Մատչելիության հղումներ

Հայաստանի շախմատի հավաքականը հաղթանակ տարավ Չինաստանի Նինբո քաղաքում անցկացված աշխարհի թիմային առաջնությունում: Այս տեղեկությունը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պատվավոր նախագահ, ՖԻԴԵ-ի պատվավոր փոխնախագահ Վանիկ Զաքարյանը:

Մրցաշարի վերջին տուրում հայաստանցի շախմատիստները ոչ-ոքի` 2:2 խաղացին Ուկրաինայի հետ եւ հավաքելով 14 միավոր` անհասանելի դարձան մրցակից թիմերի համար:

Աշխարհի առաջնության 9 տուրերում Հայաստանի թիմը 3,5:0,5 հաշվով հաղթել է Իսրայելին, 3,5:1,5 հաշվով` Եգիպտոսին, 2,5:1,5 հաշվով` Չինաստանին, 2,5:1,5 հաշվով` Հնդկաստանին, 2,5:1,5 հաշվով` Հունգարիային եւ ոչ-ոքի` 2:2 ավարտել հանդիպումները ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Ուկրաինայի հետ:

«Տղաները խաղացին իրենց կոչմանը արժանի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Վանիկ Զաքարյանը` շարունակելով. - «Վերջին տարիների բոլոր մրցումներում մեր հավաքականը համարվում է հավակնորդներից մեկը հաղթանակի համար: Այս թիմային առաջնությունում, որը ՖԻԴԵ-ի օրացույցներով Օլիմպիադայից հետո հաջորդ խոշոր մրցաշարն է համարվում, մեր թիմը, իհարկե, համարվում էր հաղթողների հավակնորդ: Հատկապես որ` ուժեղագույն թիմերը բոլոր դեպքերում իրենց առաջատարներով չէին ներկայացել: Ռուսաստանում չկար Կրամնիկը, Հնդկաստանում` Անանդը»:

Վանիկ Զաքարյանը առանձին անդրադարձավ հավաքականի նորեկ, գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանի մասնակցությունը: Մովսիսյանը, հիշեցնենք, նախկինում հանդես էր գալիս Սլովակիայի հավաքականում:

«Դա եղավ նրա ցանկությամբ եւ մեր ֆեդերացիայի ղեկավարության մեծ ջանքերի շնորհիվ: Նրա ներկայությունը մեր թիմին ավելի մեծ ամրություն տվեց: Չէի ուզենա ասել, որ նա ամենալավը հանդես եկավ, բայց ասեմ, որ նա երկրորդ խաղատախտակի վրա իր արդեն բարձր (2700-ից բարձր) շախմատային գործակիցը այս մրցաշարում բարձրացրեց 14 պունկտով, որը շատ եզակի դեպք է», - ասաց Զաքարյանը:

Աշխարհի առաջնությունում բարձրացել է նաեւ գրոսմայստեր Լեւոն Արոնյանի վարկանշիը:

«Լեւոնը մտնում է երեք շախմատիստների մեջ, որոնց գործակիցը 2800-ից բարձր է` Մագնուս Կարլսոնը, Անանդը եւ երրորդը ինքն է: 2800-ից հետո գործակիցը բարձրացնելը դժվար գործ է: Արոնյանը 3 պունկտով բարձրացրեց», - նշեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պատվավոր նախագահը:

Հարցին, թե ինչպիսին էին մրցակից թիմերը` իրենց պատրաստվածությամբ, Զաքարյանը պատասխանեց. - «Պրակտիկորեն բոլոր ուժեղագույն թիմերը կային` Ռուսաստանը կար, Ուկրաինան կար, Իսրայելը կար, Չինաստանը կար»:

Հայաստանի հավաքականը 9-ը խաղից 4-ում գրանցել է ոչ-ոքի եւ հաղթել է 5-ում. - «Միավորները 22,5 են հավաքել: Դա շատ բարձր արդյունք է»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG