Մատչելիության հղումներ

Երեւանի կրկեսի դռները կփակվեն 2 տարով


Այսպիսին կլինի Երեւանի կրկեսը հիմնանորոգումից հետո:

Այսպիսին կլինի Երեւանի կրկեսը հիմնանորոգումից հետո:

Բացի շինության վերակառուցումից, թարմացվելու է նաեւ տեխնիկական բազան: «Մենք վաղուց էինք սպասում, որ վերջապես կգա մի օր, երբ մենք` կրկեսի աշխատողներս, մեզ լավ կզգանք: Երկար տարիներ աշխատում էինք, բայց աշխատանքային պայմանները չեն համապատասխանել ժամանակակից ռիթմերին»:

Վերանորոգման 2 տարիների ընթացքում չի դադարի աշխատել Լեոնիդ Ենգիբարյանի անվան կրկեսային ստուդիան: Մտածում են նաեւ կրկեսի աշխատողների զբաղվածությունն ապահովելու ուղղությամբ. - «Խոսակցություն կա, որ կարող է ձեռք բերենք շրջիկ կրկես: Մենք տարբերակներ ենք փնտրում, որպեսզի կրկեսի գործունեությունը չկանգնի»:

Կրկեսի տնօրեն Հովհաննես Գասպարյանը նշեց, որ պահպանվելու են կրկեսի չափսերը, բայց փոխվելու են երեսպատման քարերն ու ապակիները` միեւնույն ժամանակ պահպանելով հայկական ճարտարապետության շունչը:

Ավելի քան 30 աշխատող ունի կրկեսը, որոնք շարունակելու են վարձատրվել առաջիկա 2 տարիների ընթացքում, իսկ կենդանիների մեծ մասը այդ ընթացքում կենդանաբանական այգում են պահվելու:

Արմեն Ադունցի աշխատանքը կրկեսում կապված է ուժային համարների եւ օձերի հետ: «Ունեմ 3 մեծ օձ, որոնցից ստացել եմ արդեն 10 ձագ: Իմ ամենասիրելի օձի անունը Հրաչուհի է: 3 տարեկան է, մոտ 20 կգ է կշռում»:

Օձերը մեծ խնամք են պահանջում. նրանց համար կարեւոր է ջերմաստիճանի եւ սննդի ապահովումը: «Օձը տաքացնողին է խայթում» ասացվածքը Արմենի պարագայում դեռեւս չի գործել:

Կրկեսի վերջին 2 ներկայացումները բարեգործական էին: Հուլիսի 31-ին վերջին անգամ կրկեսում կանցկացվի ներկայացում: Օգոստոսից կփակվեն կրկեսի դռները հանդիսատեսի առջեւ` 2 տարի հետո, նոր եւ ժամանակակից կրկեսով ներկայանալու պայմանով:

XS
SM
MD
LG