Մատչելիության հղումներ

Հուլիսի 26-ի մամուլ


«Հրապարակ»-ի խմբագիրը գրում է. - «Ջերմուկում այս տարի, անցած տարվա համեմատ, բավականին պակասել է հանգստացողների քանակը: Առողջարանային քաղաքի գլխավոր հանգստավայրը՝ «Արմենիան», մեկ երրորդով է ծանրաբեռնված, ինչն այս սեզոնի համար այնքան էլ բնական չէ: Ինչի՞ մասին է սա խոսում: Անշուշտ՝ մեր ժողովրդի սոցիալական վիճակի, տնտեսության հետընթացի, արտագաղթի, ընդհանրապես՝ երկրում առկա համընդհանուր ճգնաժամի մասին: Երբ տարվա լավագույն շրջանում մեր հատուկենտ հանգստավայրերում թափուր է, կնշանակի մենք լավ չենք ապրում եւ ամռանը հանգստանալու կամ փող չունենք, կամ՝ սիրտ ու հավես: Վստահ եմ՝ այս տարի արտերկիր ու վրացական ծովափ մեկնողների քանակն էլ է նվազել: Պարզապես մեր մի քիչ ամոթխած, մի քիչ ստախոս իշխանությունը շատ բան է թաքցնում հասարակությունից եւ ճշգրիտ թվեր ու տվյալներ չի հրապարակում, վիճակի իրական վերլուծություններ չի անում»:

«Հայոց Աշխարհ»-ը զրուցել է ՀԱԿ-ի հետ երկխոսություն վարող կոալիցիոն աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Արդեն բազմիցս է ասված, որ երկխոսության օրակարգում կարող է ընդգրկվել ցանկացած հարց: Ինչպե՞ս է հնարավոր արտահերթ ընտրությունների հարցի քննարկումը»: Պատասխան. - «Յուրաքանչյուր հարցի քննարկման ընթացքում միայն կարող է պարզվել, թե ինչ արդյունք կարող ենք ակնկալել: Իրոք, մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած հարց, այդ թվում՝ նաեւ արտահերթ ընտրությունների հարցը: Եթե ՀԱԿ-ը ներկայացնի նման պահանջ, ապա այն կքննարկենք: Չեմ կարող գուշակել, թե իրենք ինչ արդյունք են ակնկալում այդ հարցի քննարկումից, բայց նաեւ իրենցից է կախված, թե մինչեւ ՀԱԿ-ի առաջիկա հանրահավաքը այդ քննարկումներն ինչ արդյունքի հասած կլինեն»: Հարց. – «Կոալիցիայի աշխատանքային խումբը ունի՞ այնպիսի առաջարկ, որն ընդունելու դեպքում ՀԱԿ-ը կհրաժարվի արտահերթ ընտրությունների պահանջից»: Պատասխան. - «Արտահերթ ընտրությունների պահանջից հրաժարվելը կարող է լինել երկխոսության, քննարկումների արդյունք: Երկխոսության հարթակը այնպիսին է, որտեղ կողմերը կարող են ներկայացնել իրենց բոլոր պահանջները, բայց քննարկումների արդյունքում հանգեն փոխադարձ ընդունելի այլ եզրակացության»:

«Երկիր» թերթի խմբագրականում կարդում ենք. - «Իշխանությունը հետեւողականորեն զարգացնում է այն գաղափարը, թե «արմատականների» հետ նորովի շփումներ սկսելով մեզանում երկխոսության վրա հիմնված քաղաքական նոր տիպի մշակույթ է ձեւավորվում: Այնպիսի տպավորություն է, կարծես թե հայաստանյան իրականությանը բացարձակապես խորթ է «երկխոսություն» ասվածը, քաղաքական ուժերի միջեւ հարաբերությունները միշտ կրել են քաղաքակրթությունից հեռու ինչ-որ կատեգորիաներ: Գուցե նախկինում առանձին ուժերի միջեւ հարաբերությունները բնութագրվել են առավել սուր ու անհանդուրժողական դրսեւորումներով, սակայն հենց երկխոսության հենքի վրա են ձեւավորվել կոալիցիաներ, քաղաքական բլոկներ եւ այլն: Ավելին` նախկինում իրական երկխոսությունը շատ ավելի բաց էր, թափանցիկ, արժանապատիվ եւ զերծ շոուին բնորոշ տարրերից»:

«Չորրորդ ինքնիշխանություն» թերթի մեկնաբանը գրում է. - «Վարչապետ Տիգրան Սարգսյանը մի երկու օր առաջ անդրադարձել է Հայաստանից կապիտալի արտահոսքի խնդրին: Ու գիտե՞ք թե ինչ է ասել: Դե մենք, ասել է, լիբերալ տնտեսական քաղաքականություն ենք վարում, հո չե՞նք կարող արգելել կապիտալի արտահոսքը: Այսինքն` այդ մարդու ուղեղը արգելել-չարգելելուց բացի այլ ուղղությամբ չի աշխատում: Նրա մտքով չի էլ անցնում, որ պետք է ոչ թե արգելել կապիտալի արտահոսքը, այլ այնպիսի պայմաններ ստեղծել, որ Հայաստանում բիզնեսով զբաղվելը շահավետ լինի, ու մի բան էլ ուրիշ երկրներից գումարներ ներդրվեն Հայաստանում: Կամ որպեսզի արդարացնի կապիտալի արտահոսքը Վրաստան, ասում է` բա գիտե՞ք, մենք ուսումնասիրել ու պարզել ենք, որ Վրաստանում բիզնեսներ հիմնելու բոլոր ծրագրերը տնտեսապես հիմնավորված են: Այսինքն, ուզում է ասել` Հայաստանը դեռ այն վիճակում չէ, որ բոլորը փողերն առնեն ու գլխապատառ փախչեն երկրից, մանրամասն հաշվում են, հետո են հեռանում: Հայաստանի «տնտեսությունն» այսօր ունի երկու բաղադրիչ. հանքաքարը հանեցինք-ծախեցինք, դրսից ապրանք բերինք-ծախեցինք: Վերջ: Ո՞ւմ են պետք Օքսֆորդի շրջանավարտները. պիտի «ֆուռերի» ծավալնե՞րը չափեն, թե՞ մրցակիցներին «սամասուդ անեն» նանոտեխնոլոգիաների կիրառմամբ»:

«Ժամանակ»-ի զրուցակիցը Եվրոպական քաղաքականության կենտրոնի վերլուծաբան Ամանդա Փոլն է: Լրագրողը հարցնում է. - «Ինչպե՞ս եք գնահատում ղարաբաղյան բանակցային գործընթացը Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումից հետո»: Պատասխան. - «Կազանի հանդիպումը ծրագրվածին համաձայն չընթացավ: Դա շատ հուսահատեցնող էր, որովհետեւ միջազգային հանրությունը մեծ հույսեր էր կապում այդ հանդիպման հետ` կարծելով, որ հիմնարար սկզբունքների շուրջ որեւէ առաջընթաց կլինի, ինչը տեղի չունեցավ: Բանակցությունները կրկին բացասական ուղղությամբ են զարգանում, եւ Հայաստանն ու Ադրբեջանը իրար են մեղադրում հանդիպման ձախողման մեջ»:
please wait

No media source currently available

0:00 0:04:24 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG