Մատչելիության հղումներ

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը, ով հայաստանյան այն հինգ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից էր, ում անցած շաբաթ ընդունել էր Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, կարծում է, որ թուրքական քաղաքականությունը Հայաստանի հանդեպ փոխվել է:

Հայաստանյան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, հիշեցնենք, անցած շաբաթ Թուրքիամ մասնակցել են տեղի վերլուծական կենտրոններից մեկի` TEPAV-ի կազմակերպած համաժողովին:

Երկուշաբթի օրը Երեւանում հրավիրած ասուլիսում Կիրակոսյանը ասաց, որ Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպումն իրենց համար անակնկալ էր` նշելով, որ մոտ 45 րոպե տեւած այդ հանդիպման ժամանակ թուրքական կողմը պատրաստակամորեն լսել է իրենց` բավականին կոշտ դատողությունները Հայոց ցեղասպանության փաստի վերաբերյալ:

«Հավանաբար, սա փոփոխություն է թուրքական քաղաքականության մեջ, որովհետեւ մեզ թույլ տրվեց քննադատել թուրքական կառավարության քաղաքականությունը Հայոց ցեղասպանության մերժման հարցում: Այլ կերպ ասած` Ցեղասպանության խնդիրն ավելի մեծ խնդիր է Թուրքիայի համար, քան մեզ համար կամ որեւէ մեկի: Եվ հիմա սա հրամակայան է Թուրքիայի եւ միայն Թուրքիայի համար` ընդունել այն, ինչ ողջ աշխարհը գիտի, որ Հայոց ցեղասպանությունը իրոք տեղի է ունեցել», - հայտարարեց Կիրակոսյանը:

«Ուշագրավ է նաեւ ժամանակը, երբ որոշվեց կազմակերպել Թուրքիայի արտգործնախարարի հանդիպումը հայաստանյան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ», - շարունակեց Կիրակոսյանը: - «Որովհետեւ դա տեղի ունեցավ Թուրքիայում ԱՄՆ պետքարատուղարի հետ Դավութօղլուի ունեցած հանդիպումից մեկ կամ երկու օր հետո, եւ տեղի ունեցավ նույն օրը, երբ Դավութօղլուն հանդիպեց ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության պետի հետ, ինչը նշանակում է, թե մեր հանդիպումը Թուրքիայի կողմից քայլ էր` ցույց տալու աշխարհին, որ Անկարան առնվազն փորձում է կենդանի պահել հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը: Կարծում եմ` կար PR-ի խնդիր, եւ հենց այդ պատճառով էլ հայկական կողմը պետք է զգույշ լինի` ծուղակում չհայտնվելու համար»:

Նրա տպավորությամբ` հիմա Թուրքիան ցանկանում է ընդունել այն, որ «իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ լիովին ձախողվել է»` փաստարկելով. - «Փակել սահմանները, հրաժարվել նորմալ հարաբերություններ հաստատել` դա այլեւս քաղաքականություն չէ: Ե'վ Թուրքիայի, ե'ւ Ադրբեջանի համար այդ քաղաքականությունը ոչ մի օգուտ չբերեց, ընդհակառակը` Հայաստանին դարձրեց ավելի ուժեղ»:

«Բայց միեւնույն ժամանակ, մենք պետք է սպասենք Հայաստանին թուրքական կողմից ուղղված նոր փորձություններ եւ մարտահրավերներ: Եվ ձախողված քաղաքականությունն ուղղելու առումով մենք կարող ենք նոր զարգացումների ականատեսը լինել», - ընդգծեց Կիրակոսյանը` շարունակելով. - «Եվ մենք արդեն տեսնում ենք նոր զարգացումներ` ավելի քան եկեղեցիների վերականգնման գործընթացը: Մենք տեսնում ենք, որ թուրք գործարարների մի խումբ ժամանեց Երեւան, եւ հայտարարվեց, որ Երեւանի ու Վանի միջեւ օդային կապ հաստատելու ծրագրեր կան»:

Փակելով հայ-թուրքական հարաբերությունների թեման` Ռիչարդ Կիրակոսյանն ավելացրեց, թե առաջիկայում թուրքական կողմից հնարավոր են նոր «փոքր քայլեր»` ուղղված Հայաստանին, որոնք միաժամանակ պետք է օգնեն Անկարային հասկանալու, թե արդյոք Ադրբեջանն աստիճանաբար կընդունի՞ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը:

«Սակայն ես Թուրքիայում չեմ տեսնում քաղաքական կամք` Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունները ներկայում կարգավորելու համար: Կարծում եմ` Թուրքիան փոխել է իր ժամանակը եւ ներկայումս այն գործում է` ի նկատի ունենալով 2015 թվականը` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Եվ որպես վերլուծաբան ես որեւէ փոփոխություն չեմ սպասում` մինչեւ գալիք տարի կամ մինչեւ 2013թվականը»,- եզրափակեց Կիրակոսյանը:

Նա անդրադարձավ նաեւ ղարաբաղյան խնդրին` նշելով, թե պետք է սպասել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը նոր ճնշումներ կբանեցնի կողմերի վրա եւ միաժամանակ ավելացրեց, թե Ադրբեջանի դիվանագիտությունը Կազանում չաշխատեց` ԵԱՀԿ Մինսկի խումբը չենթարկվեց Ադրբեջանի ճնշումներին ու կազանյան բանակցությունները տապալվեցին:

«Բայց դիվանագիտական որոշ աղբյուրների համաձայն, Մոսկվայից ուղարկված նամակը ավելի շատ արտացոլում է ադրբեջանական կողմի դիրքորոշումը, քան հայկական կողմի: Ուստի ժամանակ է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունն ամուր լինի: Սակայն ես անձնապես որեւէ «ճեղքում» կամ փոփոխություն Ղարաբաղի հարցում չեմ սպասում», - նշեց Ռիչարդ Կիրակոսյանը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG