Մատչելիության հղումներ

Արամ Սարգսյանը վստահ է, որ իշխանությունը կգնա արտահերթ ընտրությունների


«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը:
«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը:

Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում վստահություն հայտնեց, որ ՀԱԿ-ի հետ երկխոսության ընթացքում իշխանությունը կհամաձայնի անցկացնել արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ:

«Վերջին շրջանի զարգացումները` սկսած Ազատության հրապարակից, Մարտի 1-ի փակված էջը բացելուց, քաղբանտարկյալներին ազատ արձակելուց… բերում են նրան, որ այս գործընթացները տեղի են ունենում: Այդ գործընթացները ես չեմ համարում իշխանության պարտություն: Ընդհակառակը` ես համարում եմ նրա հաղթանակը: Իշխանությունը սկսում է հասկանալ, որ այդպես չանելը իր մեջ շատ մեծ վտանգ կպարունակի: Ուստի ես, այո, համոզված եմ, որ այդ վտանգներից խուսափելու համար իշխանությունը գնալու է արտահերթ ընտրությունների` թե' նախագահական եւ թե' խորհրդարանական», - ասաց նա:

Նախկին վարչապետի խոսքով` ժամանակն աշխատում է երկրի դեմ` կա Ղարաբաղի խնդիր, կան սոցիալ-տնտեսական բարդագույն հարցեր, եւ նրա կարծիքով, դա հասկանում է նաեւ իշխանությունը. - «Թե' մեզ, թե' իրենց հստակություն է պետք»:

Արամ Սարգսյանը հաստատեց, որ Կոնգրեսի ամրագրած վերջնաժամկետը մնում է ուժի մեջ` եթե մինչեւ սեպտեմբեր արդյունքներ չգրանցվեն, իրենք իրենց անելիքը գիտեն. - «Խնդիրները չափից ավելի լուրջ են: Պետք է ամեն ինչ արվի, որպեսզի այս երկխոսությունը ոչ թե ժամավաճառության վերածվի, այլ ռեալ արդյունքներ տա, եւ այդ արդյունքները տա մինչեւ սեպտեմբեր ամիսը: Հիմնական խնդիրները, որոնք ծառացել են այսօր երկրի առաջ, մեզ որեւէ մեկիս սպասելու, բարի ու ներողամիտ լինելու հնարավորություն չեն տալիս: Հասարակությունը այլեւս համբերելու տեղ չունի: Այդ հասարակությունը աշնանը կարող է մեզ էլ չլսել»:

Իսկ աշնանը, իշխանությունը, եթե չգնա արտահերթ ընտրությունների, փակուղու առաջ կհայտնվի. - «Այդ մեծ զանգվածի ներկայությունը հրապարակում, իսկ աշնանը այդ զանգվածը այդպիսին է լինելու` եթե ջրբաժան եղավ… Ոստիկանական ուժերից զատ, զինված ուժեր, բանակ մտցնելը անհնարին կդառնա` արաբական երկրներից հետո: Հետեւաբար իշխանությունը հայտնվելու է լուրջ փակուղու մեջ, եւ հայտնվելով այդ փակուղու մեջ, ամբողջ երկիրն է դնելու այդ փակուղու մեջ: Ինչի իրավունքը մենք չունենք, որովհետեւ Ղարաբաղի խնդիր ունենք»:

Արամ Սարգսյանի համոզմամբ, երկրում քաղաքական որոշումները կայացնում է միայն Սերժ Սարգսյանը: Հարցին, թե որքանով է անհրաժեշտ, որ երկխոսության որեւէ փուլում միմյանց հանդիպեն Սերժ Սարգսյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդը պատասխանեց, թե այդպիսի հանդիպումը կոալիցիայի ներկայացուցիչների մոտ երկիշխանության զգացողություն կառաջացնի: Նա համոզմունք հայտնեց, որ նման հանդիպում կկայանա, եթե համաձայնություն ձեռք բերվի արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու շուրջ, իսկ եթե համաձայնությունը լինի արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ, հանդիպումը տեղի չի ունենա:

Նրա խոսքով, Կոնգրեսը Լեւոն Տեր-Պետրոսյանից բացի, նախագահի այլ թեկնածու չունի. - «Երբեք չի քննարկվել այլընտրանք: Չի եղել նման հարց»:

Արամ Սարգսյանը անդրադարձավ նաեւ Ռոբերտ Քոչարյանի` քաղաքականության վերադառնալու մասին շրջանառվող լուրերին: Նրա կարծիքով, Հայաստանում չկա որեւէ քաղաքական ուժ, որը կցանկանա ընտրության գնալ Ռոբերտ Քոչարյանի հետ:

«Դա հիմնականում բնորոշ է հանրապետականներին: Իրենք փորձում են Ռոբերտ Քոչարյանով վախեցնել մեզ… Թե` մի ուզեք նախագահի փոփոխություն կամ վարչապետի փոփոխություն կամ իշխանության փոփոխություն, որովհետեւ կակտիվանա Ռոբերտ Քոչարյանը», - հավելեց Արամ Սարգսյանը:
please wait

No media source currently available

0:00 0:05:07 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG