Մատչելիության հղումներ

Բրեյվիկը կանգնել է դատարանի առջեւ


Նորվեգիա - Ահաբեկչության մեջ մեղադրվող Անդերս Բրեյվիկը:
Նորվեգիա - Ահաբեկչության մեջ մեղադրվող Անդերս Բրեյվիկը:

Արդեն երրորդ օրն է՝ աշխարհի ամենախաղաղ երկրներից մեկը համարվող Նորվեգիան ցնցված է ողբերգությունից, որն ամենաարյունալին էր երկրում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր։

Երկուշաբթի կեսօրին Նորվեգիայում, ինչպես նաեւ սկանդինավյան մյուս պետություններում մեկ րոպե լռությամբ հարգել են կրկնակի ահաբեկչության զոհերի հիշատակը։ Դրանից մեկ ժամ անց 32-ամյա Անդերս Բրեյվիկը՝գործով այս պահին անցնող միակ կասկածյալը, կանգնել է դատարանի առջեւ։

Չնայած վերջինիս ցանկությանը՝ նիստը որոշել են դռնփակ անցկացնել, եւ այս պահին, ըստ էության, վերջինիս մասին պատմող միակ փաստագրական վկայությունը նրա օրագիրն է, որը հենց ինքն էլ տեղադրել էր ինտերնետում՝ ահաբեկչություններից մի քանի ժամ առաջ։

Շուրջ 1500 էջանոց այսպես կոչված «Եվրոպայի ազատագրման» մանիֆեստը Բրեյվիկը գրել է տարիներ շարունակ, որտեղ էլ հենց արձանագրել է իր ծայրահեղական գաղափարները, զենք-զինամթերք ձեռք բերելու, ռումբ պատրաստելու մանրամասներն ու անձնական ապրումները։

Ընդ որում, օրագրից դատելով, Բրեյվիկը այնքան տարված է եղել իր գաղափարներով ու ծրագրերով, որ անտեսել է այդ ահաբեկչությունների արդյունքում հնարավոր ավերածություններն ու կորուստները։

Անձնական կյանքի մասին հուշերում Բրեյվիկը պատմել է մահմեդական ներգաղթյալների հետ ունեցած իր շփումների, նրանցից ստացած վիրավորանքների մասին, թեեւ հիշատակել է նաեւ, որ նրանց շրջանում ունեցել է նաեւ ընկերներ։ Որոշել է համալսարան չընդունվել, զբաղվել է ինքնակրթությամբ, տեւական ժամանակ ճանապարհորդել է, եղել է եվրոպական երկրներում, Փղոսկրի Ափում, Թուրքիայում ու Միացյալ Նահանգներում։

Բրեյվիկը օրագրում պնդում է, թե պատկանում է մի քանի հարյուր մարդուց բաղկացած եվրոպական ազգայնականների «Խաչակիրների խմբին», որի անդամները մինչեւ 2083 թվականի սեպեմբերի 11-ը պետք է ազատագրեն Եվրոպան:

Նշենք, որ օրը պատահական չէ. 1683 թվականին սեպտեմբեր 11-ին՝ Վիեննայի ճակատամարտում, Եվրոպան հաղթանակեց ու վերջ տվեց Օսմանյան կայսրության առաջխաղացմանը, եւ ահա, սրանից ուղիղ 400 տարի անց, ըստ Բրեյվիկի, երկրագնդի ամենահին մայրցամաքը կրկին պիտի տոնի իր հաղթանակը։

«Մենք պայքարում ենք հանուն բնիկ եվրոպացիների` պահպանելու համար մեր մշակույթը, մեր ինքնությունը, մեր պետությունն ու քրիստոնեությունը», - գրել է Բրեյվիկը՝ պնդելով, որ մահմեդականների հետ «երկխոսելու ժամանակն արդեն սպառվել է»։

Մանիֆեստում Բրեյվիկը ներկայացրել է նաեւ իր երկարաժամկետ ու կարճաժամկետ նպատակները՝ Եվրոպայից ամենավերջին մահմեդականի արտաքսումից մինչեւ Կոնստանդնուպոլսի ազատագրումը, Մեծ Հայաստանի, Հունաստանի ու Սերբիայի վերականգնումը։ Ըստ Բրեյվիկի, Բոսնիան ու Ալբանիան պետք է քարտեզից դուրս թողնվեն, թուրքերը բնակվեն միայն Կենտրոնական Անատոլիայում եւ պատասխան տան հայերի ցեղասպանության համար։

Հայերի, նրանց բնաջնջման ու Մեծ Հայքի վերականգնման հարցը բավական հաճախ է հանդիպում Բրեյվիկի օրագրում, մանրազնին ներկայացված են ոչ միայն Պարսկաստանի, Օսմանյան կայսրության տիրապետության տակ հայերի կրած տառապանքները, այլեւ ղարաբաղյան պատերազմն ու դրա հետեւանքները։

«Խաչակրաց արշավանք՝ Ալ-Ղաիդայի մեթոդներով», - փաստել է իտալական «Կորիերա դե լա սերա» պարբերականը՝ ընդգծելով, որ մանիֆեստում բազմաթիվ ընդհանրություններ կան մահմեդական ծայրահեղական խմբավորումների գաղափարախոսությունների հետ:

Արեւմտյան գերտերությունները, ինչպես նաեւ Հայաստանը խստորեն դատապարտել են Նորվեգիայում անցած շաբաթավերջին տեղի ունեցած ահաբեկչությունները:

Օսլոյի քաղաքային դատարանում երկուշաբթի երեկոյան ավարտվել է Բրեյվիկի գործով դատավարության առաջին նիստը: Այն տեւել է շուրջ 35 րոպե:

Դատարանի դահլիճում Բրեյվիկն ընդունել է, որ ինքն է ահաբեկչական հարձակումներն իրականացնել, սակայն հայտարարել է նաեւ, որ իրեն մեղավոր չի համարում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG