա է նաեւ այն հարցը, որը ներկայացրել է մեր աշխատանքային խումբը», - հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ-ի հետ երկխոսելու նպատակով իշխանական կոալիցիայի ձեւավորած աշխատանքային խմբի ղեկավար, իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը:

Օրակարգում ներառված երկու հարցերն են` «Հայաստանում լեգիտիմ իշխանության շուտափույթ ձեւավորման նպատակով արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացում եւ դրանց ազատության, արդարության եւ օրինականության ապահովման անհրաժեշտ միջոցառումները» եւ «Ընտրությունների պատշաճ անցկացման նպատակով քաղաքակիրթ մրցակցությունն ապահովող կանոնների ձեւավորումը»:

Մինչ ընթանում էր Հայ ազգային կոնգրես – իշխանություն երկխոսության հերթական փուլը, Կոնգրեսը հայտարարություն տարածեց, որտեղ որպես քաղաքական եւ սոցիալ-տնտեսական ճգնաժամի հաղթահարման քայլ անհրաժեշտ էր համարել արտահերթ ընտրությունների հարցը, ինչպես նաեւ ընտրությունների օրինականության ապահովման նպատակով 9 կետանոց փաթեթի ընդունումը:

«Մենք առաջարկել ենք նախագահական արտահերթ ընտրություններ անցկացնել հոկտեմբեր ամսին` հոկտեմբերի կեսերին», - լրագրողների հետ հանդիպմանը ընդդիմության առաջարկը մանրամասնեց ՀԱԿ-ի ձեւավորած պատվիրակության ղեկավար, Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը: - «Մենք սա բազմիցս բացատրել ենք, որովհետեւ մեր կարծիքով նախագահական արտահերթ ընտրությունները կստեղծեն լրջագույն երաշխիքներ նաեւ խորհրդարանական ընտրությունների արդար, ազատ եւ օրինական անցկացման համար»:

Լեւոն Զուրաբյանը հավելեց, սակայն որ այսօրվա հանդիպման ընթացքում առաջարկների մանրամասները չեն քննարկվել եւ երկխոսող կողմերը ժամանակը նվիրել են միայն օրակարգի ձեւավորմանը:

Պատասխանելով արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորության վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանի հարցին` Դավիթ Հարությունյանը մի քանի օր առաջ ասել էր` այս փուլում դրա համար համապատասխան հենք չեն տեսնում: Այսօր, կրկին պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին` հնարավո՞ր է, որ որեւէ փուլում տեսնեն այդ հենքը, կոալիցիոն աշխատանքային խմբի ղեկավարը նշեց. - «Մենք, ինչպես եւ հայտարարել ենք, պատրաստ ենք քննարկելու ցանկացած` անգամ ամենասուր հարց: Եթե երկխոսության որեւէ մի կողմ ի սկզբանե հայտարարում է` սա է իմ սահմանները, ես սրանից ավել դուրս չեմ գա, դա երկխոսություն չէ»:

ՀԱԿ-ի պատվիրակության ղեկավար Լեւոն Զուրաբյանը այսօր հայտարարեց, որ իրենց ծրագրերում փոփոխություն չկա, երկխոսության հնարավորությունը սպառված են համարելու սեպտեմբերին: Նա հավելեց, որ եթե արտահերթ ընտրությունների համաձայնեցում չլինի` կլինի առճակատում:

Սրան ի պատասխան, Դավիթ Հարությունյանը նշեց. - «Ես չեմ կարծում, որ դա իրական մտադրություն է, որովհետեւ իմ կարծիքը բանակցող կողմի մասին շատ բարձր է, եւ կարծում եմ, որ եթե անգամ նման հայտարարություն արել են, ապա դա արել են զուտ մարտավարական նպատակներով»:

Դավիթ Հարությունյանի խոսքով, կողմերն այսօր շատ արդյունավետ են աշխատել. բացի օրակարգի համաձայնեցումից քննարկել են նաեւ նախորդ հանդիպումից հետո Հայ ազգային կոնգրեսի տարածած հաղորդագրության հետ կապված հարցերը: ՀԱԿ-ը հատուկ հայտարարությամբ որոշակի պահանջներ էր առաջադրել երկխոսությունը շարունակելու համար: Մասնավորապես, Կոնգրեսը երկխոսության կողմերի հավասարության եւ հասարակության` լիակատար տեղեկատվություն ստանալու իրավունքի ապահովման անհրաժեշտ պայման էր համարել իշխանության հետ երկխոսության շրջանակներում ընթացող իրենց հանդիպումները ուղիղ եթերով հեռարձակելը, պահանջել էր նաեւ վերացնել Հանրային հեռուստաընկերությամբ եւ մյուս հեռուստաալիքներով Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքների մասին իրազեկող նյութերի հեռարձակման արգելքը։

«Որպես կանոն, երկխոսությունների ժամանակ ուղիղ հեռարձակում չի իրականացվում, որովհետեւ դա անմիջապես նվազեցնում է արդյունավետությունը: Կարծես թե, մենք այդ հարցի շուրջ եւս եկանք ընդհանուր եզրակացության», - այս առնչությամբ ասաց Դավիթ Հարությունյանը` հավելելով, թե պայմանավորվածություն է ձեռք բերվել Կոնգրեսի մյուս պահանջների վերաբերյալ փաստերը տրամադրել իշխանական պատվիրակությանը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG